Հույները կանխել են Դավութօղլուի դեմ քրդերի նախապատրաստած մահափորձը


13:37 , 8 հունվար, 2014

Հույները կանխել են Դավութօղլուի դեմ քրդերի նախապատրաստած մահափորձըPanorama.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի դեմ ծրագրվել էր իրականացնել մահափորձ, երբ նա 2013-ի դեկտեմբերի 13-ին մեկնում էր Հունաստան: Աթենքում հրատարակվող «Parapolitika» թերթը տեղեկացնում է, որ հունական հատուկ ծառայությունների ձեռնարկած օպերացիայի արդյունքում կանխվել է մահափորձը: Անվտանգության օպերացիան սկսվել է Դավութօղլուի ժամանումից դեռ 4 օր առաջ և տևել մինչև նրա հեռանալը: Վտանգն այնքան լուրջ է եղել, որ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն անձամբ է հետևել օպերացիայի ընթացքին` հետաձգելով իր բոլոր աշխատանքային հանդիպումները:

Դավութօղլուի սպանության կազմակերպման մասին անվտանգության մարմիններին հայտնել է 2013-ի օգոստոսին ձերբակալված անձանցից մեկը: Ըստ վերջինիս` սպանությունը ծրագրել էր իրականացնել քրդական «DHKP-C» կազմակերպությունը, որը ահաբեկչական է ճանաչվել Թուրքիայում, Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում:

Հունական հատուկ ծառայությունները մինչև Դավութօղլուի ժամանումը հասցնում են ձերբակալել մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող երկու անձանց, որոնց թեև չեն կալանավորում, բայց մինչև Դավութօղլուի հեռանալը պահում են մեկուսարանում: Իսկ այնուհետև արտաքսում են երրորդ երկիր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ