17:17 , 30 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Միացյալ Թագավորությունում թոշակային տարիքի յուրաքանչյուր 7-րդ կին ալկոհոլ է օգտագործում շաբաթական առնվազն 5 անգամ՝ հայտնում են բրիտանացի սոցիոլոգները:
Ըստ հետազոտության արդյունքների՝ տարիքին զուգընթաց տարեց բրիտանուհիների մոտ հակումն ալկոհոլի նկատմամբ մեծանում է: 25-44 տարիքային խմբում միայն կանանց 5 տոկոսն է կանոնավոր կերպով ալկոհոլ օգտագործել՝ գրում է The Daily Mail-ը:
Բժիշկները նախազգուշացնում են, որ թոշակային տարիքում պետք է կրկնակի կրճատել օգտագործվող ալկոհոլի քանակը, քանի որ տարիքի հետ օրգանիզմն ավելի դժվարությամբ է պայքարում ոգելից խմիչքների կիրառման հետևանքների դեմ:
Թոշակային տարիքի մարդկանց հետ աշխատանքի հարցերով փորձագետ Ռոս Ալտմանը պատմել է, որ շատերը չեն հետևում խորհրդին, քանի որ կարիերայի ավարտից հետո նրանք ցանկանում են վայելել կյանքը:
Վիճակագրական տվյալները վկայում են, որ իրավիճակն արական սեռի ներկայացուցիչների դեպքում ավելի վատ է, քան կանանց: 65-ից բարձր տարիքի ջենթլմենների մոտ 25 տոկոսն ալկոհոլ է օգտագործում շաբաթական առնվազն 5 անգամ: