Երիտասարդ դերասան Սամվել Թոփալյանին մեր ընթերցողները կհիշեն գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմերից, սերիալներից, իսկ թատրոնին ժամանակ տրամադրողները, անկասկած, նրան ճանաչում են թատերական բեմերից…Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող մեր մեծերին նվիրված «Հայադարան» հաղորդաշարի հաղորդավար, դերասան Սամվել Թոփալյանն է:
- Սամվել, վաղուց Ձեզ սերիալներում չենք տեսնում: Միայն թատրոնո՞ւմ եք:
- Դեռևս սերիալներից առաջարկներ չունեմ… Աշխատում եմ «Գոյ» և «Մալյան» թատրոններում, «32» թատրոնում արդեն երկու ներկայացման մեջ եմ զբաղված:
- Հայաստանում դերասանի մասնագիտությամբ ապրելը հե՞շտ է:
- Եթե ֆինանսական առումով նկատի ունեք, իհարկե, դժվար է: Բայց, քանի որ ազգությամբ հայ ենք ու մեր երկիրն է, բնականաբար այստեղ ավելի հաճելի ու ցանկալի է ապրելը…
- Այսօր երիտասարդ շատ ռեժիսորներ, դերասաններ փորձում են թատրոնին ժամանակակից շունչ տալ, նորամուծություններ անել: Ինչպե՞ս եք դրան վերաբերում:
- Դա լավ է, եթե անողը ճաշակով է, պրոֆեսիոնալ, ու չափի զգացողություն ունի: Բայց հիմնականում մեզ մոտ ինչ-որ անճաշակ բաներ են ստացվում: Փորձում են «աջ ձեռքով ձախ ականջը բռնել»…
- Իսկ սերիալները, ըստ Ձեզ, ի՞նչ մակարդակի վրա են:
- Ինչ-որ մակարդակի հասել են, բայց, բնականաբար, դեռ շատ գործ կա անելու…

- Երբ սերիալային առաջարկ է լինում, ինչպե՞ս եք կողմնորոշվում՝ համաձայնել, թե ոչ…
- Հիմնականում ծանոթանում եմ, թե ինչ պետք է ներկայացնեմ, բայց կան ֆինանսական և այլ խնդիրներ ևս… Ամեն դեպքում դա դերասանի գործ է, և ամեն մեկը պետք է փորձի իր գործը լավ անել…
- Այսօր այնտեղ ավելի լավ են վարձատրում, քան թատրոններում…
- Ոչ միայն այսօր, միշտ է այդպես եղել… Ֆիլմերում տասնապատիկ ավելի բարձր են վճարել, քան թատրոնի աշխատավարձն է…
- Կան դերասաններ, ովքեր երազում են այս կամ այն կերպարը կերտել: Դուք նման հավակնություններ ունե՞ք:
- Ճիշտն ասած՝ մասնագիտական առումով ես երազանքներով ապրող դերասան չեմ, ամեն ինչին ավելի ռեալ եմ նայում… Հաշվի առնելով այսօրվա ֆիլմարտադրությունը՝ ավելորդ է երազներ ունենալ…
- Սամվել, կա՞ կյանքում ինչ-որ բան, որ երբեք չեք անի:
- Բնականաբար: Չեմ խաբի, չեմ բամբասի… Այդպես անընդհատ կարող եմ թվարկել…
- Իսկ Ձեր մասին մարդկանցից ասեկոսեներ լսե՞լ եք:
- Անկեղծ ասած՝ իմ անվան հետ կապված խոսակցություններ երբեք չեմ լսել:
