Այս տարի գրանցվել է ավելի քիչ սուր շնչառական վարակի դեպք, քան անցյալ տարի


16:34 , 25 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Լիանա Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Հայաստանում համաճարակային իրավիճակից՝ նշեց, որ անհանգստանալու կարիք չկա, լաբորատոր հետազոտության արդյունքում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել ոչ միայն ՀՀ-ում, այլև տարածաշրջանի երկրներում: 

Նա տեղեկացրեց, որ միայն հարավասիական երկրներում շրջանառվում է գրիպի երկու ենթատեսակ՝ H7N9 և H10N8. «Մտավախությունն այն է, որ սրանք մարդու օրգանիզմում լինելով՝ կարող են նոր բռնկումների պատճառ դառնալ: Սակայն հանրապետության ողջ տարածքում իրականացվում են բուժկանխարգելիչ միջոցառումներ, դպրոցներում անցկացվում է մոնիտորինգ՝ կապված բացակայության հետ»: 

Մասնագետը խորհուրդ տվեց հատկապես ամանորի տոներին, եթե տարածքում հիվանդներ լինեն, գոնե երկու մետր տարածություն պահել, որովհետև հարուցիչները երկու մետրը չեն հաղթահարում. «Պետք է եղանակին համահունչ հագնվել, հատկապես երեխաներն ու տարեցները պետք է գլխարկներ դնեն, օգտագործեն առատ հեղուկներ, վիտամիններով հարուստ սնունդ»: 

Բանախոսը նաև տեղեկացրեց, որ այս տարի գրանցվել է ավելի քիչ սուր շնչառական վարակի դեպք, քան անցյալ տարի. 2800-ից թիվը նվազել է՝ 2400: