11:54 , 24 դեկտեմբեր, 2013
Կրճատվեց ժամանակն, ու մոտեցան մեզ աշխարհից հեռացնող սահմանները: Ժամանակակից տեխնոլոգիական նորամուծությունները փոխեցին մեր կյանքը: Նոր տեխնոլոգիաներից գլուխ հանող ցանկացած մեկին հիմա ընդամենը մի քանի վայրկյան է պետք, օրինակ, մեզնից շատ ու շատ հեռու Լոնդոնում, այսպես ասած, պտույտ կատարելու, քաղաքի հետաքրքիր վայրերում զբոսնելու, ծանոթանալու, հիանալու ու հետաքրքրվելու համար: Ճիշտ է, իրական տարբերակին չի հասնի, բայց երբ իրականի հնարավորությունը չկա, վիրտուալ Լոնդոնը շատերին կգերի:
Ընդամենը մի քանի ամիս առաջ Լոնդոնի ու աշխարհի շատ այլ քաղաքների վիրտուալ տարբերակը կարող էր հիացմունքի հետ մեկտեղ նախանձ առաջացնել: Իսկ ինչո՞վ ենք մենք պակաս: Հենց այսպիսի մի բարի նախանձ էլ հիմք դարձավ մի հետաքրքիր նախաձեռնության համար: Հետաքրքրասերների մի խումբ հավաքվեց ու գործի դրեց իր հմտությունները ու ստեղծեց մեր մայրաքաղաքի վիրտուալ կրկնօրինակը:
360 YEREVAN. այսպես է կոչվում այն հարթակը, որտեղ այցելուները հնարավորություն ունեն շրջել Երեւանով: Բայց միայն զբոսանքով չի ավարտվում այս ամենը: Նախագծի հեղինակները ստեղծել են հնարավորություն, որ բոլոր ցանկացողները ոչ միայն շրջեն Երեւանի փողոցներով ու այգիներով, այլեւ վիրտուալ քաղաքի ցանկացած վայրում թողնեն իրենց պատմություններն ու հիշողությունները` կապված կոնկրետ վայրի հետ: Դրա համար միայն հարկավոր է գրանցվել www.360yerevan.com կայքում (դա կարելի է անել նաեւ facebook սոցիալական ցանցի օգնությամբ), կրկնակի սեղմել մկնիկի ձախ կոճակը եւ ցանկացած տեղում գրել պատմությունները: Օգտագործված տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս ցանկացած մեկի պատմությունն ու հիշողությունը թողնել ճիշտ այն վայրում, որտեղ տեղի են ունեցել դրանք կամ որոնց հետ կապված են: Պատմություն ասվածը միայն տեքստը չէ. դա կարող է լինել մի հին լուսանկար, նույնիսկ հարսանիքի հոլովակ, առաջին սիրո խոստովանություն, որ տեղի է ունեցել, ասենք, Սիրահարների այգում: Ինտերնետ օգտատերերի պատմությունները կայքում կարտացոլվեն կանաչ նշանով, բիզնես պատմությունները` նարնջագույն:
Բացի սրանից, 360Yerevan կայքը կարող է լինել նաեւ Երեանի վիրտուալ ուղեցույցը` ծառայելով որպես քարտեզ: Վիրտուալ Երեւանում ընդգրկված է մոտ 70 վայր, որոնք շատ սիրված են երեւանցիների կողմից: Այդ վայրեր մուտք ունենալու համար պարզապես պետք է կայքի քարտեզի վրա ընտրել համապատասխան բաժինը` թանգարան, սրճարան կամ մեկ այլ վայր, իսկ որեւէ փողոցում գտնվելու համար պետք է քարտեզի վրա գտնել փողոցի անվանումն ու սեղմել կապույտ գիծը: Բայց, ինչպես ասում են նման դեպքերում, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան 7 անգամ լսել: Բարի ժամանց 360 YEREVAN-ում:
Հավելյալ տեղեկություններ`
Պատմությունների օրինակներ
http://360yerevan.com/en/viewer/?s=235#sergei+paradjanov+museum
http://360yerevan.com/en/viewer/?s=236#tumanyan+40+our+yard
http://360yerevan.com/en/viewer/?s=289#republic+square+from+above
Վերջերս նախագիծը արժանացավ Armnet Awards մրցանակին՝ որպես տարվա լավագույն նախագիծ: (Նկար՝ http://goo.gl/cBbpPA)
