Հենրիխ Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ում համար երկրպագուները գալիս են մարզադաշտ. Սպորտ


21:53 , 24 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Գերմանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լարս Ռիկենն իր կարծիքն է հայտնել ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ:

«Հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ լավ խաղ ցուցադրեց «Շալկե-04»-ի դեմ մրցավեճում, երբ անցավ խաղադաշտի երեք չորրորդ մասն ու գոլային փոխանցում կատարեց Բլաշչիկովսկիին: Դա մրցաշրջանի լավագույն դրվագներից մեկն է: Նա, առհասարակ, լավ տղա է, ունի գերազանց տեխնիկա, միշտ գործում է ի շահ թիմի:

Մխիթարյանն ինձ մի փոքր հիշեցնում է Միկուին` «Վերդեր»-ից (ֆրանսիացի հարձակվողական ոճի կիսապաշտպանը բրեմենյան ակումբի առաջատարն էր և 2004 թվականին թիմի հետ նվաճեց Գերմանիայի չեմպիոնի ու գավաթակրի տիտղոսները): Թեև վերջինս ավելի բարձրահասակ էր ու ոչ այդքան ճարպիկ: Նրանք այն ֆուտբոլիստներն են, որոնց համար երկրպագուները գալիս են մարզադաշտ»,- ասել է Ռիկենը: