Դասական երաժշտությունը պետք է մի քիչ անհասանելի լինի. Սերգեյ Սմբատյան


11:01 , 7 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար զարմանալի է հայերից շատերի նախընտրությունը՝ Նոր տարին դիմավորել ռեստորաններում՝ «բարձր երաժշտության և ոգևորիչ մթնոլորտի» ներքո։

Tert.am-ի հետ զրույցում երաժիշտն ասաց, որ նախըտրում է ամանորյա և Սուրբ ծննդյան տոներն անցակացնել ընտանիքում։

«Հայաստանում շատ քիչ է եղել, որ Նոր տարի դիմավորեմ, բայց ինձ համար մանկուց ձևավորվել է, որ դա շատ ինտիմ տոն է, և ես չեմ պատկերցնում, թե մարդիկ ինչպես են նախընտրում ռեստորնները ու այդպես բարձր երաժշտության և ոգևորիչ մթնոլորտի ներքո քեֆ անելով դիմավորում Նոր տարին»,- ասաց նա։

«Ինձ համար տարեսկզբյան տոները մի էտապ է կյանքում, երբ դու փորձում ես մոռանալ անցյալ տրվա դժվարությունները և նոր փուլ մտնում՝ ամենալավին սպասելով։ Դրա համար ինձ համար նոր տարին շատ ինտիմ, ընտանեկան տոն է, որը երբեք կարծում եմ ինձ մոտ չի ձևափոխվի»,- վստահեցրեց Սերգեյ Սմբատյանը:

Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ իրեն չի անհանգստացնում ռաբիսի այսքան մեծ չափաբաժինը, դեռ ավելին՝ ինքը դասական երաժշտության քարոզչության պակաս չի էլ զգում։

«Ես դրա պակասը չեմ զգում, քանի որ չեմ կարծում, որ դասականն այնքան պետք է լինի, որ արժեզրկվի։ Դասականը պետք է լինի շատ ավելի նեյտրալ և լսեն շատ ավելի հասկացող մարդիկ, ովքեր ունակ են գնահատելու դասական երժշտությունը, քանի որ դա շատ բարդ է»,- ասաց նա։

«Հավատացեք, որ դասական երաժշտությունը նույնիսկ պետք է մի քիչ անհասանելի լինի այն մարդկանց համար, որոնց չէի ասի ինտելեկտուալ պաշարը, այլ ուղղակի էմոցիոնալ պաշարը և իրենց մտածելակերպը չի համապատասխանում դրան։ Ավելին, ես համամիտ չեմ այն տեսակետների հետ, որ դասական երաժշտությունն անտեսված է, այսօր դասական երաժշտությունն ավելի պոպուլյար է, քան 4-5 տարի առաջ էր»,-ավելացրեց նա։

Սերգեյ Սմբատյանը ոչ միայն չի թաքցնում իր նվագախմբի հաջողությունը, այլև հպարտանում է դրանով: «Այսօր ես խոսում եմ ամենամեծ հաջողություն ունեցող նվագախմբերից մեկի անունից, մեր նվագախումբը թերևս միակ նվագախումբն է, որ տարին 2-3 անգամ արտերկրից հրավեքներ է ստանում, նվագախումբն անում է տարբեր ֆորմատներով համերգներ և հաջողակ է շատ։ Պետք է լինել մի քիչ հաջողակ և կարողանալ ճիշտ մատուցել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ