11:55 , 10 հունվար, 2014Այս լուսանկարների շարքում ներկայացված են շնորհալի լուսանկարիչ Մահեշ Բալասուբրամանիանի սքանչելի լուսանկարները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև Բալասուբրամանիանի հետ անցկացված հարցազրույցներից մեկը:
-Մի փոքր պատմեք ձեր մասին:
Ես Մահեշն եմ՝ Չեննայ քաղաքից: Ավելի քան հինգ տարի է, ինչ զբաղվում եմ լուսանկարչությամբ: Ես ամենից շատ սիրում եմ լուսանկարել մարդկանց, բնապատկերներ և փողոցային տեսարաններ: Ես օրեցօր նոր բաներ եմ սովորում՝ այլ լուսանկարիչների աշխատանքներն ուսումնասիրելով:
-Ինչպե՞ս որոշեցիք զբաղվել լուսանկարչությամբ:
-Ես դեռևս ուսանողական տարիներից էի հետաքրքրվում լուսանկարչությամբ, սակայն մինչև 2008 թ. մտքովս էլ չէր անցնում, որ կարող եմ լրջորեն զբաղվել դրանով: Դա պարզապես հոբբի էր ինձ համար: 2008 թ.-ին ես սկսեցի ավելի շատ ժամանակ տրամադրել իմ հոբբիին: Ես լուսանկարում էի այն ամենը, ինչ գեղեցիկ էի համարում: Ես հանգստություն էի գտնում լուսանկարչության մեջ: Ներկայումս ես առանց ֆոտոխցիկի դուրս չեմ գալիս տնից:
-Ի՞նչ հիշարժան պահեր են եղել ձեր լուսանկարչական գործունեության ընթացքում:
-Իմ լուսանկարչական գործունեության ընթացքում բազում հիշարժան պահեր են գրանցվել: Յուրաքանչյուր լուսանկարի հետ քաղցր հիշողություններ են կապված: Մասնավորապես հիշարժան էր իմ ուղևորությունը դեպի Կերալա: Ես որոշ չափով հասկանում էի տեղացիների լեզուն, սակայն չէի կարողանում տեղացիների հետ լավ խոսել այդ լեզվով: Հետաքրքիրն այն է, որ մենք իրար հասկանում էինք առանց խոսքերի: Ես մեծ հաճույք ստացա այդ զվարճալի ուղևորությունից:
-Ի՞նչն է ձեզ համար ներշնչանքի աղբյուր ծառայում:
-Ես տեսել եմ բազմաթիվ սև-սպիտակ լուսանկարներ, որոնք ինձ ոգեշնչել են: Ես հիանում եմ այնպիսի լուսանկարիչներով, ինչպիսիք են Անսել Ադամսը, Հենրի Քարթիերը և Էլլիոթը: Սակայն ինձ ամենից շատ ոգեշնչում են Սթիվ Մկքարիի աշխատանքները:
-Հարցազրույցի ավարտին ի՞նչ կուզեիք ասել մեր ընթերցողներին:
-Ես հավատում եմ, որ շատ բան կարելի է սովորել այլոց աշխատանքներն ուսումնասիրելով: Ես բոլորին խորհուրդ կտամ հավատալ իրենց ուժերին, իսկ սկսնակ լուսանկարիչներին խորհուրդ կտամ ստեղծել յուրօրինակ լուսանկարներ, որոնք կտարբերվեն իրենց ուրույն ոճով: