19:25 , 5 հունվար, 2014
Կարլ-Հայնց Շայդե. 78-ամյա այս մարդը գիտի Հայաստանի ամեն քար ու թուփը, պաշտում է Արցախը, հայկական բազմազան բնությունն ու սուր եղանակային պայմանները: Նրա իսկ խոսքերով` 2000թ. առաջին այցից ի վեր սիրտը բաբախում է միայն Հայաստանի համար: Հայր Շայդեն ապրում է մեր երկրի հոգսերով, ջանում թեթևացնել մարդկանց ծանր սոցիալական բեռը:
2002թ, հունվարին Երևանի պատվավոր քաղաքացի Գերհարդ Մայերի ողբերգական մահից հետո Կարլ-Հայնց Շայդեն ստանձնեց նրա դժվարին գործը և մինչ օրս շարունակում է կրել այդ ծանր բեռը ամենայն պատասխանատվությամբ. նա դեռևս 1994 թվականին Երևանում Մայերի հիմնած ՙԳթության խոհանոց ծրագրի ղեկավարն է Գերմանական Կարմիր Խաչի կողմից և իր իսկ նախաձեռնած ՙԵրևանի Գթության խոհանոց ծրագրի ընկերական շրջանի՚ հիմնադիր ղեկավարը, ով 2002 թվականից մինչ օրս «Գթության խոհանոց» ծրագրի համար հանգանակել է շուրջ մեկ միլիոն ութ հարյուր հազար Եվրո:
Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի թանկացումները նրան մղեցին ընդլայնել ծրագրի շահառուների թիվը, քանի որ, իր իսկ խոսքերով, կյանքի ստվերում հայտնված մարդիկ այսօր ավելի շատ հոգացության կարիք ունեն, և պետք է գործել անհապաղ:



Այսօր ավելի քան 400 շահառու աշխատանքային օրերին ստանում է տաք և կալորիական սնունդ, իսկ շուրջ 45 անկողնային տարեցներ խնամք են ստանում տնային այցելությունների միջոցով: Հոգացությունից դուրս չեն մնում նաև հատուկ կարիքներով ռիսկային խմբերի երեխաները. շուրջ 250 երեխա ՙՄանկական սնունդ՚ ծրագրի շրջանակում ստանում է համապատասխան աջակցություն: Տոների նախօրեին շահառուներն անմասն չմնացին նաև Սուրբ Ծննդյան և Ամանորի նվերներից:
Այս օրերին կրկին Շայդեն Հայաստանում է և առաքելություն է իրականացնում մարզերում:


Առաջին այցելությունը Տավուշի մարզ էր: Գերմանական Կարմիր խաչի հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները, տեղի կամավորների աջակցությամբ, մարդասիրական օգնություն բաժանեցին Դիլիջանի, Իջևանի, Բերդի բազմաթիվ կարիքավոր ընտանիքների: Սնունդի տոնական փաթեթները գեթ մեկ ամսով կթեթևացնեն անապահով մարդկանց ծանր կենցաղը, իսկ Ամանորն այլևս անտանելի հոգս չի թվա նրանց:
Հայկական Կարմիր խաչի Տավուշի մարզային մասնաճյուղի Բերդի համայնքային կառույցին տրամադրվեց նաև օգտագործված հագուստ` հատուկ կարիքավորներին բաժանելու համար: Շայդեի առանձնահատուկ ուշադրությանն արժանացան բազմազավակ ընտանիքները. նրանցից յուրաքանչյուրը դրամական խրախուսանք ստացավ բարերարի կողմից:





Առաքելության ողջ ընթացքում Հայր Շայդեն մեկ առ մեկ հիշում էր շահառուներին, նրանց հետ կապված պատմությունները, ծանոթանում նոր այցելուներին, ճշտում երեխաների անուններն ու խոստանում կրկին հանդիպել հաջորդ այցին: Բերդ քաղաքում նրան խիստ անհանգստացրեց, թե ինչպես պիտի փխրուն կանայք ու փոքրիկները ծանր փաթեթներով մինչև տուն քայլեն: Իջևանում գովեց մարզային մասնաճյուղի տնօրեն Վաչիկ Սարիբեկյանին, քանի որ վերջինս անմիջապես կողմնորոշվում էր և աշխատանքային խմբին ուղեկցում ճիշտ հասցեներով, որտեղ բազմազավակ ընտանիքներ էին: Ըստ Շայդեի` սա՛ է մարդասիրությունը, երբ դու գիտես յուրաքանչյուր կարիքավորի տունը:
Մարդիկ հեռանում էին` իրենց հետ տանելով քահանայի երգի պարգևած լիցքերը, աղոթքն ու օրհնությունը:



Առաքելության այցելությունները շարունակվում են. հաջորդը Գյումրին է:
Կարլ-Հայնց Շայդեի և Կարմիր խաչականների ստանձնած բարոյական պարտավորությունը` կարեկցանք կարիքավորի նկատմամբ, քրիստոնեական կենցաղավարության օրինակելի դրսևորում է, որը պիտի յուրաքանչյուր անհատի առօրյայի մաս կազմի:
Ժաննա Սարգսյան