Լոնդոնի քաղաքապետը «Շերլոք» ֆիլմի պատճառով BBC-ին մեղադրել է կողմնակալության մեջ


22:16 , 7 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Բորիս Ջոնսոնը BBC հեռուստաալիքին, «Շերլոք» սերիալի հետ կապված, մեղադրել է կողմնակալության մեջ, գրում է The Times հրատարակչությունը:

Հունվարի 5-ին ցուցադրված սերիայի կադրերից մեկում հայտնված մտացածին թերթում այլ հոդվածների հետ միասին կա նաև հոդված Լոնդոնի քաղաքապետի մասին, ով առաջարկում է Թեմզան ավտոմայրուղու վերածել: Քաղաքապետի անունը չի նշվում, սակայն նա որպես «պղտոր, անկապ և ինքնահավան» մարդ է բնութագրվում, իսկ նրա ծրագիրը որակվում է որպես «անմիտ»: Սերիայի հիմնական իմաստի հետ քաղաքապետի վերաբերյալ հրապարակումը կապ չունի: 

Ջոնսոնը թերթի հետ կապված դրվագը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Տարրական է, Վաթսոն: Իմ դեդուկտիվ մեթոդը հուշում է, որ դա ուղղակի BBC-ի խեղաթյուրումներն են»: Հեռահաղորդակցման կորպորացիան հերքել է իր հասցեին քաղաքապետի մեղադրանքները՝ հայտարարելով, որ ֆիլմի դրվագը Ջոնսոնի դեմ ուղղված չէ: