Ինչ է կատարվել ամպհովանու ներքո


05:22 , 9 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Պատարագի ընթացքում ամպհովանի բռնող մտավորականների հարցը դարձել է գրեթե համահայկական քննարկման առարկա: Ամպհովանին ամեն տարի բռնում է այսպես ասած հայտնի մարդկանց մի որեւէ քառյակ: Որեւէ տարի այդ իրողությունը չէր դարձել բուռն հասարակական քննարկման եւ գնահատականների առիթ: Թե ինչու  դարձավ այս տարի, դժվար է ասել: Միգուցե մարդկանց նյարդերը գերլարված են, ինչն էլ նրանց զգայուն է դարձնում անգամ ամենափոքր խնդիրների հանդեպ:

Մինչդեռ, եթե պետք է ուշադրություն դարձնել ամպհովանուն, ապա ոչ թե այն առումով, թե ով է բռնել այն, այլ թե ովքեր են քայլում դրա ներքո: Դրա ներքո քայլում են Կաթողիկոսն ու հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնողը. տվյալ դեպքում Գարեգին Բ-ն եւ Սերժ Սարգսյանը:

Ինչպես tert.am-ին  բացատրում է Մայր Աթոռի մամուլի խոսնակ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը՝ «Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ՀՀ նախագահի` հայրապետական ամպհովանու ներքո վեհարանից Մայր տաճար քայլելու մեջ որևէ անպատեհություն չկա, չի կարող լինել նաև որևէ տարըմբռնում: Դա ձևավորված գեղեցիկ ավանդույթ է, որը գեղեցկությունից ավելի նաև խորհրդանշական է. ընդգծում է հայոց աշխարհի միությունը իր ազատ ու անկախ հայրենիքով, ազգային եկեղեցով և աշխարհասփյուռ ժողովրդով: Եվ սա պետք է գնահատել և փայփայել»:

Իսկ խնդիրն իրականում շատ ավելի պարզ է՝ երբ աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունը իրական կյանքում կտրված է ժողովրդից ու պետությունից, միասնականության խորհրդանիշ պետք է հռչակվի ամպհովանին: Ամպհովանին իսկապես միասնականություն է խորհրդանշում, բայց ոչ թե միասնականությունը ժողովրդի հետ, այլ միասնականություն ժողովրդի դեմ՝ իշխանության եւ եկեղեցու միասնականությունն ընդդեմ ժողովրդի:

Ամպհովանուց դուրս Հայաստանի քաղաքացիներն են, նրանց հոգսաշատ կյանքը, նրանց խնդիրները թե անհատական, թե հանրային, թե պետական մակարդակով, որոնց լուծմանը ծառայելուն են կոչված աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունները: Բայց նրանք՝ իշխանությունն ու եկեղեցին լուծում են բոլորովին այլ խնդիրներ, որոնք եթե բնորոշենք մեկ նախադասությամբ, ապա հանգում են հասարակության պահանջներից պաշտպանվելուն:

Իշխանությունն այդ պահանջներից պաշտպանվում էր ուժով: Սակայն ուժը շատ աղմուկ է հանում: Իսկ ներկայում աղմուկ պետք չէ, այն խնդիրներ է առաջացնում: Եկեղեցին տվյալ դեպքում դառնում է «խլացուցիչ», իշխանությանն օգնելով հանրության պահանջներից պաշտպանվել հնարավորինս անաղմուկ: Փոխարենը, իշխանությունն էլ եկեղեցուն է օժտում անսահման լիազորությամբ եւ գլխավորը՝ ինքնության կնիքով, փաստացի տալով եկեղեցուն հայերին եւ ոչ հայերին որոշելու իրավունք՝ ով առաքելական եկեղեցուն է ընդունում՝ հայ է, իսկ ով ոչ՝ հայ չէ:

Ամպհովանու ներքո հռչակվող միասնականությունը հենց այդ բանաձեւի պաշտոնականացումն է: Այլապես հարց է առաջանում, որ եթե դա միասնականությունն է, ապա ու՞ր են մնում այն հայերը, որոնք կամ աթեիստ են, կամ էլ այլ եկեղեցու հետեւորդ: Նրանք հռչակվում են ոչ հա՞յ:

Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը Տեր Ասողիկի հայտնի հայտարարությունից հետո այդպես էլ լռեց: Լռեց նաեւ Հայաստան պետության աշխարհիկ իշխանությունը եւ չհորդորեց եկեղեցուն չաղավաղել Հայաստանի քաղաքացիական պատկերը:

Այն, ինչ տեղի է ունենում ամպհովանու ներքո, մոտավորապես նույնն է, ինչ տեղի էր ունենում Հայաստանի խորհրդարանի տանիքի ներքո դեկտեմբերի 23-ին, երբ վավերացվում էր Հայաստանի պետականության դեմ կնքված հայ-ռուսական գործարքը:

Ամպհովանու տակ պարզապես կքնվում է այդ պետականության դեմ իշխանություն-եկեղեցի գործարք, որն իրականում որեւէ կապ չունի Ծննդյան տոնի, նրա խորհրդի, քրիստոնեական հավատի հետ եւ արժեքների հետ:

Հակառակը, այդ արժեքները Հայաստանում հետեւողականորեն աղավաղվում են հենց աշխարհիկ եւ հոգեւոր իշխանության «վերնախավերի» վարքով, շարքային քաղաքացու կյանքից այդ «վերնախավերի» բացարձակ կտրվածությամբ, անհաղորդությամբ, հանրային բարոյական նորմերի եւ պետական խնդիրների հանդեպ անձնական պատասխանատվության եւ օրինակների լիակատար մերժմամբ:

Այլապես, օրինակ, Սուրբ Ծննդյան պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամպհովանու ներքո կքայլեր ոչ թե որեւէ մակարդակի պաշտոնյայի, այլ որեւէ մի կարիքավոր երեխայի հետ կամ վատառողջ մի երեխայի հետ, որը հիվանդության դեմ հոգեւոր ու ֆիզիկական կռիվ է տալիս կյանքի համար: Կքայլեր պատարագից առաջ եւ հետո, անընդհատ, մինչեւ ամպհովանու տակ տեղ փնտրող պաշտոնյաներն անհարմար կզգային այլ ճանապարհով քայլելու եւ շարքային մարդու կողքին չլինելու համար: