14:53 , 25 դեկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Այս տարեվերջին, 94 տարեկան հասակում վախճանվեցին դարի երկու խորհրդանիշները՝ Նելսոն Մանդելան եւ Միխայիլ Կալաշնիկովը: Մանդելան հավասարության եւ իրավունքի համար պայքարի խորհրդանիշն էր, մարդ, ում զենքը եղել է իրավունքը, հանուն որի գնացել է ինքնազոհողության: Նա գտնում էր, որ մարդիկ ծնվում են հավասար, անկախ մաշկի գույնից ու հավատքից, եւ հասավ նրան, որ իր երկիրը ճանաչի այդ հավասարությունը: Հետո Մանդելայի խորհրդանիշը սկսեցին օգտագործել ընդդեմ իր իսկ գործի, սակայն նա իր գործն արդեն արել էր:
Կալաշնիկովի ինքնաձիգը դարձել է նրանց խորհրդանիշը, ովքեր չեն ճանաչում հավասարությունն ու իրավունքը: Ինքնաձիգի փողի տակ մարդկանց ստիպում են անել այն, ինչը հակասում է նրանց շահերին ու արժանապատվությանը: Այս ինքնաձիգի օգնությամբ վախ են տարածում, եւ հենց այդ վախն է դարձել քաղաքականության գլխավոր շարժիչ ուժն այն տարածությունում, որտեղ հաստատված է Կալաշնիկովի ինքնաձիգի իշխանությունը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բացատրել է, թե ինչու են իր կուսակից պատգամավորները կողմ քվեարկել հայ-ռուսական հակահայկական պայմանագրերին՝ ինձ թվում է, նրանք շատ են վախենում Ռուսաստանից, այդ պատճառով էլ կողմ են քվեարկել:
«Կալաշի» վախը դարձել է Հայաստանի քաղաքական գլխավոր կատեգորիան եւ մոտիվացիան: Մարդիկ մոռանում են իրավունքի ու հավասարության, արժանապատվության ու սեփական շահերի մասին: Ընդ որում, հայ ժողովրդի ուղղությամբ միանգամից մի քանի «կալաշ» է ուղղված՝ Մոսկվայից, Բաքվից, Անկարայից, սակայն գլխավորը՝ Երեւանից: Հայաստանի իշխանությունը վախ է սերմանում սեփական ժողովրդի մեջ, քանի որ վախեցած մարդկանց կառավարելը հեշտ է:
Մանդելան ու Կալաշնիկովը վախճանվել են, սակայն նրանց դարաշրջանը, ցավոք, չի ավարտվել: Արեւմուտքում դեռ օգտագործվելու է Մանդելայի խորհրդանիշը՝ որպես համընդհանուր հավասարության ձգտման ապացույց, սակայն Կալաշնիկովը դեռ երկար է հիշեցնելու իր մասին, մարդկանց ստիպելով «կամավոր» հրաժարվել սեփական իրավունքներից ու արժանապատվությունից: