Աֆղանստանում 72 կալանավորների ազատ արձակումը սպառնում է այդ երկրի անվտանգությանը. Պետդեպ


09:14 , 10 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Աֆղանստանի իշխանությունները հինգշաբթի օրը հայտարարել են, որ չնայած ԱՄՆ-ի մտահոգությանը՝ ազատ կարձակեն առնվազն 70 կալանավորի, որոնք, ենթադրաբար, կապված են «Թալիբան» շարժման հետ: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը:

Կալանավորներին ազատ արձակելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը բահրամյան բանտի ղեկավարությանը կարգադրել է վերանայել նրանց գործերը և ազատել անմեղ մարդկանց, որոնց դեմ ապացույցներ չկան: ԱՄՆ-ը մտահոգված է, որ նրանց ազատ արձակելուց հետո գրոհայինները կրկին կվերադառնան մարտի դաշտ, երբ ՆԱՏՕ-ն դուրս բերի զորքերը:

Փարվան գավառի բանտից կալանավորներին ազատ արձակելու Աֆղանստանի իշխանությունների որոշումը սպառնում է այդ երկրի անվտանգությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջեն Պսակին:

«Մենք անհանգստություն ենք հայտնել այդ կալանավորների հնարավոր ազատ արձակման կապակցությամբ՝ առանց նրանց գործերը Աֆղանստանի դատական համակարգում վերանայելու: Այդ 72 կալանավորները վտանգավոր հանցագործներ են: Համոզիչ ապացույցներ կան, որ նրանք կապված են եղել ահաբեկչական հանցագործությունների հետ՝ ներառյալ ինքնաշեն պայթուցիկ սարքերի կիրառումը»,- ասել է Պսակին:

Նրա խոսքերով՝ այդ անձանց ազատ արձակումը «խաթարում է դատական համակարգի աշխատանքը և օրենքի գերակայությունը Աֆղանստանում»: