17:57 , 8 հունվար, 2014
Սֆինքսը (հին հունարենից թարգմանաբար նշանակում է «խեղդող») առասպելական էակ է` կնոջ գլխով, առյուծի մարմնով և արծվի թևերով: Ինչպես հավանաբար նկատել եք, եգիպտական բուրգերի մոտ գտնվող 6500-ամյա Սֆինքսի հսկա արձանի քիթը կոտրված է: Դարեր շարունակ այս վանդալիզմի համար մեղքը բարդվել է տարբեր բանակների վրա` բրիտանական, գերմանական, արաբական և այլն, բայց այնուամենայնիվ, որպես գլխավոր մեղավոր ընդունված է համարել Ֆրանսիայի կայսեր Նապոլեոն Բոնապարտին:
Այս մեղադրանքներից գրեթե ոչ մեկը իրականում հիմնավորված չէ որևէ՝ քիչ թե շատ լուրջ փաստարկներով: Իրականում, միակ պատմական կերպարը, ում վստահությամբ կարելի է մեղադրել Սֆինքսի արձանը վնասելու մեջ, սուֆիական ֆանատիկոս Մուհամմեդ Սաիմ ալ-Դախն է, որին վանդալիզմի համար դեռ 1378 թվականին ծեծելով սպանել են տեղաբնակաները:
Բրիտանական ու գերմանական բանակները, որոնք եղել են Եգիպտոսում երկու աշխարհամարտերի ժամանակ էլ, ևս մեղավոր չեն, քանի որ առկա են դեռևս 1886 թվականի լուսանկարներ, որոնց վրա Սֆինքսն արդեն անքիթ է, իսկ ինչ վերաբերում է Նապոլեոնին, ապա պահպանվել են 1737 թվականին արված գծանկարներ, որոնց վրա Սֆինքսը կրկին քիթ չունի, որոնք արվել են եվրոպացի ճանապարհորդների կողմից` ֆրանսիացի զորավարի ծնվելուց 22 տարի առաջ: Այնպես որ, երբ 20-ամյա Նապոլեոնն առաջին անգամ տեսավ Սֆինքսին, արձանը առանց քիթ էր արդեն հարյուրավոր տարիներ:
Առհասարակ, Նապոլեոնի եգիպտական արշավանքը ուներ բացառապես մեկ նպատակ` խանգարել Հնդկաստանի հետ Անգլիայի կապերը: Ֆրանսիական բանակը Եգիպտոսում երկու խոշոր ճակատամարտ է ունեցել` Բուրգերի մոտի ճակատամարը (որն իրականում ամենևին էլ բուրգերի մոտ չի եղել) և Նեղոսի ճակատամարտը (որը ոչ մի կապ չի ունեցել Նեղոսի հետ): 55-հազարանոց բանակի հետ Նապոլեոնը բերել էր նաև 155 քաղաքացիական մասնագետի` տարբեր ոլորտների խոշոր գիտնականների: Դա հանդիսացավ Եգիպտոս կատարած առաջին խոշոր պրոֆեսիոնալ հնագիտական արշավը:
Երբ ծովակալ Նելսոնը խորտակեց նապոլեոնյան նավատորմը, կայսրը վերադարձավ Ֆրանսիա` լքելով թե՛ իր բանակը, թե՛ գիտնականներին, որոնք շարունակում էին աշխատանքներն՝ արդեն առանց իրենց ղեկավարի: Արդյունքում ծնվեց «Description de I’Egypte» («Եգիպտոսի նկարագրությունը») աշխատությունը, որը դարձավ այդ երկրի առաջին ճշգրիտ նկարագիրը, որը հասավ Եվրոպա:
Չնայած այս ամենին, մինչ օրս էլ եգիպտացի էքսկուրսավարները շարունակում են պատմել զբոսաշրջիկներին, որ Սֆինքսի քիթը Նապոլեոնի հրամանով է պոկվել և պահվել է Լուվրում, իսկ քթի անհետացման ամենահավանական պատճառը քամու ազդեցությունն է այն փափուկ ապարի վրա, որից էլ պատրաստված է Սֆինքսի արձանը: