Նյու Յորքը կդառնա մարիխուանայի օգտագործումն օրինականացրած ԱՄՆ 21-րդ նահանգը


09:26 , 9 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Նյու Յորքը կդառնա ԱՄՆ 21-րդ նահանգը, որն օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով: Նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտնել է, որ մոտ ժամանակներս կստորագրի համապատասխան հրամանը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Նահանգապետի խոսքով՝ սկզբում ընդամենը 20 հիվանդանոցի կթույլատրվի նշանակել մարիխուանա հիվանդների համար: Այդ թմրամիջոցի կիրառման դեղատոմսեր ստանալ կարող են մարդիկ, ովքեր տառապում են քաղցկեղով, գլաուկոմայով և մի շարք այլ լուրջ հիվանդություններով: Մարիխուանա ինքնուրույն աճեցնելը կարգելվի:

«Մարիխուանան կարող է կիրառվել որպես ցավազրկող միջոց քաղցկեղի և այլ ծանր հիվանդությունների բուժման դեպքում: Մենք գործարկում ենք բժշկական նպատակներով դրա կիրառման ծրագիր և կտեսնենք, թե որքանով այն արդյունավետ կլինի»,- ասել է Կուոմոն:

1996 թվականին ԱՄՆ առաջին նահանգը, որն օրինականացրել է մարիխուանայի կիրառումը բժշկական նպատակներով, Կալիֆոռնիան էր: 2014 թվականի հունվարի 1-ին առաջին նահանգը, որտեղ մարիխուանայի կիրառումը թույլատրվել է ոչ միայն բժշկական, այլև ռեկրեացիոն նպատակներով, Կոլորադոն էր: