«Հայկական ժամանակ». Հայաստանը կապիտալի ապօրինի արտահոսքի ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն է


07:58 , 9 հունվար, 2014

«Հայկական ժամանակ»-ը գրում է.

 «Անցած տարվա վերջին օրերին Global Financial Integrity հեղինակավոր հետազոտական կառույցի հրապարակած զեկույցի տվյալներով, միայն 2011 թվականի ընթացքում Հայաստանից ապօրինաբար արտահոսել է 1 միլիարդ 163 միլիոն դոլար։
Ըստ նույն զեկույցի, վերջին 10 տարիներին ՀՀ-ից ապօրինաբար արտահոսել է մոտ 6.2 մլդ դոլար, կամ տարեկան միջինը 623 մլն դոլար։ Այս ցուցանիշով Հայաստանը զեկույցում ներառված 144 երկրների շարքում զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը։ Սակայն սրանք բացարձակ թվերն են։

 Ապօրինաբար արտահոսած կապիտալի ծավալը պետբյուջեի հետ համադրելու դեպքում Հայաստանը բացարձակ առաջատարների մեջ է։ Խնդիրն այն է, որ միայն 2011 թ.–ին ապօրինի արտահոսած 1 մլրդ 163 միլիոն դոլարը այդ տարվա ՀՀ պետական բյուջեի կեսն է՝ 49.4 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ օրինակ Վրաստանի դեպքում այդ ցուցանիշը ընդամենը 4 տոկոս է. Ադրբեջանի դեպքում՝ 6 տոկոս. Թուրքիայի դեպքում՝ 1,3 տոկոս։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը գոնե տարածաշրջանում կապիտալի ապօրինի արտահոսքի ցուցանիշով գրավում է առաջին չափազանց «պատվավոր» հորիզոնականը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։