Իմ ու քո ընկեր ֆեյսբուքցին. Հետտոնական հարցազրույց TA Production-ի հետ


18:45 , 5 հունվար, 2014

-Ե՞րբ ես ծնվել, որտե՞ղ և ո՞վ ես մասնագիտությամբ:

- Ծնվել եմ 1986 թ. սեպտեմբերի 3-ին Երևանում, ունեմ մի քանի մասնագիտություն. բանասեր, լրագրող, ունեմ նաև գիդ-էսքկուրսավարի կրթություն, վերջին 5-6 տարին էլ զբաղվում եմ պրոդյուսերական գործունեությամբ:

- Ե՞րբ ես գրանցվել Ֆեյսբուքում և ինչո՞ւ:

 - Ֆեյսբուքում առաջին անգամ գրանցվել եմ 2009 թվականին, բայց մի քանի ամիս անց ջնջել եմ պրոֆիլս, որովհետև ընկերներիս ցանկը շատ փոքր էր, և այն ժամանակ հետաքրքիր չէր: Հետո արդեն 2010-ի վերջերին վերադարձա, ու միաժամանակ մի քանի պրոֆիլով: Վերադարձա, որովհետև աշխատանքս էր պահանջում:

- Ինչպե՞ս եղավ ճանաչումդ Ֆեյսբուքում:

- Ունեմ 5000 ընկեր, որոնք չզգացի, թե ինչպես ժամանակի ընթացքում այդքան շատացան, պարզապես մի օր նայեցի ընկերներիս ցանկն ու հասկացա, որ մենք հասնում ենք 5000-ի: Ես անկեղծ եմ, գրում եմ այն, ինչ մտածում եմ, ու, ամենակարևորը, չեմ մտածում, թե ինչ կմտածեն իմ մասին:

- Ե՞րբ ես block անում Ֆեյսբուքում:

- Ֆեյսբուքը ազատ տիրույթ է: Մեզանից յուրաքանչյուրի ձեռքում է՝ այն մեզ համար կլինի հետաքրքի՞ր, թե ոչ: Մեզ ինչ-որ մեկը կնյարդայնացնի՞, թե ոչ: Բլոկ եմ անում շատ քիչ, որովհետև ինձ դժվար է նյարդայնացնելը: Կարճ` արգելափակում եմ, երբ տհաճ են, երբ իմը չեն:

- Ո՞ր տեսակի լրատվական տեղեկատվությունից ես նյարդայնանում:

 - Ոչ մի տեսակի: Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը կարդում է այն լրատվությունը, ինչն իրեն պետք է: Եթե ինչ-որ բան ինձ հետաքրքիր չէ, ես ուղղակի չեմ կարդում: Ամեն տեսակի լրատվական տեղեկություն ունի ընթերցողների իր խումբը: Ուղղակի զավեշտալի է ասել՝ մի տվեք «Բլոգեր Անժելա Մկրտչյանի գեղեցկուհի քույրիկը Instagram-ում» նյութը, եթե այդ նյութը դառնալու է օրվա կամ շաբաթվա ամենադիտվածը, իսկ որևէ մշակութային կարևոր, հետաքրքիր նյութ կարող է անգամ 200 դիտում չունենալ: Լրատվությունն էլ տալիս է այն, ինչի պահանջն ունեն մարդիկ:

 - Թվիր հինգ ֆեյսբուքցու, ում գրառումներն առավել հաճույքով ես կարդում:

- Նավակ Ճոճող, Սուրեն Նազինյան, Վլադ Հովհաննիսյան, Սամվել Մարտիրոսյան, Արմեն Թադևոսյան և այլն, շատ կան:

- Ո՞ր կայքն ես առավոտյան առաջինը բացում:

 - Մտնում եմ ֆեյսբուք, եթե կա որևէ ինձ հետաքրքիրող բան, ապա մտնում եմ, նայում, եթե ոչ, ապա առանձնապես չեմ հետաքրքիրվում:

- Օրական քանի՞ ժամ ես օնլայն լինում:

 - Երբ ես օնլայն եմ, դա դեռ չի նշանակում, որ ես ֆեյսբուքում եմ: )) Կարող եմ ողջ ցերեկն ու գիշերը օնլայն լինել, բայց համակարգչի մոտ չլինել կամ զուգահեռ աշխատել: Միացրած է, ես էլ իմ գործն եմ անում: Ինձ մոտ համատեղելը լավ է ստացվում:

- 5 բան, առանց որոնց Ֆեյսբուքը շատ ավելի լավ վայր կլիներ «ապրելու» համար:

- Կուզեմ, որ մարդիկ անկեղծ լինեին իրենք իրենց ու բոլորի հանդեպ, միմյանց հաշվին չկայանային ու իրար ինչ-որ բան ցույց չտային ֆեյսբուքի միջոցով, թե չէ մնացածը կշտկվի: Մանր բաներին եկեք ուշադրություն չդարձնենք` լայք խնդրել, թեգ անել, քաղաքական խաղեր խաղալ ու նմանօրինակ երևույթներ:

- Մեզանում շատացել է քծնանքը. ինչպե՞ս ես պայքարում դրա դեմ:

-Առհասարակ ցանկացած երևույթ, եթե սրտովս չէ, ես ուղիղ ասում եմ, նեղանալն էլ թողնում դիմացինիս «խղճին»: Սրտումս կուտակումներ չեմ առաջացնում մարդկանց հանդեպ, եթե զգացի, որ մեկը քծնում է, շողոքորթում, միանգամից կասեմ: Մարդիկ չեն սիրում լսել ճշմարտությունը, իսկ ես սիրում եմ ասել  ճշմարտությունը և արդյունքում վաստակում եմ «բարեկամներ»:

- Որո՞նք են քո ուժեղ ու թույլ կողմերը:

 - Հավատում եմ մարդկանց: Այո, ես դրանով եմ ուժեղ: Այսօր քչերին է տրված դիմացինի անկեղծ հավատալու կարողությունը: Ես ունեմ այդ կարողությունը, որով և՛ թույլ եմ ու հեշտ խոցելի, և՛ ուժեղ եմ:

 - Արդյո՞ք քեզ համարում ես ֆեյսբուքյան ակտիվիստ:

- Ոչ: Այսօր ակտիվիստը ասոցացվում է այնպիսի երևույթների հետ, որոնք ինձ համար մերժելի են ու դեմ իմ սկզբունքներին:

- Երբևէ փորձե՞լ ես ստատուսի միջոցով ինչ-որ մեկին ինչ-որ բան հասկացնել:

 - Հնարավոր է: ))

- Ո՞ր զանգվածն է ամենաշատը նյարդայնացնում քեզ ֆեյսբուքում:

- Ֆեյսբուքյան հրաշք կարգավորումների շնորհիվ արդեն վաղուց ինձ նյարդայնացնող մասսայի գրառումները ես չեմ կարդում, ինչպես նաև նրանք՝ իմը:

- Կախվածություն ունե՞ս ֆեյսբուքից:

- Մի ժամանակ՝ այո, իսկ այժմ `ոչ:

- Ֆեյք ունե՞ս:

- Այն էլ քանի հատ:

- Հաճա՞խ ես Online ծանոթությունները offline տեղափոխում:

- Այո, շատ հաճախ: Գրեթե միշտ: Եթե ֆեյսբուքով ես զգացի, որ որևէ մարդ «իմն է», անմիջապես նախաձեռնում եմ ու հանդիպում: Ինչպես չասեմ, որ օնլայն ֆեյսբուքը ինձ տվեց մի քանի այնպիսի հրաշք ընկերներ, որոնք արդեն իմ ամեն օրվա օֆֆլայն ընկերն են: Նաև շատերին, ովքեր ֆեյսբուքյան քողով են ծածկված իրականում ճանաչելով չհամակրեցի: Նման դեպքեր էլ են եղել:

 - Հայտնի ֆեյսբուքահայերից ու՞մ հետ ես մտերիմ:

 - Չթվարկեմ, շատերի. կմոռանամ որևէ մեկին ու կնեղացնեմ:

- Փառասե՞ր ես:

- Ոչ: Նյութականը ոչինչ է: Արժեքները, սկզբուքներն ու ամեն ինչի հանդեպ ներքին հավատն է ամենակարևորը:

- Շատերը գիտեն, որ Ֆեյսբուքում հայտնի Online Comics խմբի ադմիններից ես: Ինչպե՞ս են ծագում կոմիքսների գաղափարները:

- Այո, իմ սիրելի կոմիքսները: Նրանք իմ մի մասն են: Իմ կյանքի ցանկացած զավեշտալի իրավիճակ ես որսում եմ ու անմահացնում կոմիքսի տեսքով: Իրականում բոլորիս հետ էլ լինում են նման իրավիճակներ, ուղղակի ես կետրոնանում եմ իրավիճակների վրա: Ասում են՝ ստացվում է, մարդիկ հավանում են (հիմա ավելորդ համեստություն եմ անում) )) :



- Արդյո՞ք հումորային էջ ունենալը, բացի ժամանցից, որևէ այլ նպատակ է հետապնդում քեզ համար:

 - Ոչ: Միայն ժամանց: Օրինակ երբ նկարում եմ մեմերին, ես հանգստնում եմ իմ գերհագեցած առօրյայից: Երբ մի օր չեմ սարքում կոմիքս, մտնում եմ էջ, տեսնում գրված նամակները, թե ինչու չենք սարքել, ուրախանում եմ: Միշտ էլ հաճելի է, երբ սպասված ես: Ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ:

- Ինչպե՞ս ես հասցնում համատեղել մի քանի գործ միաժամանակ, չե՞ս հոգնում:

- Չհոգնելը մի մեկնաբանություն ունի. ես սիրում եմ այն, ինչ անում եմ: Կյանքում երբեք չեմ արել այն, ինչ սրտովս չի: Հաճույք ստանալ սեփական աշխատանքից՝ նշանակում է ամեն վայրկյան լիցքավորվել դրական էներգիայով, քո էներգիան տալ կողքիդ մարդկանց, թեթև նայել խնդիրներին ու ամենակարևորը` ամեն պարագայում նայել միայն առաջ: Այն, ինչ եղել է, արդեն եղել է, իսկ ամենալավը դեռ առջևում է:

 - Քեզ լավ վարորդ համարու՞մ ես, հաճա՞խ ես կին վարորդների հասցեին հնչած կատակների զոհ դառնում:

- Ոչ, ես ինձ համարում եմ շատ վատ վարորդ, որը վտանգավոր է ոչ միայն իր, այլ նաև շրջապատի համար: Ես ուղիղ եմ նայում ճշմարտության աչքերին. ինձ մոտ մեքենա վարելը շատ վատ է ստացվում: Բայց ես հնարամիտ վարորդ եմ ու եթե օրինակ խցանում է և գիտեմ, որ չեմ կարող վարել, միացնում եմ վթարային լուսարձակները  ու նստում մեքենայի մեջ այնքան ժամանակ, մինչև թեթևանում է ճանապարհը : ))

- Երբևէ եղե՞լ է, որ շիկահեր լինելդ շահարկեն:

- Այո, շատ-շատ: Բայց ես թեթև եմ նայում, ի վերջո, հենց սևահերներները չեն ընկալում, որ խելքը մազերի գույնի մեջ չէ, այլ` գլխի:

-Ի՞նչ կուզես, որ փոխվի նոր` 2014 թվականին, ի՞նչ ցանկություն ունես Ձմեռ պապիկից:

- Թող 2014-ը ոչինչ ու ոչ մեկին չխլի մեզանից, թող իմ համերկրացիները ապրեն արժանավայել, թող բոլորս առողջ ու ներդշնակ ապրենք, մեր զինվորներին խաղաղ ծառայություն: Ձմեռ պապիկից էլ խնդրել եմ, որ իրականացնի բոլորի ցանկությունները, իսկ իմը ես կիրականացնեմ: Ուրախ ու ջերմ տարի բոլորիս: ))