ԱԺ մեծամասնությունն անցկացրեց այն, ինչ ցանկացավ եւ մերժեց ընդդիմության նախաձեռնությունների մեծ մասը


07:56 , 8 հունվար, 2014

Hetq.am-ը գրում է.

Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի չորս ամիսների աշխատանքը բավականին բուռն էր: Այն ուղեկցվեց որոշ «ինտելեկտուալ» պատգամավորների` գործընկերներին հասցված վիրավորանքներով, հայհոյանքներով ու սպառնալիքներով: Դրանից անմասն չմնացին նաեւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները: Բացի ԱԺ-ում քաղաքական մշակույթի բացակայության ամրագրումից, այս նստաշրջանն աչքի ընկավ այնպիսի օրենքների ընդունմամբ, որոնք 2014-ին էապես ազդելու են բնակչության կենսամակարդակի վրա: Դրականորեն, թե բացասականորեն՝ ցույց կտա ժամանակը: Ստորեւ մենք փորձել ենք ամփոփել ԱԺ աշնանային նստաշրջանի գործունեությունը եւ կազմել ընդունված կարեւորագույն օրենքների տասնյակը:

1. Նստաշրջանը սկսելուն պես` սեպտեմբերին քննարկվեց ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի եւ եւս ութ պատգամավորների հեղինակած «Հեղինակային իրավունքի եւ  հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը վերաբերում էր զանգվածային լրատվության միջոցներում, մասնավորապես`տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում հեղինակային իրավունքի պահպանմանը։

Նախագիծն արդեն օրենք է դարձել եւ այսուհետ ցանկացած լրատվամիջոց այլ լրատվամիջոցից վերարտադրություն կատարելուց առաջ պետք է հիշի, որ այն պետք է լինի նպատակն արդարացնող ծավալով եւ չպետք է բացահայտի նյութի բուն էությունը:

Օրենքի երկրորդ կարեւոր կարգավորումը վերաբերում է հիպեր հղմանը կամ ակտիվ լինքին: Իհարկե, միայն սկզբնաղբյուրի հիպեր հղումը տեղադրելով՝ վերարտադրող լրատվամիջոցը չի դառնում բարեխիղճ: Ակտիվ հղումը կիրառելի է այն պարագայում, երբ կատարվում է վերարտադրություն նպատակն արդարացնող ծավալով, դրանից հետո նոր միայն տեղադրվում է ակտիվ հղում, որը հնարավորություն է տալիս ընթերցողին գնալ սկզբնաղբյուր եւ կարդալ ամբողջական նյութը հենց սկզբնաղբյուրում։

Վերը նշված կանոնները չպահելու համար նախատեսված է ֆինանսական պատասխանատվություն: Երբ անբարեխիղճ լրատվամիջոցի գործը հասնի դատարան, ապա այդ կարգով պաշտպանություն հայցող լրատվամիջոցը կարող է անբարեխիղճ լրատվամիջոցից պահանջել հատուցում` 100 հազարից 200 հազար դրամի չափով: Այս նախագծին կողմ են քվեարկել բոլոր խմբակցությունների թվով 110 պատգամավորներ:

2. Հոկտեմբերի 1-ին քննարկվեց ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին ՀՀ նախագահի առաջարկությունը: ՀՀ նախագահի ներկայացուցիչ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այս համաներումն անվանեց «մարդասիրական քայլով» մյուսներից  տարբերվող: Այս անգամ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մաuը կրճատվում էր վեց ամսով` սպանություն, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել, մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակել, մարդու թրաֆիքինգը կամ շահագործում, երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգ կամ շահագործում, երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավել եւ այլ հոդվածներով դատապարտյալների համար:

Այս համաներումով ազատ արձակվեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, ով մեղադրվում էր խուլիգանության, իր ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը եւ այլք:

3. Խորհրդարանում բուռն քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Զբաղվածության մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների  նախագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ կատարվող լրացումով առաջարկվում է զբաղվածության քաղաքականության նոր մոդելի մոտեցումներն ու մեխանիզմներն ամրագրող իրավական հիմքերը եւ զբաղվածության ոլորտին հատկացվող միջոցներն այսուհետ  ուղղել բացառապես զբաղվածության ակտիվ ծրագրերի իրականացմանը։

Նախագծով առաջարկվում էր, որ 2013թ. նշանակված գործազրկության նպաստները կշարունակվեն վճարվել նաեւ 2014թ., իսկ դրանից հետո գործազրկության նպաստներից տնտեսված միջոցները կուղղվեն բացառապես ակտիվ ծրագրերի իրականացմանը։

Բացի այդ, սահմանվել է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանման նպատակով համապատասխան աշխատատեղերի պարտադիր ապահովման նորմատիվի քվոտա, որի ներդրումն իրականացվելու է փուլային տարբերակով: Մասնավորապես` 100 եւ ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպությունների համար աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 3%-ի չափով քվոտա կլինի՝ 2015թ. հունվարի 1-ից, ոչ պետական կազմակերպությունների համար աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 1%-ի չափով՝ 2019թ. հունվարի 1-ից։

Գործատուների մոտ հաշմանդամություն ունեցող անձանց քվոտայի կամ դրան այլընտրանք հանդիսացող մասհանման պահանջի խախտումը նախատեսում է վարչական պատասխանատվություն`տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա մասհանման գումարի 0,15%-ի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը։

Իհարկե, ընդդիմությունն ընդվզեց այս նախագծի դեմ, քանի որ գործազրկության նպաստից զրկվելու են հազարավոր քաղաքացիներ, իսկ կառավարության խոստումները աշխատանքով ավահովելու վերաբերյալ մշուշոտ են:

Նախագիծը 63 կողմ, 43 դեմ ձայներով ընդունվեց՝ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի կողմ ձայների շնորհիվ:

4. Ոչ պակաս բուռն քննարկվեց եւ ընդունվեց նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Հիմնական զեկուցող կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այդ փաթեթով նպատակ ունեն կարգավորելու հանրային սեկտորում աշխատավարձերի քաղաքականությունը։

Ընդդիմադիր պատգամավորներն այս փաթեթը եւս քննադատեցին`համեմատության եզրեր տանելով «Զբաղվածության մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքների նախագծերի միջեւ։ Նիկոլ Փաշինյանը հաշվարկել էր, որ քաղաքական մեծամասնությունը գործազուրկներին զրկեց ամսական 18 հազար դրամ նպաստից, սակայն ընդունելի եւ «բարոյական» է համարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատավարձը 203%-ով բարձրացնելու, այսինքն՝  436 հազար դրամից 1 մլն 322 հազար դրամ դարձնելու, Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի աշխատավարձերը 373 հազար դրամից 1 մլն 190 հազար դրամ դարձնելու, այսինքն՝ 218%-ով բարձրացնելը։ «Նրանք այն մարդիկ են, որոնց պաշտոնավարման ընթացքում աղքատությունը Հայաստանում 27,6%-ից հասել է 35%-ի, արտագաղթի տեմպերն աճել են։ Կարելի է կարծել, որ այդ պաշտոնյաները խեղճ են եղել փողից, ցածր աշխատավարձ են ստացել, դրա համար է նրանց պաշտոնավարման հետեւանքներն աղետալի Հայաստանի համար։ 2014թ.  բյուջեով հաշմանդամների թոշակն էլ է բարձրանալու։ Սայլակին գամված 1-ին կարգի հաշմանդամը ստանալու է ոչ թե 18.200 դրամ, ինչպես այս տարի, այլ մի ամբողջ 1400 դրամով ավելի` 19.600 դրամ»,-հավելել էր պատգամավորը։

Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ դեմ չէ պատգամավորների աշխատավարձը 661.400 դրամ դարձնելուն, իսկ այն պատգամավորները, ովքեր համաձայն չեն այդ բարձրացմանը, թող նվիրաբերեն «որեւէ մանկապարտեզի կամ որբանոցի»։

«Գալուստ Սահակյանի աշխատավարձը չենք բարձրացնում, այլ բարձրացնում ենք պետության արժանապատվության խնդիրը։ Մենք պետք է արժանապատիվ ճանապարհով գնանք»,-ասել էր Գալոստ Սահակյանը։

Պատգամավորները 73 կողմ 37 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեցին օրենքների փաթեթը: Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը կբարձրանա հուլիսի 1-ից:

5. Այս նստաշրջանում «Ժառանգություն» խմբակցությունը «ԼՂՀ-ն ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը համարել էր արտահերթ հարց, ուստի ԱԺ ղեկավարությունը ստիպված էր այն դնել քննարկման: Այդ հարցը քննարկվում էր ընդամենը մի քանի ՀՀԿ-ական պատգամավորների մասնակցությամբ, նրանք լքել էին նիստերի դահլիճը: «Չեմ հուզվում, բայց երջանիկ չեմ այն պահից, որ բացակայում եք։ Բացարձակ երջանկության պահեր չենք ապրում, եւ կարծում եմ դուք նույնպես՝ այստեղ ներկա գտնվողները»,-նկատել էր հարցը ԱԺ ամբիոնից ներկայացնող Զարուհի Փոստանջյանը:

Նշենք, որ ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին օրինագիծը «Ժառանգությունը» ԱԺ է ներկայացրել դեռ 2007թ.: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշեց, որ ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը ներկա փուլում նպատակահարմար չէ։ Խոսքը վերաբերում է դե յուրե ճանաչմանը, որովհետեւ դե ֆակտո ՀՀ-ն վաղուց ճանաչել է ԼՂՀ-ն։  «Մեր հարաբերությունները կառուցվում են որպես երկու իրավահավասար սուբյկետների հարաբերություններ։ Ավելին, պետք է ասեմ, մոտ 100 երկկողմանի պայմանագրեր կան, որոնք կարգավորում են տարբեր ոլորտներում մեր համագործակցությունը»,- ասել էր արտգործնախարարի տեղակալը:

ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը չմասնակցեցին քվեարկությանը: Օրենքի նախագիծը դրվեց քվեարկության եւ 10 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց:

6. Կարեւոր նախագծերից էր «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ 2014թ. կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է լինելու մակրոտնտեսական կայունության պահպանմանը` ապահովելով կայուն տնտեսական աճ: 2014թ. համար կանխատեսվում  է համախառն ներքին արդյունքի իրական աճ` 5.2%-ի չափով,  գնաճ` միջինը 5.5%-ի չափով, 12-ամսյա գնաճ` 4.5%-ի չափով եւ համախառն ներքին արդյունքի ինդեքս դեֆլյատոր` 4.3%-ի չափով,  պետական բյուջեի պակասուրդը համախառն ներքին արդյունքում` 2.3%-ի չափով, իսկ ընթացիկ հաշվի դեֆիցիտը համախառն ներքին արդյունքում` 8.6%-ի չափով:

Եկամուտների գծով մուտքերը կկազմեն 1 տրիլիոն 134 մլրդ 415 մլն դրամ, ծախսերի գծով` 1 տրիլիոն 244 մլրդ 950 մլն դրամ եւ դեֆիցիտի գծով` 110 մլրդ 534 մլն դրամ:

Ընդդիմադիրները տարբեր կերպ որակեցին երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Նաիրա Զոհրաբյանն այն անվանեց «լոմբարդային բյուջե», իսկ Նիկոլ Փաշինյանը` «հուսահատ, անողնաշար բյուջե»:

Քաղաքական մեծամասնության պատգամավորներին ստիպողաբար ԱԺ դահլիճ բերելու ջանքերի շնորհիվ այս նախագիծն էլ ընդունվեց`70 կողմ, 40 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

7. Նոյեմբերի 15-ին ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների պահանջով ԱԺ-ն հրավիրել էր արտահերթ նիստ` կուտակային կենսաթոշակին վերաբերող օրենսդրական փաթերթը քննարկելու եւ գործընթացը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ, սակայն ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցության պատգամավորները բոյկոտեցին նիստը: Քվորում չապահովելու պատճառաբանությամբ նիստը չկայացավ:

Օրեր անց` դեկտեմբերի 2-ին, 49 պատգամավորի պահանջով արտահերթ կարգով քննարկվեց «Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը գործադրելու հարցի վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովիհայտարարության նախագիծը:

Ըստ ընդդիմադիրների՝ եթե նվազագույն աշխատավարձը կլինի կենսապահովման բյուջեից բարձր եւ միջին աշխատավարձի 40%-ից ավելին, միայն այդ դեպքում կարող ենք քննարկել պարտադիր կուտակային բաղադրիչի հնարավոր մուտքի հարցը, եւ այն էլ ոչ թե 10% դրույքաչափով, այլ շատ ավելի ցածր, ինչպես միջազգային պրակտիկայում է ընդունված։  Ըստ Արծվիկ Մինասյանի` Էստոնիայում պարտադիր վճարը 2% է: «Սա էլ կիրառվել է այն ժամանակ, երբ հասել է սոցիալական, տնտեսական զարգացման կենսամակարդակի մի այնպիսի վիճակի, երբ սոված հասարակություն չեն ունեցել։ Մեզ մոտ 35%-ոց աղքատության պայմաններում այսպիսի ճնշումը չի աշխատելու»,- վստահ էր պատգամավորը։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ կոալիցիան դեմ է քվեարկում այս հայտարարությանը եւ 46 կողմ, 54 դեմ ձայներով մերժվեց կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու հայտարարության նախագիծը: 1974թ. եւ դրանից հետո ծնված աշխատող քաղաքացիները հունվարի 1-ից պետք է կատարեն պարտադիր կուտակային վճարումներ: Ընդդիմադիրները այսքանով չեն բավարարվել եւ օրենքի Սահմանադրության պահանջներին բավարարելու հարցը քննության առարկա է դարձել ՀՀ Սահմանադրական դատարանում:

8. Հունվարի 1-ից քաղաքացիներին սպասվում է եւս մեկ «անակնկալ»: Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ներկայացնելով նախագծերը, հայտարարեց, որ 2014թ. հունվարի 1-ից այսօրվա գործող անձնագրերը կփոխարինվեն երկու փաստաթղթերով`նույնականացման քարտով, որը կիրառելի կլինի ՀՀ ամբողջ տարածքում եւ ամբողջությամբ կփոխարինի քաղաքացու անձնագիրը ցանկացած սոցիալական ծառայություններից օգտվելիս եւ քաղաքացու անձնագիր ներկայացնելիս, ինչպես նաեւ ճամփորդող քաղաքացիների համար անհրաժեշտություն կառաջանա ձեռք բերել նաեւ ճամփորդական փաստաթուղթ՝ կենսաչափական տվյալներով անձնագիր, որը կարժենա 25 հազար դրամ։ Իսկ նույնականացման քարտի արժեքը 3000 դրամ է:

Հունվարի 1-ից քաղաքացիներին այլեւս չեն տրվելու «կապույտ անձնագրեր»: Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացին կարող է ստանալ նույնականացման քարտ կամ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, որը  16 տարին լրացած քաղաքացիներին տրամադրվելու է 10 տարի վավերականության ժամկետով:

Մինչեւ 16 տարեկան ՀՀ քաղաքացիներին կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի քաղաքացիներին մինչեւ զորակոչային տարիքը լրանալը, այսինքն մինչեւ 18 տարին լրանալը` պետական տուրքի վճարման նույն չափով: Հաշվի առնելով նշվածը՝ օրենքի նախագծով նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ նշված անձինք իրավունք կունենան ստանալու «կապույտ անձնագրեր»:

«Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվում է, որ այն դեպքում, երբ քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա նույնականացման քարտը տրամադրվում է առանց հանրային ծառայությունների համարանիշը նույնականացման քարտում ամրագրելու:

Հունվարի 1-ից նույնականացման քարտ տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ ՀՀ քաղաքացիները եւ առաջին անգամ նույնականացման քարտ ստացող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր 16 տարին լրանալուց հետո չեն ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր:

ԲՀԿ-ն չի մասնակցել այս նախագծերի քվեարկությանը, իսկ «Ժառանգությունը» դեմ է քվեարկել։ Այնուամենայնիվ, խորհրդարանը 71 կողմ, 8 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով ընդունել է փաթեթը:

9. Նստաշրջանի լարվածությունն իր գագաթնակետին հասավ դեկտեմբերի 23-ին, երբ քվեարկության դրվեց ՀՀ Նախագահի ներկայացրած 2013թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ ստորագրված «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին հարցերը։

ԱԺ դարպասների մոտ ցույց էին անում հարյուրավոր քաղաքացիներ: Իրավիճակը լարված էր նաեւ ԱԺ նիստերի դահլիճում: Ընդդիմադիրները ընդվզում էին այս համաձայնագրի դեմ, իրավիճակն այնքան լարված էր, որ 20 րոպե ընդմիջում հայտարարվեց Լեւոն Զուրաբյանի պահանջով: Այդ ընթացքում Զարուհի Փոստանջյանը հավաքեց ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորների քվեարկության քարտերը: Հովիկ Աբրահամյանը քվեարկությունը չտապալելու համար հայտարարեց ձեռքով քվեարկելու մասին, եւ պատգամավորների բարձրացրած ձեռքերը սկսեց հաշվել ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Այդ ընթացքում ԲՀԿ, «Ժառանգություն», ՀԱԿ, ՀՅԴ խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը:

Սկզբում Հովիկ Աբրահամյանը հաշվեց 77 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ եւ հայտարարեց, որ որոշումներն ընդունվել են: Սակայն հետո հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանից գրություն ստացվեց, որ ինքն ու հանձնաժողովի անդամ Իշխան Խաչատրյանը թյուրիմացաբար կրկնակի հաշվարկ են իրականացրել նախագահության 3 պատգամավորներին եւ 2 անկախ պատգամավորներին, դրա համար արդյունքները եղել են ոչ թե 77 կողմ, այլ` 72: Ընդդիմությունն ու ԲՀԿ-ն չեն ընդունում քվեարկության արդյունքները եւ համարում են, որ քվեարկությունը չի կայացել, քանի որ հաշվիչ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

10. «Տասնյակը» կարող է եզրափակել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գործունեության հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ ՀՅԴ խմբակցության առաջարկությունը, որն ընդգրկվել է մինչեւ 1 տարով հետաձգվելու մասին որոշման նախագծում։ Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է ստեղծել «Նաիրիտ» ՓԲԸ-ի մասնավորեցման, ստանձնած վարկային  պարտավորությունների ուսումնասիրման, ԱԺ ժամանակավոր հանձնաժողով:

Այս նստաշրջանում խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ նշանակեց ՀՀ գլխավոր դատախազ, Վերահսկիչ պալատի նախագահ,  ընտրեց արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնական անդամներին:

Գրիշա Բալասանյան