Նառա Վարդանյան. Ընտանիք


17:05 , 26 դեկտեմբեր, 2013

Հայրս գնաց: Նա ամեն անգամ գնում է:
Նրա վերադարձն ու ճանապարհվելը նույնն են:
Վերադարձի ու ճանապարհվելու
Օտարությունը նույնն են:
Վերջին ժամերին մայրս միշտ փնթփնթում է:
Վիճում են: Հետո հայրս լռում է:
Հայրս խեղճ լռում է: Այս անգամ էլ:
Քնելուց առաջ մայրս ու հայրս
Միասին լողանում են:
Մայրս սիրունանում է: Հայրս տխրում:
Ես մտովի ժպտում եմ նրանց երկուսին էլ:
Թռիչքն առավոտյան 7-ին է: Լուսադեմին դուրս կգա:
Ես ու եղբայրս անքուն լուսացնում ենք:
Տեսա լուսինն արցունքի պես է կախվել:
Ես ու եղբայրս ամբողջ գիշեր հորս ու մորս մասին ենք խոսում:
Մարդիկ այդպես են խոսում մտերիմ մարդու թաղումից հետո
Հիշում են թերացումները: Նրանց թերությունները: Վրիպումները:
Հիշում, որ պապս հորս աղջիկ չի տվել,
Մայրս հարսի շորը ճանապարհին է հագել`
Թթենու ծառի տակ:
Ծիծաղում ենք:
Եղբայրս շուրթը կծում է.
«Փող ունենայի, պապան կգնար գյուղ, գերեզմանոց»:
Հայրս, խեղճ, չէր գնա գերեզմանոց:
Հայրս իր հորը չկարողացավ փրկել հիվանդությունից:
Հիմա ես ու եղբայրս չենք կարողանում
Փրկել
Հորը,
որ ընտանիք է:
Լուսնի վրայից չղջիկ է ընկնում սենյակ, վարագույրից կառչում:
Լուսումութ է:
Հայրս ամեն անգամ գնում է: Այս անգամ էլ է գնում:
Երեխեքով հերթով դռան տակ կանգնում ենք:
Բոլորս գիտենք, որ ուր որ է նրա աչքերը կարմրելու են:
Եվ էլի ջրալի վերքը բացվելու է:
Արնահոսելու է:
Հիշելու է չոր թախտերի վրա իր քնելը
Տաք անկողին չունենալը
Օտար լեզվով մեր տոները շնորհավորելը:
Երեխեքով հերթով դռան տակ կանգնում ենք:
Քույրս հղի է: Մեծ փորիկով:
Դժվարությամբ գրկում են իրար:
Հայրս առաջին անգամ ձեռքը քրոջս փորին է դնում:
Ճանաչում են իրար:
Զարմանում ենք: Չեմ ուզում լացեմ:
Հայրս պապիկ է վերադառնալու: Նա այդպես հայր է վերադարձել:
Հետո մեր հերթն է գալիս:
Հերթով փաթաթվում ենք հորս
Ինքը մեր ուսերին տաք դնում է ձեռքը,
Բաց ափն ամեն ինչ ասում է
Միշտ այնպիսի բաներ, որ բարձրաձայն չեն ասվում
Մորս հերթն է:
Ես ննջասենյակ, քույրս խոհանոց, եղբայրս զուգարան,
Փախչում ենք անհեթեթ, թաքուն մաքրում արցունքներ,
Որ մայրս-հայրս գրկեն իրար
Ու զգան չասվող խոսքերի ամբողջ ծանրությունը
Բերկրանքը:
Մայրս, որ
Հորս ճանապարհելիս երբեք չի սիրունանում
Գզգզված մազերով է:
Վերադարձի օրերին էլ:
Երկու դեպքում էլ օտար, անորոշ
Համբուրվում են:
Մայրս էլ է հեռանում, օտարանում:
Մեզանից, որ պատճառ ենք,
Հորիցս, որ անզոր է:
Տխրությունից միմյանց աչքերին նայել չի ստացվում:
Ու բացվում է դուռը:
Հորս կորած մեջքի հետևից գնում է
Ճամպրուկը:
Ճամպրուկն անիվների վրա դուրս է գալիս
Մեր հայացքները հետևից,
Ճամպրուկը տանում է հորս տարիները`
Մեզանից հեռու ապրած:
Ճամպրուկը տանում էր
Լուսինը, որ չղջիկ էր ուղարկել,
Ճամպրուկը մորս գեղեցկությունն էր տանում,
Եվ մեր անհայր մանկությունը:
Ճամպրուկը հորս սիրտն էր տանում: