Անհատակ օվկիանոսը «Ակվա Վիվա» լուսանկարների շարքում (7 Photo)


14:00 , 21 դեկտեմբեր, 2013

Շրջակա աշխարհը բազմազան եղանակներով արտացոլվում է նկարչության մեջ: Արվեստի գործ ստեղծելիս նկարիչը մտադրվում է որոշակի հաղորդագրություն փոխանցել դիտողին: Նկարիչը կարող է ցանկանալ դիտողին ցնցել ծայրահեղ կամ անսպասելի գաղափարով: Իմպրեսիոնիստական բնապատկերը կարող է հիշեցնել այն մասին, որ ժամանակը թռչում է: Դիմանկարը կարող է հուշել, թե ինչպիսի բնավորությամբ է օժտված կամ ինչպիսի կյանքով է ապրում դրանում պատկերված մարդը: Լուսանկարիչ Պիեռե Կառեուի «Ակվա Վիվա» շարքը աչքի է ընկնում մեծ հուզականությամբ: Թեպետ առաջին հայացքից այս շարքում ընդգրկված լուսանկարները կարող են մոնոմորֆիկ թվալ, իրականում դրանցում արտացոլված են մարդկային տարբեր էմոցիաներ:


Լուսանկարների այս շարքը կազմված է միանման, սակայն միաժամանակ տարբեր նկարներից, որոնցում ջուրը պատկերված է շարժման մեջ: Դիտելով «Ակվա Վիվան»՝ հասկանում ես, որ բնությունը բոլոր այն վայրերում, որտեղ օվկիանոսի ջրերը ողողում են ափը, մեզ է փոխանցում այս կենսական էներգիան: Ջուրն այնքան արագ է ծփում, որ մենք չենք էլ հասցնում լիովին գնահատել բնության այդ հրաշքը, իսկ Պիեռե Կառուն այդ հրաշքը անմահացրել է իր նկարներում:


Կառույի նկաներում արտացոլված է, թե ինչպիսի առանցքային դեր է խաղում ջուրը մեր կյանքում: Նկարներում պատկերված ալիքների ծփանքը հիշեցնում է ջրի երիտասարդացնող և մաքրագործող ազդեցության մասին: Օդում կախված լուսաշող կաթիլը ստիպում է մեզ մտածել այն  մասին, թե որքան կարևոր գործառույթ է կատարում ջուրը մեր կյանքում:


Նկարչի տեսանկյունը

Կառուի համար ալիքների ծփանքում արտացոլված է մի առանձնահատուկ վիզուալ երևույթ, որում արտահայտվում է այնտեղ առկա ուժն ու փխրունությունը: Կառուն բացատրել է, որ իր աշխատանքի նպատակն է ալիքների էներգիան փոխանցել բոլոր նրանց, ովքեր դիտում են դրանք: Այս լուսանկարները տարբեր մարդկանց մոտ տարբեր էմոցիաներ են արթնացնում: Կառուն ասում է. «Ջուրը հիանալի է: Այն  իրականում անգույն է, սակայն արտացոլման շնորհիվ այն կարող է բազմազան երանգներ ստանալ»:

Կառուի նպատակն է վեր հանել այն գեղեցկությունն ու հուզականությունը, որ թաքնված է օվկիանոսի ալիքների ծփանքում: Լուսանկարիչն ու տեսախցիկը հանդիսանում են այն կապուղին, որի միջոցով ջրից ստացվող էմոցիոնալ ազդեցությունը փոխանցվում է դիտողի բորբոքված երևակայությանը: Ալիքների վրա ընկած լույսերի խաղում ընդգծվում է անդորրի և ուժի զգացողությունը: Երբ Կառուին հարցնում են, թե նա ինչ լուսանկարչական տեխնիկա է օգտագործում իր ստեղծագործություններում, նա սովորաբար իրեն այնպես է պահում, ինչպես այն մոգը, որին խնդրում են բացահայտել իր կախարդանքի  գաղտնիքները:


Նկարչի մասին

1972 թ.-ին Փարիզի մոտակայքում ծնված Պիեռե Կառուն մեծացել է լուսանկարիչների, քանդակագործների և նկարիչների ընտանիքում: Նա սկզբում այլ մասնագիտություն էր ընտրել և ավարտել էր համալսարանի բիզնեսի ֆակուլտետը: Այնուամենայնիվ, նրա մեջ հնարավոր չէր ճնշել նկարչի ոգին: Մի քանի տարի ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում աշխատելուց հետո Կառուն պրոֆեսիոնալ լուսանկարիչ դարձավ:


Նա սկզբնական շրջանում սերֆինգի մասին ամսագրերի համար էր աշխատում, սակայն շուտով նա ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Սուրբ Բարդուղիմեոսի կղզի: Այս փոքրիկ դրախտավայրը Կառուի համար բացօթյա լուսանկարչական ստուդիա դարձավ, որտեղ նա արևի ճառագայթների ներքո արևադարձային գլուխգործոցներ է ստեղծում: