13:28 , 9 հունվար, 20141in.am-ը գրում է.
Հունվարի 8-ին տեղի է ունեցել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Պանամա:
Էդվարդ Նալբանդյանի և Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հանդիպման ընթացքում շարունակվել են անցյալ տարվա սեպտեմբերին Նյու-Յորքում մեկնարկած քննարկումները երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Այս համատեքստում Նախարար Ֆաբրեգան ողջունելով հայաստանցի գործընկերոջ այցելությունը Պանամա՝ նշել է, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցությանը։
Նախարար Նալբանդյանն ասել է, որ թեև Հայաստանին և Պանամային բաժանում են հազարավոր կիլոմետրեր, սակայն երկրները համակարծիք են միջազգային շատ հարցերի շուրջ, ինչը լավ հիմք է հանդիսանում տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման համար։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ երկուստեք կարևորվել է բարձրաստիճան այցերի կազմակերպումը, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորման, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման, անհրաժեշտությունը, շեշտվել է, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ընդլայնման։
Ֆերնանդո Ֆաբրեգան Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Պանամայի ջրանցքի ընդարձակման նպատակով իրականացվող աշխատանքները։
Նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվել է Պանամայի ազգային ժողովում, որտեղ կայացել է Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դալիա Բերնալի հետ հանդիպումը, որին մասնակցել էր նաև փոխարտգործնախարար Մայրա Արոսեմենան։
Պանամայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց իր կողմից ղեկավարվող հանձնաժողովի գործունեությունը, այլ երկրների հետ հարաբերությունների զարգացմանն ուղղված Պանամայի խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքները։
Դալիա Բերնալին ողջունել է Էդվարդ Նալբանդյանի առաջարկությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ՝ շեշտելով, որ դա կօժանդակի միջխորհրդարանական կապերի և այդ ճանապարհով նաև միջպետական հարաբերությունների զարգացմանը։
Նախարար Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։