15:39 , 6 հունվար, 2014
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի փորձաշրջանը գերմանական «Այնտրախտում» (Բրաունշվեյգ) բավական կարճ տեւեց: Braunschweiger-zeitung.de-ն հայտնում է, որ Ղազարյանի հետ գերմանական ակումբը պայմանագիր չի կնքելու:
«Այնտրախտի» մարզիչ Տորստեն Լիեբերկնեխտը հայտնել է, որ իրենք շարունակելու են հետեւել Գեւորգի խաղին. «Այն փաստը, որ նա հանդիսանում է Հայաստանի հավաքականի խաղացող, շատ բան է ասում նրա որակների մասին: Նա տեխնիկապես լավ պատրաստված խաղացող է: Մենք շարունակելու ենք հետեւել նրան»:
Երեկ, գերմանական ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկություն, որ Ղազարյանն առաջին մարզումն է անցկացրել «Այնտրախտում»: Վերջինս շուտով մեկնելու է Իսպանիա, որտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք:
Հիշեցնենք, որ 2013 թվականի ամռանը Գեւորգ Ղազարյանը համալրեց ղազախական «Շախտյորի» կազմը, սակայն դեկտեմբերին տեղեկություն հայտնվեց, որ նա չի շարունակելու կարիերան այդ թիմում: