16:28 , 8 հունվար, 20141in.am-ը գրում է.
Կանադայի Նյու Բրանսուիք նահանգում՝ ԱՄՆ-ի սահմանից ոչ հեռու, երեքշաբթի երեկոյան ռելսերից դուրս են եկել ու շրջվել հեղուկ գազ և նավթ փոխադրող գնացքի մի քանի ցիստեռններ: Հրշեջները ջանում են մարել հրդեհը, որն առաջացել է վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտարարել է տեղի իշխանությունների ներկայացուցիչ Շերոն Դեուիթը, միջադեպը տեղի է ունեցել անտառային տարածքում՝ 1000 բնակիչ ունեցող Պլաստեր Ռոք ավանից 5 կմ հեռավորության վրա:
«Տուժածների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել,- ասել է նա,- ողջ են մեքենավարն ու նրա օգնականը»:
Որպես նախազգուշական միջոցառում՝ տարհանվել են վթարի վայրից 2 կմ շառավղով տարածքում գտնվող մոտ 20 տների բնակիչները: Իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո:
Նախնական տվյալներով՝ 112 վագոնների մեծ մասը դատարկ է եղել:
Հրշեջները կարծում են, որ շուտով կրակն ինքնուրույն կմարի, քանի որ կվառվի ցիստեռններից թափված ողջ վառելիքը: