Կարևոր իրադարձություն հայ-ճապոնական հարաբերություններում. ՀՀ–ում 2014թ-ին կբացվի Ճապոնիայի դեսպանատուն


19:58 , 25 դեկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ճապոնիայի կառավարությունը հաստատել է 2014թ.-ի բյուջեի նախագիծը, որով, ըստ Tert.am–ի տեղեկությունների, նախատեսվում է մի քանի երկրներում դեսպանատների բացում, որոնց թվում է նաև Հայաստանը:

Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության անդամ, Հայ-ճապոնական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, «Ճապոնացիները և ճապոնական հրաշքը» մենագրության հեղինակ Սամվել Ֆարմանյանի հետ, ով համոզմունք հայտնեց, որ դա կարևոր իրադարձություն է Հայաստան-Ճապոնիա հարաբերություններում:

«Մշտական ներկայացուցչությունը նպաստում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, 2010թ.-ին Ճապոնիայում բացվեց Հայաստանի դեսպանություն, և այդ տարվանից սկսած մենք նկատում ենք առաջընթաց: Մեզ համար շատ նշանակալի և ուրախալի է, որ Ճապոնիայի կառավարությունը կայացրել է նման որոշում և բյուջեում ներառել է Երևանում դեսպանություն բացելու համար նախատեսված ծախսերը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը Ճապոնիայի հետ հարաբերություններին տալիս է մեծ նշանակություն.

«Ընդհանուր առմամբ ասիական տարածաշրջանի երկրների հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են, և դա նախ և առաջ վերաբերում է ճապոնիային»,– ասաց պատգամավորը:

Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Սամվել Ֆարմանյանը նշեց, որ երկու երկրներն իրար կապող շատ ու շատ ընդհանրություններ կան: Օրինակ՝ երկուսն էլ, որպես պետություն, զուրկ լինելով բնական հարստություններից, իրենց զարգացման բանալիները փորձում են փնտրել մարդկային կապիտալի մեջ:

Նրա խոսքով՝ Հայաստան-Ճապոնիա հարաբերություններին ՀՀ նախագահի՝ Տոկիո կատարած այցից հետո նոր շունչ է հաղորդվել, հատկապես Սերժ Սարգսյանի և Ճապոնիայի նախկին վարչապետի կողմից ընդունված համաձայնագիրը, որում հստակեցվում էին հարաբերությունների զարգացման նոր թիրախները և հայեցակետերը:

Ըստ պատգամավորի՝ Երևանում դեսպանություն բացելը նշանակալի է և՛ առևտրատնտեսական հարաբերությունների, և՛ քաղաքական հարաբերությունների ավելի զարգացման առումով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ