Գովազդի ներգրավումը ֆիլմի սյուժեի մեջ գեղարվեստի բռնաբարություն է


19:43 , 25 դեկտեմբեր, 2013

Գիտենք, որ հաղորդման կամ ֆիլմի / սերիալի ընթացքում լինում են գովազդային դադարներ: Սա, իհարկե, նորմալ է: Սակայն բոլորովին նորմալ չէ, երբ գովազդը տրվում է ոչ միայն այդ ընդմիջումներին, այլև մտնում է ֆիլմի մեջ, ձուլվում սցենարին ու օպերատորական աշխատանքին: Սա քացու տակ է գցում գեղարվեստի ու բարոյականության (չգրված) օրենքները: 

Այս ոտնձգությունը, ցավոք, հազվադեպ չի: Բայց «Քաղաքում» սերիալի վերջին թողարկումն այնքան արտառոց էր, որ ցաքուցրիվ արեց ամեն մի բանական սահման: Այդ սերիայի կեսը գրիլի ծառայության գովազդ էր: Նախ՝ Կարբիդն ասաց, որ գրիլի մի շատ լավ տեղ գիտի, «ընենց լավ են փաթեթավորում, էկոլոգիան դեմը խոնարհվում ա»: Հետո ձեռքն է վերցնում գովազդային բրոշյուրը, ու խոշոր պլանով տեսնում ենք ընկերության անունը՝ իհարկե, օտարալեզու (չեմ նշում անունը, որ գովազդ չդառնա), և նույնիսկ հեռախոսահամարը: Հետո Կարբիդը վերցնում է հեռախոսն ու հավաքում հեռախոսահամարը, ու օպերատորը չի մոռանում հավաքվող համարն էլ խոշոր պլանով ցուցադրել: Պատասխանում է մի աղջիկ՝ կրկնելով ֆիրմայի անունը, ու այդ պահին գովազդային մի լուսամուտ է բացվում էկրանին: Հետո ընդգծվում է, որ ամեն մսից էլ սարքում են գրիլ, ու որ առաքումն էլ շատ արագ են կազմակերպում: 

Սրան հաջորդում է մի ուրիշ տեսարան, ու մտածում ես՝ բռնախեղումը վերջացավ: Պարզվում է՝ դեռ ոչ, դեռ էդքանն էլ հերիք չէր: Վերադառնում են Կարբիդենց տեսարանին: Բերում են պատվերը, ու նորից օպերատորը խոշոր պլանով ցուցադրում է ֆիրմայի՝ փաթեթի վրա փակցրած անունն ու հեռախոսահամարը: Հետո բերում դնում են սեղանին, ու նորից նույն խոշոր պլանը: Կարբիդը կռանում է սեղանին՝ մի բան վերցնելու, ու նորից, իբր պատահաբար, երևում է նույն գովազդային պիտակը: Ու նույնը կրկնվում է ուտելիս՝ մի քանի անգամ: Գովքն էլ հետը…

Սա կոչվում է գեղարվեստի բռնաբարություն: Գովազդը բացարձակապես ոչ մի իրավունք չունի ֆիլմի ՄԵՋ մտնելու նույնիսկ մի կադրի ձևով, ուր մնաց էսքան տեղ գրավի սյուժեի մեջ ու էսքան լպրծուն ձևով հազար անգամ չամռվի հեռուստադիտողին: Չգիտեմ՝ Զիմբաբվեում նման բան անում են, թե չէ: Բայց նույնիսկ եթե հիմա օրինակ բերեք մի որևէ զարգացած երկրից, որտեղ էլ այսպիսի բան կա, մեկ է, այս իրողությունը նորմալ կհամարեմ միայն բանդարլոգյան «հասարակության» մեջ:

Հ.Գ. Խնդրում եմ բանավեճ չբացեք այն մասին, թե սերիալներն առհասարակ քըխ են, սերիալ պետք չի նայել և այլն: Դա խնդրի հետ կապ չունի: