Թանկարժեք քարերով շքեղ գերեզմանները սխալ վերաբերմունք են հանգուցյալների հոգիների նկատմամբ. քահանա


18:04 , 7 հունվար, 2014

 

Մեր կյանքի ընթացքում մենք բազմաթիվ պարտավորություններ ունենք, որոնցից մեկն էլ, թերևս, հանգուցյալների հիշատակը հարգելը և նրանց գերեզմաններին այցելելն ու խնամելն է: Սակայն հարկ է, որ մահացածների և նրանց շիրիմների հանդեպ այդ հանգանքը դրսևորվի ճիշտ կերպով: Այս մասին այսօր լրագրողնրի հետ խոսեց քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: «Այսօր մեր իրականության մեջ մենք տեսնում ենք բազմապիսի թանկարժեք քարերով և շքեղ պատրաստված գերեզմանոցներ: Դա սխալ վերեբերմունք և դրսևորում է հանգուցիալների հանդեպ»,-ընդգծեց Տեր Հակոբը` վստահեցնելով, որ մահացածների համար մտահոգվողներն իրականում ոչ թե ֆունդամենտալ և շքեղ շինություններով պետք է դրսևորեն դա, այլ՝ հոգիների համար աղոթելով և նրանց վառ հիշատակի համար բարի գործեր անելով: Տվյալ պահին եկեղեցին պետք է կարողանա իրականացնել գործառույթ, որի միջոցով հայորդիները ճիշտ կերպով կսկսեն վերաբերվել Եկեղեցուն, իրենք իրենց և իրենց հարազատների հոգու փրկությանը: Եկեղեցին պետք է օգնի հավատացյալ մարդկանց` լինելու այն միջավայրում, որտեղ հավատքի զգացումը պետք է զորանա: Միջավայր, որում հնարավորություն պետք է լինի հանգուցյալների հոգու փրկության համար աղոթք կատարել:

 

 «Եկեղեցու 5 Տաղավար տոների օրերից յուրաքանչյուրին հաջորդում է մեռելոց օր»,-ընդգծեց իր խոսքում արժանապատիվ Տեր Հայրը` վստահեցնելով, որ տոներին հաջորդող մեռելոց օրերը նույնպես իրավիճակը շտկելու միտումն ունեն: Պարզապես պետք չէ գերեզմանոց այցելել տոն օրերին: Հարկավոր է մասնակցել Տաղավար տոներին եկեղեցում, իսկ հաջորդ օրն այցելել գերեզմանատներ. «Գերեզմանատուն այցելելով` մենք բարի լուրը փոխանցում ենք հանգուցյալներին, այն հույսով, որ, ինչպես Ավետարանում է ասվում` «…այլևս մահը իշխանություն չունի մարդու վրա»: Քրիստոս Իր մահով ջնջեց մահը և հնարավորություն տվեց արժանանալու հավիտենական կյանքին»: