14:11 , 7 հունվար, 2014
Կորցված 19 տարիներ
Երրորդ հանրապետության անցած քաղաքական պայքարի ուղին ամփոփելով՝ առանց սխալվելու մեծ ռիսկի կարող ենք ասել, որ քաղաքական գործընթացները երկրի կյանքը բարվոքելու, ներքին խնդիրները համաձայնության դաշտ բերելու և լուծելու փոխարեն տվել են հակառակ արդյունքը` հանգեցրել են հանրության էլ ավելի խոր հիասթափության և կազմալուծման: Ու հիմա արդեն քչերն են հավատում, որ հետագա քաղաքական գործընթացները, այսինքն` տարբեր մակարդակի ընտրությունները կկարողանան դառնալ առկա պրոբլեմների լուծման բանալի:
Այսինքն, երրորդ հանրապետության որդեգրած քաղաքական զարգացումների ուղին կրախի է մատնված, այն տանում է միայն և միայն դեպի փակուղի:
Եթե մեր քաղաքական այրերն ունենային բավարար խորաթափանցություն, ապա այս եզրահանգմանը կկարողանային գալ 1996 թվականի սեպտեմբերին, և ամբողջ տասներկու տարի հանրությունն անիմաստ չէր դեգերի ոչ մի տեղ չտանող ճանապարհների վրա, ճանապարհներ, որոնք միայն զրկանքներ են պատճառում նույն այդ հանրությանը:
Մեր քաղաքական այրերը ոչ միայն չդրսևորեցին բավարար խորաթափանցություն, այլև ամեն անգամ, երբ քաղաքական անհաճո իրադարձությունները թվում էր, որ պիտի հանրության էլիտային դրդեին խորությամբ վերլուծելու կատարվածը, զանազանելու միմյանցից պատճառն ու հետևանքը և, վերջապես, այդ ամենի արդյունքում ուրվագծելու ելքի տարբերակը, ճակատագրի հեգնանքով հայտնվում էին ընդդիմադիր նոր առաջնորդներ և կոչ անում` «կրկին փորձել»: Իսկ այդ փորձերն, առանց բացառության, հանգեցրել են ու դեռ էլի հանգեցնելու են ավելի լուրջ բարդությունների:
Հուսանք, որ այս վերջին դառը փորձը իմաստնություն կբերի մեր քաղաքական այրերին ու նաև հանրությանը:
Հեղինակության ճգնաժամ
Ուշադրություն դարձրեք` երրորդ հանրապետության քաղաքական պատմության մեջ բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր քաղաքական առաջնորդի հայտ են ներկայացրել և հաջողեցրել հանրության մի ստվար հատվածի տանել իրենց ետևից` ժամանակի ընթացքում ունեցել են հեղինակության խոր ճգնաժամ և իսպառ կորցրել իրենց ազդեցությունը նույն այդ հանրության վրա:
Ուշադրություն դարձրեք` բոլոր նրանք, ովքեր իշխանության գալու պահին հանրության մի որոշակի հատվածի կողմից ընդունելի են եղել, ժամանակի ընթացքում նույնպես ունեցել են հեղինակության խոր ճգնաժամ:
Փաստորեն, անցած գրեթե քսան տարիների փորձառությունը համադրելով կարող ենք ասել, որ քաղաքական երկու բևեռներն էլ անհաջողություններ են արձանագրել հանրային ընկալման ոլորտում: Ու եթե հաշվի առնենք, որ գրեթե չկա քաղաքական որևէ ուժ, որը բացահայտ կամ անբացահայտ մասնակցած չլինի երկու բևեռների գործողություններին, ապա կարելի է հետևեցնել, որ հայաստանյան քաղաքական ուժերը պրոբլեմ ունեն երկիրն այս վիճակից հանելու գործում: Ավելին, միջին հայի պատկերացումներում նրանք չեն ընկալվում որպես իրավիճակը շտկելու ունակ կառույցներ:
Ինչո՞ւ եղավ այսպես:
Նախ` ախտորոշիր
Թեպետ մարդուն և հանրությանը նույնացնելն այնքան ճիշտ չէ, բայցևայնպես, փորձենք կատարել օգտակար մի անալոգիա:
Պատկերացնենք այսպիսի վիճակ. հավաքվել են մի խումբ բժիշկներ` ապաքինելու վատառողջ մի քաղաքացու: Առավել քան ակնհայտ է, որ նրանք կսկսեին քաղաքացու հիվանդության ախտորոշումից, կպարզեին հիվանդության առաջացման պատճառները, վաղեմիությունը, խորությունը (ստադիան): Ախտորոշումն ունենալուց հետո կպարզեին, թե տվյալ հիվանդի օրգանիզմն ի՞նչ վիճակում է, ո՞ր օրգաններն են համեմատաբար առողջ, որոնց վրա հնարավոր կլինի հենվել ապաքինումն իրականացնելու համար: Այս ամենից հետո միայն հնարավոր կլիներ խոսել հնարավոր դեղերի մասին, որոնք կերաշխավորեին ապաքինումը: Եվ արդեն վերջում, կուրվագծվեր նաև բուժման ռեժիմը:
Դե հիմա պատկերացնենք այսպիսի մի վիճակ. բժիշկները, չունենալով այս հարցերի ճշտգրիտ պատասխանները, ձեռնամուխ են լինում հիվանդի բուժմանը: Մի՞թե կասկած կա, որ նրանք անկարող կլինեն բարերար ազդեցություն ունենալ հիվանդի վրա` ամենամեծ սրտացավության առկայության դեպքում անգամ:
Դառնանք քաղաքականությանը և հետևենք, թե հանրության հիվանդության ի՞նչ ախտորոշումներ են ներկայացնում քաղաքական բևեռները: Ներկա ընդդիմությունը հանրությանը հավատացնում է, որ իր իշխանության տարիներին ամեն ինչ լավ է եղել և աղավաղումը սկսվել է երկրորդ նախագահի օրոք: Ու ընդդիմությունն այս ախտորոշումից բխող գործողությունների ծրագիր է կիրառում` արդյունքում ունենալով անհաջողություն: Ընդդիմությանը չի հաջողվում ապահովել անհրաժեշտ թվով և անհրաժեշտ կամային հատկանիշներով համախոհների բանակ` իրականացնելու համար իշխանության փոփոխություն:
Իշխանություններն էլ, որպես ստեղծված իրավիճակի բացատրություն, ներկայացնում են հետևյալ թեզը` երկիրն ապականվել է առաջին նախագահի կառավարման տարիներին, ու այս ախտորոշումից բխող ծրագիր են կիրառում` չգրանցելով էական հաջողություններ: Բոլոր կառավարությունների ներկայացրած երկրի զարգացման ծրագրերը կյանքի են կոչվում մասամբ և անկարող եմ լինում էականորեն շտկել վիճակը:
Այս ամենի արդյունքում հիմա ունենք մի իրավիճակ, երբ «միջին» հայն արդեն ոչ մեկի հետ հույս չի կապում՝ ո՛չ ընդդիմության, ո՛չ էլ իշխանության: Ճիշտ և ճիշտ այն հիվանդի նման, ով հոգնել է իր հիվանդության իրական ախտորոշումը չունեցող բժիշկների միջամտությունից:
Վտանգ
Մենք բոլորս կոլեկտիվ ջանքերով` ընդդիմությունով, իշխանությունով, ակտիվ և անտարբեր քաղաքացիներով հանդերձ` իրականացրինք մի գործընթաց, որի արդյունքում «միջին» հայի պատկերացումներում էականորեն ընկավ պետության հեղինակությունը. «միջին» հայը դժվարություն ունի դատական համակարգը որպես արդարության ապահովման օրգան, ոստիկանին` որպես իր շահերի և անվտանգության պաշտպանի, թաղապետին` որպես իր կենցաղային հարցերը լուծողի, պատգամավորին` իր պատգամները տեղ հասցնողի ընկալելու գործում: Ու այսօր «միջին» հայը անձնական որևէ խնդիր ունենալու դեպքում հենվելու է իր, իր բարեկամ-ազգականների ուժերի վրա. եթե կարողացավ խնդիրը հարթել` լավ, չկարողացավ` սպասվում են դառնություններ և բարդություններ: Սա ահավոր վտանգավոր մի վիճակ է, որը կարող է սպառնալ երկրի գոյությանը, քանզի նման ջունգլիական պայմաններից մարդը ձգտելու է փախչել, արտագաղթել: Իսկ մենք թվապես առանց այդ էլ այնքան ենք քչացել, որ այսօր արդեն բանակ համալրելու գործում խնդիր ունենք: Եթե խելքի չգանք` վաղը բանակ էլ չենք ունենալու, իր դառը հետևանքներով:
Մի վտանգավոր հանգամանք ևս` հուսահատ, իր ապագան անորոշ տեսնող մարդը հարմար որս է տարաբնույթ, օտարահիմք հոսանքների համար, և մեզ սպառնում է նաև ներքին ուծացմումը, երբ մարդը, գտնվելով իր իսկ հայրենիքում, ինչ-ինչ ազդեցությունների արդյունքում հեռանում է ազգային արմատներից:
Կա՞ ելք
Սկզբից ևեթ ընդգծենք գլխավորը` եթե առանձին վերցրած մարդը կարող է ունենալ անբուժելի հիվանդություն, ապա հանրության դեպքում այդպես չէ, և բոլոր իրավիճակներն ունեն իրենց ելքը: Նմանապես և` մեր հանրությունը:
Որպեսզի այդ ելքն ուրվագծվի, անհրաժեշտ է կատարել հանրության հիվանդության իրական ախտորոշում, խնդիր, որն այդպես էլ չի հստակեցվել ու ձևակերպվել երրորդ հանրապետության քաղաքական դաշտի կողմից: Նպատակ ունենալով նպաստել խիստ էական այդ բացի լրացմանը` «Հայաստանի զրուցակից» թերթի ընթերցողների քննարկմանն եմ ներկայացնում հանրության հիվանդության ախտորոշման մի ուրվագիծ, որը, զանց առնելով քաղաքական հարթության մեջ թևածող իրավիճակի պարզունակ մեկնաբանությունները, փորձելու է գնահատել երկու կարևորագույն գործոնների բացասական ազդեցությունը մեզանում տեղի ունեցող հասարակական գործընթացների վրա.
ա/ ազգային գործոն. մեր իսկ պատմությամբ պայմանավորված բացասական դրսևորումների դերակատարությունը հայ հանրության վարքում,
բ/ անցումային փուլի գործոն. հասարակարգի փոփոխությամբ պայմանավորված բարդությունները և դրանց բացասական ազդեցությունը հանրային կյանքի կարգավորման վրա:
Եթե մեզ հաջողվի ընթերցողի աջակցությամբ պարզել այս գործոնների հանրագումարային ազդեցությունը, ապա կունենանք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջական բացատրությունը և այդ ժամանակ առավել քան ակնհայտ կդառնա, թե ի՞նչ իրատեսական քայլեր է հարկավոր անել երկրում արմատական փոփոխությունների հասնելու համար:
Կապիտալիզմը և սոցիալական աղետը
Կապիտալիզմի կայացումն ամենևին նույնական չէ քաղաքական հեղափոխության հետ. վերջինիս դեպքում փոխվում է պետական իշխանության և իրավական հարաբերությունների համակարգը, իսկ ահա առաջինի դեպքում տեղի է ունենում սոցիալական կատակլիզմ և արմատապես փոխվում են ունեցվածքային հարաբերությունները, ընդ որում փոխվել ասելով հասկացվում է միևնույն երկրի փոքրամասնության կողմից հանրային սեփականության յուրացումը:
Հանրային ունեցվածքի վերաբաժանման ժամանակ արևմտյան հասարակություններում (16-17-րդ դդ.) տեղի է ունեցել ներքին գենոցիդ. Անգլիայում ոչնչացվել է գյուղացիությունը, Գերմանիայում` կոտորվել բնակչության մի մասը: Այդ գենոցիդներն ունեցել են մշակութային-հոգեբանական շարժառիթ. դա Աստվածընտրյալության գաղափարն էր, համաձայն որի, հասարակության մեջ կան Աստծո կողմից ընտրված մարդիկ, որոնց տրված է իշխելու, փրկվելու, հավերժական կյանքով ապրելու արտոնություն, իսկ մյուսները մարդակերպ անասուններ են, որոնց կարելի է նաև անխնա ոչնչացնել: Իսկ որպեսզի մարդը պարզեր` ինքն ընտրյա՞լ է, թե` ոչ, պիտի զգար իրեն որպես Աստծո «գործիք»: Այդ զգացողության հայտանիշը հաջողությո՞ւնն էր, երկրային ցանկացած հաջողությո՞ւն, բարի գործունեությա՞ն, թե չար, կարևոր չէր: Իսկ հաջողությունը շատ փող, հարստություն ունենալն էր: «Եթե Աստված ձեզ ցույց է տալիս ուղին, որին հետևելով կկուտակեք ավելին, քան որևէ այլ ճանապարհով, և դուք մերժում եք այն ու նախընտրում նվազ եկամուտ բերող ճանապարհը, ապա դրանով հրաժարվում եք ընդունել Աստծո պարգևը: Ոչ թե հանուն պախարակելի հաճույքների, այլ հանուն Աստծո պիտի ջանաք հարստանալ: Աղքատ լինելու ցանկությունը հավասարազոր է հիվանդ լինելու ցանկությանը և արժանի է դատապարտման»,- սա այն ժամանակների գլխավոր կարգախոսներից էր:
Այս ամենի արդյունքում արևմտյան երկրներում հիշյալ ժամանակաշրջանում ձևավորվեց ընչաքաղցության մոլուցքով համակված մի խավ: Բայց կապիտալիզմի շեշտակի զարգացման համար այդ խավի առկայությունը դեռ բավարար չէր: Նաև անհրաժեշտ էր, որ այդ խավն իր գործողություններում բացարձակապես զերծ լիներ ազգ, հայրենիք և նման կարգի քնարական-զգայական սահմանափակումներից: Անգլիայում, օրինակ, ի դժբախտություն իրենց, նոր «ուսմունքի» կրողները հիմնականում եկվորներ էին`ինկվիզիցիայի հալածյալներ: Նրանք կապված չէին Անգլիայի հետ հոգևոր կապերով և ոչինչ չէր կաշկանդում նրանց կրքերը: Ու նրանք ապահովեցին «նոր մարդու» մուտքը պատմություն, որն աշխարհին բերեց տնտեսական աննախադեպ առաջընթաց, բայց և պատճառ դարձավ սոցիալական բազում աղետների և միլիոնավոր մարդկանց ոչնչացման: «Նրանք օծեցին մի նոր դարաշրջան՝ պետական ունեցվածքի մինչ այդ գոյություն ունեցած չափավոր թալանը հասցնելով ահռելի չափերի: Պետական հողերը հատկացվում էին որպես նվիրատվություն, վաճառվում էին չնչին գներով կամ էլ բռնատիրությամբ պարզապես միացվում սեփական հողատարածքներին», - այսպես է բնութագրել Մարքսը կապիտալիզմի կայացումն Անգլիայում:
Հարստության մոլուցքով համակված «նոր մարդկանց» հաջորդ քայլը եղավ ձեռք բերված հողերն այնտեղ ապրող մարդկանցից մաքրելը, որն իրականացվեց դաժանագույն մեթոդներով: Կարճ ժամանակահատվածում բնիկ անգլիացի գյուղացիությունը, որ «ճանաչվել» էր որպես Աստծո կողմից արհամարհված մարդկային աղբ, ոչնչացվեց ֆիզիկապես կամ ունեզրկվելով՝ բռնությամբ քշվեց քաղաքները՝ «նոր մարդկանց» ֆաբրիկաներում վաճառելու իր աշխատուժը:
Ավանդույթն ընդդեմ «նոր մարդու»
Կապիտալիզմի կայացումը եվրոպական մի շարք երկրներում ուղեկցվեց նվազ ցնցումներով, քանի որ այդ երկրներում նույն աստվածընտրյալությամբ համակվածերը հիմնականում տեղացի էին, և գոյություն ունեցող ազգակցական, հասարակական «հին» հարաբերությունները, խորապես ամրացած ավանդույթներն ու օրենքները որոշակիորեն կաշկանդում էին դաժանության դրսևորումները: Իսկ ահա խիստ ավանդապահ-սևհարյուրյակային, ինքնամեկուսացված Ճապոնիան, ուր ներհամայնքային կապերն անհամեմատ ամուր էին, գրված և չգրված օրենքները՝ անսասան, կապիտալիզմի կայացման փուլում բացարձակապես խուսափեց սոցիալական աղետ ծնող համատարած թալանից:
Իսկ մե՞նք
Ո՞վ էինք մենք՝ որպես հանրություն 1990 թվականին, երբ հռչակեցինք անկախություն և թևակոխեցինք կապիտալիզմի կայացման փուլ: Մենք ունեի՞նք «նոր մարդուն» զսպող ավանդույթներ և արժեհամակարգ:
Պատասխանն ուրվագծելու համար կատարենք կարճատև էքսկուրս մեր իսկ ժողովրդի պատմության էջերի վրայով:
Քչերին է հայտնի, որ մեր ազգի գոյության շրջանի մեծ մասում եղել ենք կազմակերպված, օրինապաշտ, հզոր ու նաև աշխարհակալ: Շումերական էպոսում հայերի երկիրն անվանվում է աստվածային օրենքների երկիր, Օվիդիոսը մեր ցեղի ուժը խորհրդանշել է վագրով, իսկ ըստ անգլիացի պատմագիր Ֆինլեյնի` «Բյուզանդիայի մեջ «հայ» բառը հոմանիշ էր ազնվականության և քաջարիության»: «Երանի նրան, որ հայոց գնդի տերն է. այդպիսի տիրասեր և միաբան ու միամիտք զորաց, որոնց գնդից ու նշաններից հուր ու բոց կելներ»,- սա էլ Շապուհի խոսքն է:
Հնագույն հայկական համակարգի քայքայումն սկսվեց Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների շրջանում. հելլեններն իրենց հետ բերին նյութապաշտություն, պոռնկություն, արվամոլություն, վաշխառուություն՝ երևույթներ, որոնք մինչ այդ խորթ էին հայերին: Ոգեղեն արժեքների ճգնաժամն ավելի խորացավ մեր թվագրության առաջին-երկրորդ դարերում, երբ հռոմեական զորքերը ներխուժեցին Ասորիք՝ իրենց հետ բերելով նաև իրենց բարքերը (այդ շրջանում հինհռոմեական արժեքային համակարգը վաղուց արդեն ճգնաժամ էր ապրում):
Ապա եղավ կրոնափոխություն, որի ընթացքում էականորեն տուժեց գրականությունը, պատմագրությունը, նաև հազարամյակների ընթացքում ձևավորված ընտրախավը:
Շատ չանցած առաջացան տարաձայնություններ արդեն բուն քրիստոնեական հավատքի ներսում, որի արդյունքում ձևավորվեցին մի շարք շարժումներ` մանիքեականներ, բորբորիտներ, ապա` պավլիկյաններ ու թոնդրակյաններ:
Իշխող դավանանքին հակադրվող բոլոր այս շարժումների հետևորդները արաբների, բյուզանդացիների, այլոց օժանդակությամբ դաժանորեն ոչնչացվեցին վեց հարյուր տարի տևած քաղաքացիական համահայկական պատերազմի ընթացքում:
Այն նույն ժամանակ թե’ բյուզանդացիք, թե’ պարսիկները հայկական այրուձին հեռացնում էին երկրից և կռվի ուղարկում ամենադժվարին հատվածները՝ նպատակ ունենալով ոչնչացնել այն: Արաբական խալիֆաթի օրոք նախարարաց տների հարյուրավոր ներկայացուցիչներ խաբեությամբ ձերբակալվեցին ու հրկիզվեցին: Իսկ մոնղոլների հասցրած հարվածից հետո, երբ մորթվեցին ազնվականական վերջին տների արական սեռի բոլոր ներկայացուցիչները՝ հայ ժողովուրդը դադարեց այլևս լիարժեք պատմություն ունենալ:
Սկսվեց ստրկության վեցդարյա շրջանը:
Երբ 19-րդ դարի մեր լուսավորիչները փորձեցին հայությանը հանել ինքնամոռացության թմբիրից, ցավով արձանագրեցին, որ հայ ժողովուրդը բարոյական, մտավոր և տնտեսական դարավոր ճնշման հետևանքով դարձել է կրավորական, կորցրել հավատը սեփական ուժերի նկատմամբ, հաշտվել այն մտքի հետ, «որ ինքն ոչ թէ միայն ազգ չէ, այլ որ անհատներից յուրաքանչյուրը իրավունք չունի մինչև անգամ մարդի անունը կրելու...»: Տարոնականության հիմնադիր Հայկ Ասատրյանի եզրահանգումն ավելի քան սահմռկեցուցիչ էր. հայ ժողովրդի մեջ ձևավորվել է մարդու մի տեսակ, ում հիշողությունից դարավոր ստրկության արդյունքում ջնջվել են ազգ, հայրենիք զգացումները և ով սեփական ժողովրդի ու հայրենիքի հանդեպ վարվում է այնպես, ինչպես կվարվեր թուրքը: Մարդու այս տեսակը նա կոչեց թուրքացած հայ, գտնելով, որ այն ազգի գոյության հիմնական հակառակորդն է:
Հայկական տարբերակ
Ազգային ազատագրական պայքարը որոշակիորեն դրական անդրադարձ ունեցավ հայ ժողովրդի հոգեբանության վրա, այդ պայքարը մասամբ զուգահեռվեց հեղափոխականության հետ և առաջացավ արդարության հասարակական ձգտում: Սակայն այն չհասցրեց կուռ գաղափարախոսության վերածվել և այդպես էլ մնաց որպես ձգտում:
Ի մեծ դժբախտություն մեզ՝ նախորդ ռեժիմում ունեցվածքն ամբողջությամբ պետական էր, իսկ դա նշանակում էր, որ կապիտալիստական կացութաձևին անցման ընթացքում վերաբաժանվելու էր ազգային ողջ հարստությունը՝ ահռելի մի կարողություն:
Վերևում ասացինք, որ հանրային ունեցվածքի վերաբաժանման գործընթացն անխուսափելիորեն կվերածվի համատարած թալանի, եթե հասարակությունը թույլ է կազմակերպված, օրենքներն «ամուր» չեն: Հայ հասարակությունը խորհրդային համակարգի փլուզման պահին օրենքներին խորթ էր, հասարակական կյանքը կարգավորող առաջադիմական ավանդույթներից և մարդկանց բնազդները զսպող ինստիտուտներից զուրկ:
Մյուս կողմից, ինչպես նշեցինք, հայության մեջ առաջացել էր դարավոր ստրկության ծնունդ, ազգ, հայրենիք զգացողություններից զրկված մի շերտ: Այդ շերտը 1991 թվականից սկսած հանդիսացավ «նոր մարդու» հայկական տարատեսակը, դարձավ «նոր հայ», ոչնչացրեց ազատագրական պայքարի տարիներին ձևավորված գաղափարները ու աղետ բերեց երկրին:
Հայաստանում կրկնվեց անգլիական ողբերգությունը, հասարակության իշխանությամբ օժտված փոքրամասնությունը ոչնչի առջև կանգ չառնելով, տիրացավ հանրային ունեցվածքին, իսկ ստրկության դարերի ընթացքում հնազանդության վարժեցված մեծամասնությունն անընդունակ գտնվեց հակադրվել վայրի այդ տարերքին:
Ինչպես և 500 տարի առաջվա Եվրոպայում, այնպես էլ այժմ մեզանում, «նոր հայի» հարստանալու նպատակը սոսկ պահանջմունքների բավարարումը չէ. հարստանալու միջոցով նա նաև լուծում է կարևորագույն հարց՝ ապացուցել ինքն իրեն ու նաև հանրությանը իր հաջողակ, ընտրյալ, լինելը: Եվ հարստությունն այս պարագայում արդեն «մարդկային ստորադաս տեսակին» չպատկանելու ապացույց է, ու որքան հարուստ ես, այնքան ավելի մեծ է այդ տեսակին չպատկանելու վստահությունը: Այս նպատակն ունենալու դեպքում արդեն ոչինչ չի սահմանափակում հարստանալու տենչը, և հարստությունը, կամ որ նույնն է՝ հաջողակ լինելը, պարտադիր պիտի ցուցանվի հանրությանը, լինի դա շքեղ մեքենայի ճռինչի, դղյակի ճոխության, մարմնի ընդգծված փքունության, թե այլ միջոցներով: Համարժեք չափով պիտի ընդգծվի նաև արհամարհանքը «ստորադաս տեսակի» հանդեպ:
Հանրային հարաբերությունների ոլորտում «նոր հայը» հետզհետե տիրապետող է դարձնում իր պատկերացումները, աշխարհայացքը, «փիլիսոփայությունը»՝ ավերելով դարերի միջով մեծ դժվարությամբ բերված իրական մշակույթի բեկորները և հասարական կյանքը դարձնելով ճահիճ:
Ելք
Հայաստանյան քաղաքական ուժերի կողմից առ այսօր ներկայացված ծրագրերը հաշվի չեն առնում վերը նշված, հանրության վարքը որոշող երևույթները և, հետևաբար, չեն պարունակում դրանց ազդեցությունը մեղմող կամ կանխարգելող մեխանիզմներ ու ջախջախվում են նույն այդ երևույթների կողմից: Բայցև, աշխարհաքաղաքան իրավիճակը մեզ բոլորիս հարկադրում է շուտափույթ լուծում գտնել, այլապես կործանումն անխուսափելի կլինի:
(հրապարակվել է չորս տարի առաջ)
(շարունակելի)