Ահա թե ինչի տակ է ստորագրել Սերժ Սարգսյանը


01:48 , 26 դեկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը՝ պետությունների ղեկավարների մակարդակով, ի թիվս այլ հարցերի որոշում է ընդունել Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին:

 Նիստի արդյունքում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հայտարարություն են ստորագրել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին: Այս մասին ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Կիրգիզիան եւ Ուկրաինան երեկ նման փաստաթուղթ չեն ստորագրել: Կիրգիզիան, որն ավելի վատ վիճակում է գտնվում, քան Հայաստանը, առարկել է փաստաթղթին եւ պահանջել, որ այն համապատասխանեցվի իր շահերին: Ուկրաինան Ռուսաստանից փորձում է պոկել առավելագույնը, չանցնելով Մոսկվայի թրի տակով: Բելառուսի ու Ղազախստանի նախագահները երեկ Պուտինին հասկացրել են, որ չեն ընդունելու նրա քաղաքական հավակնությունները եւ թույլ չեն տալու զուտ տնտեսական բլոկը վերածել քաղաքականի:

 Հայաստանը ոչ մի առարկություն չունի: Հայաստանը համաձայն է ամեն ինչի: Սերժ Սարգսյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որի տեքստը գրվել է Աստանայում: Ոչ մի պահանջ, ոչ մի առարկություն, ոչ մի Ղարաբաղի խնդիր, որը բարձրացրել են Նազարբաեւը եւ Լուկաշենկոն: Այս վերջինները Հայաստանի շահն ավելի շատ են պահում, քան Հայաստանի նախագահը:

 Հայաստանն ընդհանրապես համաձայն է ամեն ինչի. Մաքսային միությանը, Եվրասիական միությանը, Մադրիդի սկզբունքներին, Ակվիլային, Մուսկոկին, Հայաստանի ինքնիշխանության վերացմանը, ամեն ինչին: Հայաստանն ամաչում է կամ չի կարողանում «ոչ» ասել, հայտնի կերպարի պես:

 Սակայն, եթե գոնե այդ մի կերպարի խնդիրը լիներ... Իրականում, Հայաստանն իր վրա է վերցրել սարսափելի մի դեր: Այն պայմաններում, երբ բոլորը դիմադրում են Ռուսաստանի կայսերական քաղաքականությանը, Հայաստանը ստանձնել է ամենակեղտոտ  դերը՝ կայսերական քաղաքականությունը լեգիտիմացնողի եւ ուղեկցողի դերը: Պուտինը հանձինս Հայաստանի ստացել է իր հավակնությունների լեգիտիմացման գործիք եւ «նախադեպ»: Հայաստանը հարուցելու է Եվրասիական տարածքի երկրների ու ժողովուրդների արհամարհանքն ու ատելությունը, որի վրա է բարդվելու Պուտինի քաղաքականության ողջ մեղքը:

 Այս համատեքստում, Հայաստանի վրա է դուրս գրվելու ամեն ինչ, եւ ամեն ինչ «կարգավորվելու» է Հայաստանի ու Ղարաբաղի հաշվին: Երեկ, օրինակ, Պուտինը հայտարարել էր, թե եվրասիական խորհրդի նիստը առաջին անգամ ձեւականություն չէր: Անկեղծ խոստովանություն է, քանի որ այդ ձեւական կառույցը հնարավոր է դարձել «իմաստավորել» Հայաստանի նվաստացուցիչ պահվածքով:

 Ահա թե ինչի տակ է ստորագրել Սերժ Սարգսյանը: