08:10 , 7 հունվար, 20141in.am-ը գրում է.
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հունվարի 13-ին կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն Իրանի դերը Սիրիայի վերաբերյալ առաջիկա խաղաղարար համաժողովի ընթացքում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 13-ին կհանդիպեն, և մենք հույս ունենք, որ նրանք պայմանավորվածություն ձեռք կբերեն Իրանի մասնակցության վերաբերյալ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերոնշյալ հանդիպումը տեղի կունենա Փարիզում:
Ֆարհան Հաքն ընդգծել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կողմ է Իրանին հրավիրելուն, սակայն այդ մասին վերջնական որոշում դեռևս ընդունված չէ և այն թողնվում է «Ժնև-2» համաժողովը նախաձեռնողներին` ՌԴ-ին և ԱՄՆ-ին: Հաքի խոսքերով` օրվա ընթացքում համաշխարհային կազմակերպությունը հանդես կգա վերոնշյալ իրավիճակի հետ կապված հայտարարությամբ: