22 տարի առաջ պաշտոնապես հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին


18:15 , 6 հունվար, 2014

Քսաներկու տարի առաջ`1992 թ.-ի հունվարի 6-ին, պաշտոնապես հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության անկախության մասին: 
Մինչ այդ՝ 1991թ.-ի դեկտեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի համար անցկացվել էր միջազգային նորմերին համապատասխան հանրաքվե` տարբեր երկրներից ժամանած մի մեծ խումբ անկախ դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: 
Հանրապետության տարածքում ձևավորվել էր 81 ընտրական տեղամաս, ընտրողների ցուցակում ներառվել էր 132 հազար 328 մարդ:

Հանրաքվեի դրված հարցն այսպես էր ձևակերպված. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն` ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»:
Քվեաթերթիկները կազմվել էին երեք լեզուներով` հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն:


Ընդհանուր առմամբ` հանրաքվեին մասնակցեց 108.736 մարդ, կամ` գրանցված ընտրողների 82,2%-ը: Քվեարկությանը մասնակցածների 99,89%-ը կողմ արտահայտվեց ԼՂՀ անկախությանը:
Անկախության հանրաքվեից անմիջապես հետո` 1991 թ.-ի դեկտեմբերի 28-ին, անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ մեծամասնական ընտրակարգով, ինչի արդյունքում ընդհանուր, հավասար և գաղտնի քվեարկությամբ ձևավորվեց պետական իշխանության բարձրագույն մարմինը` ԼՂՀ Գերագույն խորհուրդը: 
Արդեն 1992 թվականի հունվարի 6-ին Գերագույն խորհուրդն իր առաջին նիստում ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագիրը:

Հռչակագրում արձանագրվեց, որ ելնելով ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքից, հիմք ընդունելով 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացած հանրապետական հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտությունը` ԼՂՀ Գերագույն խորհուրդը հաստատում է իր դրոշը, զինանշանն ու օրհներգն ունեցող ԼՂՀ անկախ պետականությունը: 
Խորհրդարանը նաև ձևավորեց հանրապետության առաջին կառավարությունը` ԼՂՀ նախարարների խորհուրդը, որը ստիպված եղավ իր աշխատանքը սկսել Ադրբեջանի կողմից համատարած շրջափակման և ռազմական ագրեսիայի պայմաններում:


1991-1994 թթ.-ին ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև ձևավորվեց ռազմական կոնֆլիկտ։ Արդյունքում` ԼՂՀ-ի կողմից ազատագրված և փաստացիորեն վերահսկվող տարածքը ներկայում զբաղեցնում է Ադրբեջանի հարավ-արևմտյան մասը` արևմուտքում հատելով Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանները, հարավում` Ադրբեջանի ու Իրանի, իսկ հյուսիսում և արևելքում հատվում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքների: Ներկայում Ադրբեջանի ռազմական ուժերի վերահսկողության տակ են գտնվում հայկական հողերից Մարտունու և Մարտակերտի շրջանի մի մասը ու ԼՂՀ Շահումյանի շրջանի գրեթե կեսը:


Այսօր Լեռնային Ղրաբաղի Հանրապետությունը բաժանված է 7 շրջանների և Ստեփանակերտ մայրաքաղաքի: ԼՂՀ-ում կա 10 քաղաք և 301 գյուղական բնակավայր: Տարածքը՝ 11500 քառ.կմ է, որից փաստացի վերահսկվում է 11000 քառ.կմ-ը։ Բնակչության թվաքանակը կազմում է 137. 380-137 737 մարդ, խտությունը՝ 29 մարդ/քառ.կմ։ ԼՂՀ արժույթը ղարաբաղյան դրամն է, փաստացի շրջանառվող արժույթը՝ հայկական դրամը։ Պետական լեզուն հայերենն է։

Լեռնային Լարաբաղի Հանրապետության հիմնի հեղինակներն են` խոսք՝ Վարդան Հակոբյանի, երաժշտություն` Արմեն Նասիբյանի:
Ազատ ու անկախ Արցախ
Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն-ամրոցը կերտեցինք,
Պատմությունը մեր երկրի,
Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք:
Դու բերդ ես անառիկ, 
Բարձունք սրբազան, վեհ անուն, 
Մասունք աստվածային, 
Քեզնով ենք հավերժանում:
Դու մեր լույս հայրենիք,
Երկիր, հայրենյաց դուռ սիրո.
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ:
Քաջերն ենք մենք հայկազուն, 
Մռավ ենք, Քիրս ենք ու Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ` 
Անհաղթելի մի բուռ աշխարհ: