16:58 , 25 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ շուտով կրկին կարող է այցելել Ուկրաինա ` հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Սաակաշվիլին ափսոսանք է հայտնել Ուկրաինայի իշխանությունների որոշման կապակցությամբ, ըստ որ արգելվել է Վրաստանի նախագահի մուտքը Ուկրաինա, սակայն համոզված է, որ շուտով կրկին կկարողանա այցելել այս երկիր:
«Ցավում եմ, ամենայն հավանականությամբ, մոտակա շաբաթներին հնարավորություն չի լինի այցելել իմ երկրորդ հայրենիք` Ուկրաինա, սակայն իմ սիրտն ու հոգին կլինեն իմ ուկրաինացի եղբայրների և քույրերի հետ, որոնք պայքարում են անկախության, իրենց ազատության և իրենց արժանի եվրոպական ապագայի համար»,- գրել է Սաակաշվիլին:
Միևնույն ժամանակ նախկին նախագահը վստահ է, որ ինքը կրկին հնարավորություն կունենա այցելել Կիև, որտեղ եղել է դեկտեմբերի սկզբին և իր աջակցությունն է հայտնել «եվրոմայդանին»: