Ես շատ մեծ նմանություններ եմ տեսնում մեր այսօրվա և դարասկզբի պատմական անցքերի միջև


19:16 , 26 դեկտեմբեր, 2013

Ճիշտը որ խոստովանեմ, հեչ էլ իմ դուրը չի գալիս, որ որոշ իմ կողմից շատ հարգելի մարդիկ առավոտից երեկո փնովում են մեր ժողովրդին՝ երբեմն իրավացիորեն, իսկ հաճախ անիրավացի նրան վերագրելով բազում արատներ ու բացեր: Դե մարդ ենք, մեր մարդկային թուլություններով ու ուժեղ կողմերով, տենց էլ մեր ժողովուրդն է՝ իր թույլ ու ուժեղ կողմերով: Ով գիտի որևէ մի ժողովուրդ անթերի ու իդեալական, թող գլուխը գովի: Ես որ չգիտեմ:
Հազար անգամ ասել եմ, որ ես ոչ ռուսամոլ եմ, ոչ էլ՝ ռուսատյաց, ես ոչ արևմտամոլ եմ, ոչ էլ՝ արևմտաատյաց: Իսկ այ ոչ մի անգամ չեմ ասել, բայց հիմա առաջին անգամ ասում եմ՝ ես ոչ ազգայնամոլ եմ, ոչ էլ՝ ազգաատյաց (նկատի ունեմ մեր ազգին): Սիրում եմ ազգիս ու ինձ էլ համարում եմ ազգիս օրինավոր զավակներից մեկը ոչ առավել իմ բազում ազգակիցներից, ոչ էլ թերի նրանցից որևէ մեկից:
Այս ընդարձակ նախաբանից հետո հիմա ասեմ հիմնական ասելիքս: 

Բազմաթիվ անբարենպաստ հանգամանքների բերումով մենք հին-հին դարերում կորցրել ենք մեր պետականությունը, և հայրը կորցրած զավակի նման, սրա-նրա թևի տակ ծվարելով, եկել-հասել ենք մեր այս լուսավոր ու գրագետ դարին: Մեր տիրակալ ազգերը՝ մեկը լավ, մյուսը վատ, մեկը դաժան, մյուսը պակաս դաժան, տիրել ու շահագործել են մեզ: Սակայն նաև թույլ են տվել, որ ապրենք ու մեր այդ գերագույն իրավունքի վրա վերջնական խաչ չեն փորձել քաշել՝ մինչև անցած դարասկիզբը, երբ թուրքերը սրի քաշեցին մեր մի ստվար հատվածին ու հայրենազուրկ արեցին մեզ` տեղահանելով ու վտարելով մեր բուն հայրենիքից: Այս աղետի պատճառները քննարկելիս մենք բոլորին մեղադրում ենք՝ սակավ ուշադրություն դարձնելով ինքնագննադատությանը: Հա, ասում ենք, որ բավարար դիմադրություն ցույց չենք տվել: Սա բազում անգամներ ենք ասել ու երևի ճիշտ ենք ասել, իրոք, բավարար չափով չենք դիմադրել բռնացողին: Բայց սրա հետ մեկտեղ կա նաև մի հանգամանք, որի մասին համառորեն լռել ենք ու շրջանցել ենք՝ ամոթխած հարսի նման դեմքներս ճշմարտությունից շրջելով ու կարմրելով: Արդյո՞ք մենք բավարար հավատարմություն էինք ցուցաբերում թուրքին որպես տիրողի ու ենթարկվում էինք նրա երկրի գրված և չգրված կարգ ու կանոնին, թե աչքներս դուրսն էր ու հարմար առիթ էինք փնտրում դաշույնը նրա թիկունքը խրելու համար: Որ ցանկացած գերյալ մշտապես երազում է ազատագրվելու մասին, դա հայտնի բան է: Ու որ մենք դարերով երազել ու սպասում էինք թուրքական լծից ազատագրվելուն, դա էլ գիտենք: Բնական է, որ մենք նաև զգուշավոր էլ էինք ու գիտեինք, որ մեր ներքին ռեսուրսներով մենք այնքան ուժ չունեինք, որ կարողանայինք ապստամբել ու հաղթել թուրքին: Աչքներս դրսի օգնությանը հառած փրկություն էինք ակնկալում մարդկության առաջադեմ հատվածից: Իսկ առաջադեմ հատվածը թքած ուներ մեր ազատագրական իղձերի վրա ու զբաղված էր իր շահ ու օգուտը գցել բռնելով, ու մեզ, որպես իր շահին հասնելու միջոց, օգտագործելու հնարներ մտածելով: Ռուսը գտավ այդ հնարը ու մեր որոշ կուսակցությունների միջոցով մեզ սկսեց օգտագործել թուրքի դեմ: Գնացինք այդ սադրանքին ու շատ թանկ վճարեցինք մեր այդ տիրադավության համար: Եղավ այն, ինչ եղավ, ու կորցրածը այլևս ետ չես բերի: Մենք ամեն ինչի հետ միասին նաև բիրիքով վճարեցինք մեր ոչ բավարար տիրասիրության համար ևս: Հանկարծ ասածներս որպես ստրկամտության քարոզ չմեկնաբանեք: Ես լրիվ այլ բան եմ ասում: Ես ասում եմ արժանապատիվ հպատակի վարքագծի մասին: Հպատակ, ով ելնելով իր հպատակ լինելուց, արժանապատվորեն է կրում իրեն բաժին ընկած հպատակ լինելու ճակատագիրը, այլ ոչ թե տիրադավ ստրուկի հոգեբանություն է ցուցաբերում:

Ես շատ մեծ նմանություններ եմ տեսնում մեր այսօրվա և դարասկզբի պատմական անցքերի միջև և խելամիտ քայլերով առաջ գնալու կոչ եմ անում: Առաջ գնալ՝ առանց տրվելու սրա կամ նրա սադրանքին: Առաջ գնալ՝ հաշվի առնելով միայն մեր երկրի շահը: Առաջ գնալ՝ ժամանակից շուտ անհարկի մեյդան չմտնելով ու ճշգրտորեն հաշվարկված քայլերով: Մեկ ավելորդ քայլ աջ կամ ձախ և կարժանանանք բազում դժբախտությունների: Մեր ուղին կրկնակի ու եռակի ականապատված է ու ցանկացած փոքր անզգույշ քայլը կարող է ճակատագրական լինել մեր համար: