«Հայկական ժամանակ». Ուրիշի համար ես պատասխան տվեցի. Արայիկ Պետրոսյան


08:40 , 27 դեկտեմբեր, 2013

Թերթը զրուցել է դեկտեմբերի 25–ին, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող և ինն ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո ազատ արձակված Արայիկ Պետրոսյանի հետ։ Ներկայացնում ենք զրույցիցի մի հատված։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

-Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ հենց ձեզ կասկածեցին Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ։

-Էդ ոչ մեկս էլ չգիտենք, թե ինչի՞. ինչի՞ համար։ Դու կարո՞ղ ես ասել՝ ինչի համար են ինձ կասկածել։ Ես էլ չգիտեմ։ Բոլորի համար մութ ա այս պատմությունը, թե ինչի։ Որ Նիվա մակնիշի ավտոմեքենա ունենք, ուրեմն էդ հիմք ա տալիս ասելու, որ ե՞ս եմ սպանել։ Պռոշյանում մենք 2 նիվա ունենք, մեկը իմն ա մյուսը՝ եղբորս։ Ես էդ օրը (ապրիլի 2-ին, Հրաչ Մուրադյանի սպանության օրը, հեղ.) երեխուն տարել եմ դպրոց, եկել եմ տուն։ Հետո եկել են միանգամից տնից տարել են։ Ես տունն եմ եղել, որ էդ լուրը լսել եմ, ինձ զանգել ասել են, որ տենց բան ա եղել։ Ուրիշ Նիվա մակնիշի ավտոմեքենա չի եղել գյուղում՝ ինձ են եկել տարել ու մեղադրանք են առաջադրել։ Ապօրինի զենք էլ չի եղել։ Մենք զենք չենք ունեցել։ Ես զենք չունեմ, ոչ էլ տեղեկություն ունեմ։ Իսկ անտիմոնի մասին ասեմ, որ բոլորս էլ գիտենք, որ էդ անտիմոն կոչվածը կարա լինի ցանկացած պարագայից՝ անգամ ակումլյատորից։ Իրանք հիմք էին արել՝ մթոմ անտիմոնը զենքից ա, բայց փորձաքննությամբ պարզվեց, որ զենքից չի (Արայիկ Պետրոսյանի դեմքի, քթի և նրա ավտոմեքենայից հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել էին կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր։ Նշենք, որ անտիմոնի արգասիքներ հանդիպում են կենցաղում և բնության մեջ)։

-Այցելելո՞ւ եք Հրաչ Մուրադյանի հարազատներին։ Ի՞նչ եք կարծում՝ նախաքննության մարմնի գործողությունները կարող են ազդեցություն թողած լինել հարազատների վրա և իրենք մտածեն, որ դուք եք սպանել Հրաչ Մուրադյանին։

-Ես արդեն չեմ ուզում երկար զրուցեմ։ Ես բոլորին էլ այցելելու եմ, բոլորի հետ էլ շատ մոտիկ եմ եղել։ Ինքն ինձ շատ հարազատ ու մոտ մարդ ա եղել, ես ոնց կարող եմ չայցելել։ Անպայման պիտի այցելեմ, տեսնեմ, ցավակցությունս հայտնեմ։

-Պարոն Պետրոսյան, կարո՞ղ եք ասել՝ նախաքննական մարմինը ի՞նչ նոր հանգամանք նախօրեին բացահայտեց, որ Ձեզ ազատ արձակեցին։

-Չէ, ոչ մի բան։ Ուղղակի վերևն Աստված կա, ու արդարությունը հաղթեց։ Արդարության համար։

-Այս ինը ամիսների ընթացքում ի՞նչ վերաբերմունք է դրսևորել նախաքննական մարմինը ձեր նկատմամբ։

-Նորմալ վերաբերմունք, ամեն ինչ նորմալ ա եղել, լավ ա եղել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։