Պետք է կարողանանք մեր հարցերն ինքներս լուծել, բավական է մեր հարևանների ու այլ ժողովուրդների վրա մուննաթ գանք. Երվանդ Մանարյան


21:52 , 6 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանը հարաբերական է համարում անցած տարվա ձեռքբերումներից ու կորուստներից խոսելը, բայց հույս ունի, այս տարի իշխանություններն ավելի խելացի կգտնվեն՝ իրենց անձնական շահը մի կողմ դնելով, և գոնե կկանխեն արտաղաթը, իսկ ժողովուրդը կգիտացի, որ ինքն է իր վաղվա օրը որոշողը։

«Ձեռքբերում ասվածն առանց կորուստների չի լինում, այնպես չէ, որ պետք է սկուտեղի վրա բերեն, մատուցեն մեզ. մի բան պետք է կորցնես, որ մի բան էլ շահես։ Կարծում եմ` նորմալ ընթացք է, ուղղակի մենք ընդհանրապես սովոր չենք քաղաքական թոհուբոհի մեջ ինքնուրույն մտածել, սովոր ենք եղել միշտ էլ, որ մեր փոխարեն ուրիշները մտածեն, այնինչ պետք է օրակարգ ընդունենք ու մենք հրամցնենք մեր վաղվա ապագան»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց մտավորականը, ով մշտապես հանդես է գալիս ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ։

Այսօր, ըստ նրա, իշխանությունները չեն վարում այն քաղաքականությունը, որի մասին ինքը երազել է, բայց համոզված է` այն, ինչ ինքը ցանկանում է, անպայման կտեսնեն իր թոռները։

«Ակնկալիքներ ունեմ, բայց հույս չունեմ, որ ես կտեսնեմ այն Հայաստանը, որն ուզում եմ ունենալ: Դեռ չեմ ասում` զավակներս կտեսնեն, հավանաբար` թոռներս կհասցնեն տեսնել։ Մենք, ի վերջո, ժողովուրդ պետք է դառնանք, չէ՞։ Պետք է կարողանանք մեր հարցերն ինքներս լուծել, բավական է մեր հարևանների ու այլ ժողովուրդների վրա մուննաթ գանք, եթե մենք չենք կարողանում մեր հարցերը լուծել, մունաթ ենք գալիս ռուսների վրա։ Պետք է ի վերջո` հասկանանք, որ ռուսն իր երկիրն է պահում, դուք ի՞նչ գործ ունենք նրա հետ, իրենց երկրին այդպես է հարմար, այդպես է անում, ինչո՞ւ նա պետք է իմ խաթրով շարժվի, նա իր հարցերն է լուծում, մենք էլ պետք է մեր հարցերը լուծենք։ Այո′, թոռներս կտեսնեն անպայման, մենք 4000 տարի է` այս ձևով ենք ապրում, բավական է»,-նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ