14:31 , 9 հունվար, 2014Այս գունագեղ լուսանկարները արվել են Հնդկաստանի փողոցներում՝ լուսանկարիչ Սաումալյա Գոշի կողմից: Այս յուրօրինակ լուսանկարներում կյանքը եռում է: Դրանցում արտացոլված է Հնդկաստանի շունչը, սակայն դրանք նոր կողմերից են բացահայտում Հնդկաստանը: Ստորև ներկայացված է մի հատված Սաումալյայի հետ անցկացված մի հարցազրույցներից:
-Մի փոքր պատմեք ձեր մասին:
-Ես սիրողական լուսանկարիչ եմ Հնդկաստանի Կալկաթա քաղաքից: Թեպետ արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում եմ լուսանկարչությամբ՝ ես միայն 2011 թ.-ին սկսեցի լրջորեն հետաքրքրվել դրանով: Ես ամենից շատ սիրում եմ լուսանկարել ճանապարհորդական փողոցային տեսարաններ: Ինձ դուր է գալիս իմ լուսանկարներում պատկերել տարբեր մարդկանց, մշակույթներ ու փողոցներ:
Ես կարծում եմ, որ լուսանկարչական սարքավորումների բարձր որակը կարևոր է, սակայն շատ ավելի կարևոր է, որ լուսանկարիչը կարողանա իր հուզական դաշտն արտացոլել լուսանկարներում: Ես լուսանկարչության միջոցով արտահայտում եմ իմ էմոցիաները: Ես հավատում եմ այս հին ասույթին. «Լուսանկարը լուսանկարչի արտացոլանքն է»:
Ես մասնագիտությամբ ինժեներ եմ և շատ քիչ ժամանակ եմ գտնում լուսանկարչությամբ զբաղվելու համար: Այնուամենայնիվ, հիմա կարողանում եմ ժամանակ հատկացնել՝ լուսանկարչության նրբությունները սովորելու համար: Ես ասես ճանապարհորդելիս լինեմ լուսանկարչության աշխարհում և հատուկ հանգրվան չեմ նախատեսել այս ճանապարհորդության մեջ:
-Ինչպե՞ս ընտրեցիք ճանապարհորդական լուսանկարչությունը:
-Անկեղծ ասած, ինքս էլ չգիտեմ: Ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Ինձ համար ճանապարհորդական լուսանկարչությունը շատ ավելին է, քան պարզապես լուսանկարչության տեսակ: Ինձ համար դա կենսակերպ է: Ճանապարհորդական լուսանկարչության միջոցով ես ներկայացնում եմ, թե ինչպես եմ տեսնում շրջակա աշխարհը, ինչպիսի զգացողություններ եմ տածում իմ բնակավայրի նկատմամբ և ինչպես են ապրում իմ շրջապատի մարդիկ: Սիրում եմ հետևել առօրյա կյանքի թատերախաղին, որը բեմադրվում է փողոցներում: Իմ հերոսներն ու հերոսուհիները հասարակ մարդիկ են, ովքեր իրենք իրենց դերն են խաղում այս թատերախաղում: Ես ընդամենը խորահայաց դիտորդ եմ, և իմ գործն է արձանագրել «Իրական կյանք» կոչվող այս սքանչելի թատերախաղի պահերը: Չեմ ցանկանում ընդհատել կամ ազդել դրա վրա: Ես ընդունում եմ այն այնպես, ինչպես կա:
Նաև սիրում եմ ճանապարհորդել: Ինձ դուր է գալիս զանազան վայրեր այցելել, հանդիպել տարբեր մարդկանց և ծանոթանալ տարբեր մշակույթների: Հենց այդ պատճառով էլ ընտրել եմ ճանապարհորդական լուսանկարչությունը:
-Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա լուսանկարը, որպեսզի Դուք բարձր գնահատեք այն:
-Ամենակարևորն այն է, որ լուսանկարը խորը էմոցիաներ արթնացնի իմ մեջ և հուզի ինձ: Ես սիրում եմ այն լուսանկարները, որոնցում ինչ-որ առեղծված կա:
-Ի՞նչ խորհուրդ կտայիք այլ լուսանկարիչներին:
Չեմ կարծում, որ կարող եմ խորհուրդ տալ այլ լուսանկարիչներին: Ես միայն կարող եմ մի բան ասել. հնարավորինս շատ կարդացեք, դիտեք դասականների և ժամանակակից լուսանկարիչների աշխատանքները և, ամենակարևորը, հետևեք ձեր սրտին, լուսանկարեք այն, ինչ սիրում եք, և վայելեք ձեր ճամփորդությունը: