Երևանցիների ցանկությունները


10:40 , 28 դեկտեմբեր, 2013

Երևանցիների ցանկություններըPanorama.am-ը գրում է.

«Անցավ ևս մեկ տարի՝ լի հոգսերով, հուսահատություններով ու դժվարություններով, ուրախություններով ու հաճելի պահերով: Չգիտեմ ինչպիսին կլինի 2014-ը, բայց մեկ բան եմ ամենաշատը ցանկանում՝ լինի խաղաղություն, քանի որ մնացած ամեն ինչ ժամանակի ընթացքում լուծելի, մոռացվող խնդիրներ են: Խաղաղություն՝ սա է ամենամեծ ցանկությունս, խնդրանքս»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց երևանցի Խաչատուր Գալստյանը ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ ակնկալիքներ ունեք 2014-ից:

Չնայած ցուրտ եղանակին, սառցապատ փողոցներին, մարդիկ ոգևորված պատրաստվում են Նոր տարվան, միաժամանակ իրենք իրենց մեջ վերլուծում անցնող տարին, հույսեր կապում ապագայի՝ գալիք 2014 թվականի հետ: 

«Տարին, բնականաբար, հոգսաշատ էր: Կարծում եմ, բոլորի համար էր այդպես: Աշխատում եմ ամբողջ ուժով, որպեսզի կարողանամ ընտանիքիս հոգսերը լուծել, երեխաներիս ցանկությունները կատարել: Հաջորդ տարի էլ, համոզված եմ, որ նույնկերպ պետք է շարունակել աշխատել, եթե, իհարկե, ստիպված չլինեմ էլ ավելի աշխատել, ուրիշ աշխատանք էլ անեմ, քանի որ, ինչպես տեսնում ենք, մեզ մոտ ամեն ինչ թանկանում է, աշխատավարձից նոր պահումներ են լինելու՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված, իսկ աշխատավարձը չի բարձրանում: Սակայն ուզում եմ տարին դիմավորել մի կողմ դրած այդ բոլոր մտածմունքները, հոգսերը, քանի որ ասում են՝ ինչպես դիմավորես տարին, այնպես էլ կշարունակվի: Ձգտենք դիմավորել ուրախ, լավի մասին մտածելով, հույս ունենալով, որ նոր տարին նոր հաջողություններ կբերի»,- հայաստանցիների Ամանորը շնորհավորեց ու բոլորին հաջողություններ մաղթեց 38-ամյա Տիգրան Ղազարյանը:

60-ամյա Աննա Նազարյանը բավականին հոռետեսական է տրամադրված. «Ինչ լավ բան եղավ 2013-ին, որ սպասենք 2014-ից: Թանկացումներ, թանկացումներ, թանկացումներ, որոնք իրենց հետ բերում են խնդիրներ, խնդիրներ, խնդիրներ: Աշխատանքից կրճատվել եմ, քանի որ գործատուն գումար չուներ աշխատավարձերը վճարելու համար և կրճատումներ արեց: Մեր ընտանիքում միայն տղաս է աշխատում, հազիվ հասցնում ենք: Նման պայմաններում ի՞նչ սպասելիքներ կարող եմ ունենալ 2014-ից: Իհարկե, ուրախ կլինեմ, որ միայն լավ բաներ լինեն 2014-ին, բայց հույս չունեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ