14:01 , 28 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Բելառուսում ընտանեկան արժեքների քարոզչությունը շատ լուրջ հիմքերի վրա է դրված: Եթե ընտանիքում երեխա է ծնվում, ապա բավական զգալի՝ 20 հազար դոլարից ավելի գումար է հատկացվում: Բելառուսական պետությունը հասկանում է ամուր ընտանիքի կարևորությունը: Այսօր`«Ընտանեկան ու հոգևոր արժեհամակարգին նետված սպառնալիքները և այն դիմագրավելու ուղիները» թեմայով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բելառուսի Հանրապետության «Հանուն կյանքի և ընտանեկան արժեքների պաշտպանության» Երիտասարդական Միավորման նախագահ Ալբերտ Ղազարյանը:
«Ընտանիքը պետության հիմքն է: Իսկ Հայաստանում ընդունելով գենդերային հավասարության մասին օրենքը՝ խախտվում է կուռ ընտանիքի մոդելը: Ոչ ոք տեր չի կանգնում այն երեխային, ում ծնվելու պահից մինչև հասունության տարիքը, մինչև ինքնուրույն կերպով սեռի ընտրության պահը, միստր իքս պիտի կոչեն: Տղամարդը պետք է տղամարդ լինի, կինը՝ կին: Եվ պետք չէ գենդեր բառը շահարկման առիթ դարձնել: Մեր ապագան մեր երեխաներն են, և մենք պետք է պայքարենք այդ օրինագծի դեմ: Նահանջելու տեղ չկա. հետևում մեր երեխաներն ու ընտանիքներն են»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս, Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանն իր հերթին նկատեց, որ Բելառուսում ընտանեկան բռնությունները լուծվում են դրանց պատճառների հայտնաբերման և վերացման ճանապարհով: «Իսկ ահա Հայաստանում ընտանեկան բռնությունների պատճառները չվերացրած՝ միանգամից սկսում ենք հետևանքներից: Մեզանում միջավայրն անառողջ է, սերիալներում ամենուր բռնության տեսարաններ են: Նշանակում է՝ պետք է նախ վերացնել անառողջ մթնոլորտը, պետք է խթանել բազմազավակությունը: Մինչդեռ հայաստանյան որոշ ուժեր շահագրգիռ են, որպեսզի ստեղծվեն ու գործեն ընտանեկան բռնություններով զբաղվող կենտրոններ, որպեսզի դրանցում աշխատողներն անգործ չմնան: Որոշակի մաֆիա կամ հինգերորդ շարասյուն շահագրգռված է, որ Հայաստանում նման ապաստարաններ գործեն: Նրանք շահագրգռված են, որ ընտանեկան բռնությունները շատ լինեն, հետևապես շատ լինի իրենց աշխատանքը»,- նկատեց նա: