Մենք մեզ պատասխանատու ենք զգում արտագաղթի հարցում. Տիգրան Սարգսյան


17:50 , 27 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մենք մեզ պատասխանատու ենք զգում արտագաղթի հարցում: Այսօր այս մասին 2013թ. ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետն իր մեղավորության բաժինը տեսնո՞ւմ է արտագաղթի ներկայիս ծավալների հարցում և չի՞ կարծում արդյոք, որ այս տեմպերով ՀՀ-ն դատարկվելու է: 

Վարչապետն ասաց, որ այդ գնահատականների հետ համաձայն չէ: Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարության ծրագրի կարևորագույն թիրախն արտագաղթի խնդիրն է՝ որպես լրջագույն խնդիր, ինչպես գործազրկությունն ու աղքատությունը: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ այս խնդիրը լուծելու համար պետք է իրականացնել բարեփոխումներ, որոնք կատարելը հեշտ չէ: Սակայն, ըստ նրա, շատ վտանգավոր է, որ իշխանության գաղափարները հանրությանը չեն ներկայացվում կամ ներկայացվում են գաղափարների սուբյեկտիվ ընկալումների քննադատությունները:

«ՀՀ-ում կենսամակարդակը պետք է բարձրացնել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ավանդներն իրացնել ՀՀ-ում: Եթե տեսնում են, որ իրենց տաղանդը կարող են իրացնել այլ երկրում, բնականաբար՝ առաջանում է երկրից գաղթելու մոտիվացիա: Պետք է ստեղծել միջավայր, որ մարդիկ իրենց ապագան կապեն ՀՀ-ի հետ: Մենք մեզ զգում ենք պատասխանատու այդ գործում: Մենք պատրաստ ենք լսել քննադատությունը, թե ինչն ենք մենք սխալ անում, ինչը պետք է շտկել: Այդ երկխոսությունից կշահի մեր հասարակությունը»,- նշեց վարչապետը: