14:23 , 23 դեկտեմբեր, 2013vPanorama.am-ը գրում է.
Ինչպիսի՞ ն էր Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը ավարտվող` 2013 թվականին: Այս և այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:
-Ինչպիսի՞ միտումներ կային Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մեջ անցնող տարի:
-Թուրքիան փորձեր է կատարում իր վերջին տարիների արտաքին քաղաքական հայեցակարգային կիրառում ստացած «զրո խնդիր հարևանների հետ» ռազմավարության վերջնական ձախողումը կանխելու ուղղությամբ: Անկարայի այդ ռազմավարության կիրառական անհաջողությունը ստիպում է վերանայման գնալ, որի հարցում ի հայտ են գալիս նոր միտումներ: Չմանրամասնելով կարող ենք փաստել, որ անցնող տարին Անկարայի տարածաշրջանային քաղաքականության տեսանկյունից առկա հիմնախնդիրներում էական որևէ նոր բան չգրանցեց, հիմնախնդիրները լուծում չստացան, նույնիսկ որոշ դեպքերում ավելի խորացան:
-Ինչպես, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների հարցում:
-Կարելի է նաև այդպես: Վերջին շրջանում թուրքական տեղեկատվական դաշտում ու պաշտոնական հայտարարությունների համատեքստում հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը կրկին արդիական դարձավ: Անկարան այս կերպ, ցանկանում է իր կողմից տապալված գործընթացը վերակենդանացնել, սակայն այնպիսի մոտեցումներով, որոնք ուղղակի տանում են փակուղի: Իհարկե, բացի միջազգային հարթակում Անկարայի առջև ծառացած խնդիրներից, տարածաշրջանային քաղաքականության մեջ «փափուկ ուժի» հայեցակարգի ձախողման ու այդ առումով Անկարայի փափագած իմիջի խաթարումից, հայ-թուրքական հարաբերություններում որևէ տեղաշարժ չգրանցվեց: Թուրքական կողմի ներկա դիրքորոշումն ու մոտեցումները սպառում են գործընթացի որևէ հնարավորություն:
- Վերջին շրջանում բարձրաձայնվում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության ձախողումների մասին: Որո ՞ նք են դրանց պատճառները:
-Ձախողման պատճառները մի քանիսն են: Նախ այն, որ չափազանց մեծ կամ, կարելի է ասել, «ագրեսիվ» ինքնավստահությունը ճնշեց Թուրքիայի իշխանությունների քաղաքական իրատեսությունը: Մյուս կողմից տարածաշրջանում Անկարայի բազմապիսի հավակնությունների դրսևորումն էր: Այսինքն` հավակնություններն ավելի գերազանցեցին իրատեսական քաղաքականությանը: Տարածաշրջանում Անկարայի ռազմաքաղաքական ազդեցությունը դիտարկվեցին արտաքին քաղաքականության իրականացման առաջնային գործիքներ, որոնք ոչ միայն լուրջ հակազդեցություն առաջացրեցին տարածաշրջանում, այլ նաև մեծացրեցին Թուրքիայի հարկադրանքի քաղաքականությունը:
Տարածաշրջանում կայունարար երկիր լինելու մեջ ամփոփվում էր Թուրքիայի գերիշխանության հաստատման նպատակը: Հայեցակարգային մակարդակում հնչեցված «փափուկ ուժի» քաղաքականությունը իրականում չփոխեց Թուրքիայի «կոշտ ուժի» քաղաքականությունը: ԱԶԿ կառավարության «ագրեսիվ ինքնավստահությունը» իներցիոն կերպով շարունակեց Թուրքիայի կոշտ հարկադրային քաղաքականությունը: Որքան էլ հակասական է` «փափուկ ուժի» դիրքերից հանդես գալ կամ իմիջ ձևավորել ցանկացող ԱԶԿ-ի իշխանության տարիներին Թուրքիայի սպառազինման ծավալներն ու միտումները մեծ ծավալների հասան, և այդ գործընթացը շարունակվում է: Անկարան, մեծ հաշվով, իր հարևանների հետ հարաբերություններում չկարողացավ սահմանափակել հարկադրանքի քաղաքականությունը, տարածաշրջանային գերիշխանության Անկարայի ձգտումներն իրականացվում են առավելապես հարկադրանքի քաղաքականության միջոցով, ինչն էլ հակազդեցություն է առաջ բերում: Դրա վկայությունը Թուրքիայի Տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների հիմնադրամի անցկացրած հետազոտությունն է, ըստ որի` Թուրքիան վերջին շրջանում կորցրել է Մերձավոր Արևելքում ունեցած իր ժողովրդականությունը: Այդ հետազոտության համաձայն` այս տարի Թուրքիայի նկատմամբ դրական տրամադրվածությունը նվազել է՝ հասնելով 59 տոկոսի, մինչդեռ 2011 թվականին այն կազմում էր 78 տոկոս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ