14:04 , 23 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, ամփոփելով անցնող տարին, արձանագրեց, որ անցնող տարին դժվար էր իր համար գուցե ոչ այնքան սոցիալական առումով, որքան հոգեբանական: Ըստ բանախոսի՝ ինքը զգում է՝ դիսկոմֆորտն ավելանում է իր կյանքում, ինչը գալիս է ընդհանուր վիճակից:
«Ինձ համար «անկախ պետություն» հասկացությունը դատարկ խոսք չէ, ոչ էլ ժողովներում ասվող ճառ: Ես անկախությունն ընկալել եմ որպես մեծագույն պարգև ու հիմա զգում եմ, որ այն ինձնից շերտ առ շերտ վերցվում է, ես զրկվում եմ իմ ազատությունից: Այն նաև պատասխանատվություն է, ու ես չեմ ուզում զրկվել որևէ մեկից»,- ասաց Ռ. Բաբայանը՝ իր մտահոգությունը հայտնելով մեր երկրում կատարվող քաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Ռեժիսորը խոստովանեց, որ կարծես զգում է, թե ինչպես են իրեն, երկրի քաղաքացիներին զրկում երկրի տեր լինելու, որոշումներ կայացնելու զգացողությունից, այնինչ, ինքն «ուզում է կրել որոշումների բեռը»: Նրա խոսքով՝ ներկայումս բողոքի հիմնական պատճառը ամենևին էլ գազի գինը չէ, այլ շատ վտանգներ կան խորքում, քանի որ վաղը կասեն՝ գազը ձրի կտանք, կդառնա՞ք այս կամ այն երկրի մաս:
«Սա պանիր է, որը դրվում է մկան թակարդում: Էժանության մեջ շատ մեծ վտանգ կա: Չխաբվեք դրանով: Ասենք՝ մի 5 տարի կունենանք էժան գազ, իսկ ի՞նչ է՝ մենք 5 տարի՞ ենք ապրելու, բա մեր երեխաներն ի՞նչ են անելու»,- խոսքը ասաց բանախոսը:
Ռ.Բաբայանի խոսքով՝ նրանում, ինչ այսօր տեղի է ունենում հիմա հայաստանյան քաղաքական դաշտում, ոչ թե ինչ-որ մեկի կամքն է, այլ ներքին հոգեբանության ու մտածողության արդյունք, որից պետք է ազատվենք:
Գնահատելով թատերական արվեստում ստեղծված վիճակը՝ բեմադրիչը նշեց, որ ցանկացած ոլորտին անհրաժեշտ են բարեփոխումներ, հակառակ պարագայում նեխման պրոցես է սկսվում: Ըստ նրա՝ մեր թատերական աշխարհից բացակայում են այդ սկզբունքները, ժանգոտել է կառավարման համակարգը՝ կորել թղթերի մեջ:
Ինչ վերաբերում է Երևանի սուպերմարկետներից մեկում վաճառվող կոկորդիլոսի չարչրկված թեմային, որը դադարել է կարծես զուտ սննդատեսակ լինելուց, Ռ.Բաբայանն ասաց, որ այդ թեման իրեն բացարձակ հետաքրքիր չէ, և ով ուզում է՝ թող ուտի: «Սա վկայում է խրախճանքի մասին, իսկ խրախճանք, հայտնի է՝ լինում է ժանտախտի ժամանակ»: