Լեոնտևին նշանակել են Ռոսնեֆտի փոխտնօրեն


14:59 , 8 հունվար, 2014

Lragir.am-ը գրում է.

Ռուս հայտնի լրագրող Միխաիլ Լեոնտևը նշանակվել է Ռոսնեֆտ ընկերության PR գծով փոխտնօրեն: Այս մասին գրել է Կոմերսանտը՝ հղում անելով ընկերությանը և կառավարության մոտ կանգնած աղբյուրին: Ռոսնեֆտը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը: Լեոնտևը նույնպես չի հաստատել այն՝ նշելով, որ քանի դեռ պաշտոնական տեղեկատվություն չկա, ինքը չի մեկնաբանելու:

Լեոնտևը ղեկավարելու է տեղեկատվության և գովազդի բաժինը: Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է ՌԵՆ ՏՎ հեռուստաընկերության նախկին գլխավոր խմբագիր Վլադիմիր Տյուլինը:

Լեոնտևի նշանակումը կապված է նրա և Ռոսնեֆտի ղեկավար Իգոր Սոչինի միջև ընկերական հարաբերություններով: Կոմերսանտի աղբյուրը նշում է, որ Լեոնտևը ռուսական առաջին ալիքով շարունակելու է վարել «Օդնակո» հաղորդումը: