07:27 , 10 հունվար, 2014
Hetq.am-ը գրում է.
Մանուկ Սահակյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից, ցմահ բանտարկյալ
Երբ տեղեկացա «Խեղված ճակատագրեր»նախաձեռնության մասին, որոշեցի անպայման արձագանքել՝ պատմելով ցմահ դատապարտյալների խնդիրների մասին: Այս հոդվածը խցակցիս մասին է: Երկար ժամանակ ապրելով նույն խցում՝ բարեկամացել ենք, յուրաքանչյուրս տեղյակ է դիմացինի անցած ճանապարհից, քրեական գործերից, սակայն չէի կարող պատկերացնել, որ մի օր կբացահայտեմ հետևյալը. խցակիցս հրամանատար է:
Մի օր խուցը կարգի բերելուց առաջ բոլոր անձնական իրերը, պայուսակները հատակից բարձրացրել էինք: Դրանցից մեկի վրա տեսա մի թուղթ, կարդացի հետևյալը. ««Գառնի» ջոկատի հրամանատար Անտոն Վարդանյանի (Վովա) մարտական ուղին»:
Անակնկալի եկած` առանց թույլտվության վերցրեցի, սկսեցի կարդալ այն, ինչ ներկայացնում եմ ընթերցողին:
1989թ.-ին, երբ սրվեց իրավիճակը ԼՂՀ հարցի շուրջ, և ամեն կողմից խախտվում էր ՀՀ պետական սահմանը, Անտոն Վարդանյանը իր համագյուղացի կամավորների հետ հիմնադրեց «Գառնի» ջոկատը: Իր ջոկատով նա անցել է գրեթե բոլոր ռազմաճակատներով` ցուցաբերելով արիություն և քաջություն, նրա ջոկատը աչքի է ընկել հատկապես Վարդենիսի Զոդի ոսկու հանքի Կոշաբուլախ, Ալագյոլար լճի պաշտպանության մարտերին, Գորիսի, Շուռնուխ, Կոռնիձոր, Տեղ գյուղերի պաշտպանության, Վայքի Բարձրունի գյուղի պաշտպանությանը, Ղոչազ սարի պաշտպանությանը, ԼՂՀ-ի Ֆիզուլու, Ջաբրաելի, Կարմիր Շուկա գյուղի պաշտպանությանը և Աղդամ-Մարտունի ճանապարհի վերահսկմանը, որի համար Վովան պարգևատրվել է «Փառապանծ մարտիկներ» ոսկե, ՄՀՆՁ-ի ոսկե արծիվ և Ղարաբաղի մայրության և գթության մեդալներով: 5 անգամ մահացու վիրավորվել է:
Վովան երկար ժամանակ համեստորեն թաքցրել էր իր ինքնությունը: Ես էլ, լինելով ազատամարտիկի ընտանիքից, սկզբում մոռանալով ինչ պայմաններում և որտեղ ենք բախտ ունեցել հանդիպել, երիտասարդի ոգևորվածությամբ սկսեցի իմ հարցաքննությունը: Բավական երկար Արցախյան հերոսամարտի և ընդհանուր ծանոթներին հիշելուց հետո, երբ անցավ իմ ոգևորությունը և վերափոխվեց խոր ափսոսանքի, ես նրան խնդրեցի պատմել, թե ինչպես է պատահել, որ ազատամարտիկը անկախ ՀՀ-ում հայտնվել է անազատության մեջ:
Այսպես. 2004թ.-ին ապացույցերի բացակայությամբ, առանց պատշաճ փորձաքննության, հաշվի առնելով քննիչի կողմից կորզված կեղծ և իրականությանը չհամապատասխանող ցուցմունքները՝ Վովային դատապարտել են ցմահ ազատազրկման՝ մեղադրելով սպանության մեջ: Ինչպե՞ն են նրանից կորզել ցուցմունքը. հասկանալով, որ անձամբ իրենից չեն կարող կորզել իրենց համար ցանկալի ցուցմունքները, քաջ գիտակցելով, որ հրամանատարին ծեծի և խոշտանգումների միջոցով չեն կարող խեղճացնել և մտափոխել, որ ցուցմունք տա, ահաբեկելով և ճնշումներ գործադրելով ընտանիքի վրա` վերջապես ստացել են այդքան «բաղձալի» ցուցմունքը: Դատավարության ընթացքում, երբ Վովան պահանջել է դատարան հրավիրել վկաների, ովքեր կարող էին փաստել, որ այն ժամանակ, երբ կատարվել է հանցագործությունը, ինքն այլ վայրում է եղել, դատավորը մերժել է: Իրականությանը համապատասխանում է միայն այն, որ հանցագործության գործիք հանդիսացող զենքը պատկանում է Վովային, ինչը Վովան չի էլ հերքում: Ինքն էլ ինձ ասել է. «Հա՛, զենքը իմն էր, թող ինձ դատապարտեին անօրինական զենք պահելու համար»:
Չնայած Վովան շատ անգամ է դիմել տարբեր ատյաններ և ՀՀ նախագահին, որ կատարվի հետաքննություն և վերականգնվի արդարությունը, այդուհանդերձ մերժում է ստացել: Բազմաթիվ հոդվածներում անդրադարձ է կատարվել հրամանատարի նկատմամբ իրականացված դատախեղմանը, սակայն դրանք նույնպես մնացել են անարդյունք: 2012թ.-ին նույն խնդրանքով բաց նամակով (կից ստորագրություններով) ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին են դիմել Արցախյան հերոսամարտի 37 հրամանատարներ, ցավոք, դա նույնպես մնացել է անպատասխան:
Վերջում ցանկանում եմ իմ և մյուս ցմահականների անունից, շնորհավորել բոլորի Նոր տարին և Սուրբ ծնունդը: Եկեք բոլորս ցանկանաք, որ այս տարվանից սկսած` շարունակաբար քայլեր կատարենք և աստիճանաբար հասնենք այն Հայաստանի Հանրապետությանը, որը կունենա հնարավորինս քիչ սխալներով արդարադատություն, գնահատված և մեծարվող ազատամարտիկներ և կձերբազատվի պատժողի հոգեբանությունից: