Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:17 , 8 հունվար, 2014

Ինչպես դիմավորես տարին, այնպես էլ այն կանցկացնես: Որքան որ եղել եմ ֆբ-ում տոներին, զգացել եմ մի վատ բան. մարդիկ չկարողացան կտրվել համացանցից ու Ամանորը դիմավորել են ֆբ-ում: Մի խոսքով, բազմաթիվ հայեր իրենց տարին սովորականի պես անցկացնելու են ֆբ-ում:

Երեկ նշմարեցինք տարվա առաջին մեռելոցը: Մարդիկ կրկին բողոքում էին մեռելոցից, որ դա հանգստյան ավել օր է և այլն: Բայց աշխատանքի գալուց էլ են դժգոհում: Հա՛մ չեն ուզում գնան աշխատանքի, հա՛մ մեռելոց չեն ուզում: Մի խոսքով, չես կարող հասկանալ՝ ինչ են ուզում: 

Ավտովարորդներ և հետիոտներ, պահպանեք երթևեկության կանոնները: Եկեք այս տարին սկսենք ավելի բարի էջից, երեկ կրկին ավտովթարների մասին լուրեր էին պտտվում ֆբ-ում: Եթե ամեն մեկը իր պարտականությունը փողոցում ճիշտ կատարի՝ կխուսափենք վթարներից ու անիմաստ զոհերից:

Մայլի Սայրուսը մի քանի օր առաջ շնորհավորել էր հայերի Սուրբ Ծննդյան տոնը: Դա այնպիսի մեծ արձագանք ստացավ, որ ֆբ-ում մինչև երեկ մարդիկ քննարկում էին այդ դեպքը: Այնպես ենք ոգևորվել, կարծես՝ Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանն է Մայլիին մեզ ետ վերադարձրել: Շատ շնորհակալ եմ Մայլիին, որ նրան տեսնեք, ասեք, որ մյուս տարին նրա Սուրբ Ծնունդն էլ մենք ազգովի կշնորհավորենք, տեսնենք այդքան կոգևորվի՞:

Բարի Նոր Տարի: