09:20 , 7 հունվար, 20141in.am-ը գրում է.
2013-ին Բրազիլիայի ոստիկանությունը առգրավել է 35.7 տոննա կոկաին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմինների տարածած հատուկ կոմյունիկեն: Փաստաթղթում նշվում է, որ դաշնային ոստիկանության գործակալների գործողությունների արդյունքում դատարանի որոշմամբ թմրամաֆիայից առգրավվել են 80.1 մլն ռեալի (34.8 մլն դոլար) ակտիվներ:
Բրազիլիայի դաշնային ոստիկանության գլխավոր տնօրեն Լեանդրո Կոիմբրայի խոսքերով՝ նախորդ տարի հարավամերիկյան այդ երկրում ուժայինները կտրուկ մեծացրել են հատուկ գործողությունների թիվը: Դրանք տեղի են ունեցել 289 անգամ: Հատկապես ուշադրության կենտրոնում են եղել սահմանամերձ շրջանները, որոնց միջոցով թմրանյութերը ներթափանցում են երկիր:
«Լուծելով հանցագործ խմբավորումների դեմ պայքարի խնդիրը՝ մենք կարողացանք զգալի հարված հասցնել անօրինական բիզնեսով զբաղվող շնաձկների գրպաններին՝ 2012-ի համեմատ վեց անգամ մեծացնելով հանցագործներից առգրաված ակտիվների արժեքը»,- ասել է դաշնային ոստիկանության ղեկավարը: