13:37 , 21 դեկտեմբեր, 2013
Յոթ տարի անց, հայրենիքն ուրացած Մեհրուժան Արծրունին, որ գտնվում էր պարսից թագավորի ծառայության տակ, դարձյալ պարսից թագավորին գրգռում է հայերի դեմ։ Նա գոռոզամտորեն պարծենում է պարսից թագավորի առաջ, որ եթե նա իրեն մեծ զորք տա, ապա ինքը կա՛մ Մանվելին կգերի և շղթայակապ կբերի պարսից թագավորի մոտ, կա՛մ էլ նրան կսպանի և գլուխը նվեր կբերի պարսից թագավորին։ Վերջինս համաձայնում է, մեծ զորք է տալիս Մեհրուժանին, որը պարսից զորքի բազմության գլուխն անցած, գալիս է Հայոց աշխարհի վրա։
Մեհրուժանը գալիս հասնում է Կորճայք1, պարսից զորքը թողնում է այդտեղ, իսկ ինքը իր սեփական գունդը անջատում է արյաց զորքից, նպատակ ունենալով, գաղտնի ու անսպասելի կերպով հարձակվել Մանվելի վրա, նրան ձերբակալել, անձամբ վճռել պատերազմի ելքը և պարսից թագավորի մոտ փառք ու անուն վաստակել։
Նա իր գնդի անջատումը պարսից զորավարներին խորամանկորեն պատճառաբանում է այսպես.
-Ես իմ գնդով նախ կգնամ, կլրտեսեմ Մանվելի բանակատեղին, տեղանքն ու զորքերի դասավորությունը, հետո կգամ, ձեզ կտանեմ նրանց վրա. դրանով շատ կհեշտանա հայոց զորքն ու զորավարին մեր բուռը գցելը։
Մեհրուժանը առնում է իր գունդը, գալիս հասնում է Կոգ գավառը, ինքը իր գնդի հետ այդտեղ կանգ առնում և լրտեսներ ուղարկում Մանվելի բանակը։
Մանվելի բանակը գտնվում էր Բագրևանդ գավառի Բագավան ավանում, Զարեհավան քաղաքի ավերակների մոտ։ Լրտեսները գալիս, զննում են Մանվելի բանակը, իմանում, թե որտեղ է գտնվում բանակի ձիերի երամակը և վերադառնամ, Մեհրուժանին հայտնում ձիերի տեղը։ Մեհրուժանը վճռում է իր ձեռը գցել ձիերի երամակը և հայոց զորքին զրկել արագ շարժվելու հնարավորությունից։ Իր այս ծրագրով ոգևորված, նա պարծենում է իր զորքի առաջ և ասում.
-Վաղը այս ժամին ես Մանվելին տապալած և ձերբակալած կլինեմ և նրա իսկ աչքի առաջ կխայտառակեմ իր կնոջը՝ Վարդանուշին։
Մեհրուժանն առնում է իր գունդը և շարժվում լրտեսների ցույց տված ճանապարհով։ Ճանապարհը անցնում էր լեռների վրայով, որոնց տեղացիները անվանում էին Եղջյուրներ։ Ճանապարհին Մեհրուժանը ուղևորների է հանդիպում և նրանց հարցնում.
-Որտեղով է ճանապարհը գնում Բագրևանդ։ Ուղևորները պատասխանում են.
-Եղջյուրներով։
Մեհրուժանը կարծելով, թե ուղևորներն իրեն ձեռ են առնում կամ խորհրդավոր ձևով ինչ-որ վտանգ են ակնարկում, նախ այդ պատասխանից շփոթվում է ու տխրում, ապա խիստ զայրանալով, հրամայում է նրանց սաստիկ ծեծի ենթարկել։
Նա շարունակում է իր ճանապարհը, բայց ճանապարհին ընկնում է մտատանջության մեջ իր բռնած գործի առաջիկա հաջողության նկատմամբ և սկսում է հմայության զարեր գցել իր գործի ելքը գուշակելու համար։ Զարերը բարեգուշակ նշաններ չեն ցույց տալիս, որն ավելի է տրտմեցնում ու վշտացնում Մեհրուժանին։ Ուստի նա վհատված ու զայրացած, հետիոտներին առաջ գցած, արշավում է երամակների գտնված տեղը, որպեսզի կարողանա Մանվելի ձիերը բռնագրավել։ Բայց երբ տեղ են հասնում, տեսնում են այնտեղ ձի չկա։
Բախտը ժպտացել էր Մանվել սպարապետին։ Այդ օրը Մանվելը պատահաբար իր գնդի համար որսի օր էր նշանակել, և այդ պատճառով էլ ձիերի երամակները դաշտից բերել էին Բագավան։
Մանվելը այն է՝ պատրաստվում էր ձի հեծնել որսի դուրս գալու համար, երբ գուժկան է գալիս և հայտնում, թե.
-Սպարապետ, ճարդ տես, Մեհրուժան Արծրունին մեծ գնդով կռվի է գալիս քո վրա։
Մանվել սպարապետը դադարեցնում է որսի նախապատրաստությունը, իր զորքը արագ ոտքի հանում և ամբողջ գնդով ուխտի գնում Բագավանում գտնվող Հովհաննես Մկրտչի ոսկորներն ամփոփած գերեզմանին, իրենց հաղթանակի համար օգնություն և զորություն խնդրում։ Ուխտից հետո Մանվելը Պապ թագավորի տիկնոջն իր զույգ զավակների հետ, ինչպես նաև իր ու իր զինակիցների կանանց ուղարկում է Վարագա լեռը կռվից ապահով մնալու համար։
Մանվելը Վաչե Մամիկոնյանի որդի պատանի Արտավազդին ևս հրամայում է կանանց հետ գնալ Վարագա սար։ Արտավազդը, որ տակավին մանկահասակ տղա էր, և ինչպես բոլոր երեխաները՝ գլուխը սափրած էր և միայն խոպոպիք ու ծամ էր պահել, հակառակվում է հորեղբոր հրամանին, առարկելով պնդում, որ ինքը ևս պետք է պատերազմին մասնակցի։ Մանվելը զայրանում է, քաշում է մտրակը և սկսում հարվածել պատանի Արտավազդի մերկ գլխին, սաստելով ու հասկացնելով նրան, որ ինքը դեռ մանուկ է և իր ժամանակը չէ պատերազմի գնալ։
Արտավազդը, ստիպված, առերես համաձայնում է հորեղբոր հետ, գնում, բայց ճանապարհին թողնում է կանանց, գաղտնի վերադառնում, զինվում և ելնում է պատերազմի։
Մանվելը հայոց տիկնոջը, կանանց ու երեխաներին ամուր ու ապահով տեղ ուղարկելուց հետո զորքը սպառազինում է, կազմակերպում, բերում ի մի հավաքում և պատրաստվում պատերազմի։
Եվ երբ Մանվելի զորքը զինանշանները բացած, ծածանվող դրոշակներով դուրս է գալիս Բագավանից, նրա դեմ է ելնում Մեհրուժանի սպառազինված գունդը։
Խորամանկ Մեհրուժանը իր զենքից ու զարդից, սաղավարտի վրա եղած զինանշանից շատերին էր տվել, շատ զինվորների էր զինավառել իր զենքերով ու համազգեստով, իսկ ինքը հագել էր սովորական զինվորի համազգեստ և ոչ մի տարբերանշան չէր կրում։
Մանվելը հենց որ տեսնում է Մեհրուժանի գունդը, առյուծի ու վարազի կատաղությամբ վրա է հարձակվում, խառնվում նրա գնդին և ուշադիր հետևում նրանց, ովքեր Մեհրուժանի համազգեստն ու նշաններն էին կրում։ Դրանց շատերի գլուխները թռցնում է, կարծելով, թե Մեհրուժանն է, բայց ուշադիր զննելուց հետո տեսնում է, որ նա չէ։ Հուսախաբված Մանվելը դիմում է իր նիզակակից Բաբիկին։
-Տեսնո՞ւմ ես, ինչպես է մեզ խաբում այդ հավատուրաց կախարդը։ Բայց առաջներում, մեր հաշտ եղած ժամանակ, ես հաճախ եմ հանդիպել նրան և լավ գիտեմ նրա հատկանիշը. Մեհրուժանը երբ ձի է հեծնում, նրա ազդրերը պինդ չեն գրկում ձիու իրանը, այլ ձիու մարմնից փոքր-ինչ հեռու են մնում։ Արի երկուսով հետևենք այդ նշանին, գուցե կարողանանք ճանաչել այդ դարձվոր կախարդին։
Ապա երկուսով ուշադիր դիտելով՝ այդ նշանից ճանաչում են Մեհրուժանին։ Մանվելն իսկույն առաջ է անցնում, ձայն տալիս, կանչում Մեհրուժանին։
-Ա՛յ կախարդ, մինչև ե՞րբ պիտի մեզ խաբես և քո պատճառով ուրիշներին ջարդել տաս։ Մենք քեզ վերջապես ճանաչեցինք, այդ դու ես այդտեղ կանգնած, և մեր ձեռից քեզ այսօր փրկություն չկա։ Աստված այսօր քո կատարած չարիքները քո գլխին թափեց և քեզ մեր ձեռը հանձնեց։
Երբ Մեհրուժանն այս խոսքերը լսում է, նիզակը ձեռին անմիջապես առաջ է անցնում և խոյանում Մանվելի վրա։ Մանվելն էլ իր հերթին է Մեհրուժանի վրա հարձակվում։ Բայց որովհետև երկուսն էլ ծանրամարմին ու հաղթանդամ էին, նիզակներով իրար հարվածելիս՝ երկուսն էլ ձիերից վայր են ընկնում։ Այդ պահին Մանվելի նիզակակից Բաբիկն իսկույն վրա է հասնում և նիզակը Մեհրուժանի կողից՝ վերից վար խրելով, նրան մեխում է գետնին։ Մեհրուժանն այլևս չի կարողանում ընկած տեղից վեր կենալ։ Իսկ Մանվելի ձիապան սպասավորները անմիջապես Մանվելին բարձրացնում, նստեցնում են ձիուն։ Մեհրուժանին երկար չեն թողնում գետնին մեխված, գլուխը կտրում են։ Երբ Մեհրուժանի զինվորները տեսնում են իրենց առաջնորդի սպանությունը, դիմում են փախուստի։ Մանվելի զորքը այս ամենը տեսնելով, ոգևորվում է, հարձակվում Մեհրուժանի գնդի վրա, բոլորին ջարդում, ոչ մի մարդ կենդանի չի թողնում։
Իսկ պատանի Արտավազդը, որ Մանվելից թաքուն գնացել էր պատերազմի, զորքից ծածուկ գնում է Եփրատ գետի ափը և այնտեղ Մեհրուժանի փախչող գնդից բազմաթիվ զինվորներ կոտորում։ Նրանցից մեկը, որ Մեհրուժանի համազգեստն ու նշաններ էր կրում, տեսնելով գեղեցիկ, կայտառ ու անմորուք պատանի Արտավազդին, տղայի տեղ է դնում և արհամարհանքով նշանը նիզակին է փաթաթում ու հարձակվում Արտավազդի վրա։ Արտավազդը իր ամբողջ ուժով լարում է աղեղը և նետը այնպիսի թափով ու դիպուկ է արձակում, որ այն հակառակորդի մարմինը ծակելով, անցնում է, ընկնում գետին, իսկ հակառակորդն էլ իր ձիուց վայր ընկնելով, անմիջապես մեռնում է։ Ապա Արտավազդը առնելով նիզակը, ընկնում է Մեհրուժանի փախչող զինվորների հետևից, անչափ ու անքանակ մարդ է կոտորում, խլում նրանց զենքերն ու ունեցվածքը և մեծ ավարով վերադառնում։ Այդ օրը ամենից շատ թշնամի է կոտորում մանուկ Արտավազդը, դառնում օրվա լավագույն հերոսը և մեծ անուն ու հռչակ վաստակում։
Մինչ պատանի Արտավազդը այդ կռվում անլուր սխրանքներ է գործում, նրա հայր Վաչե Մամիկոնյանը և Գարջույլ Մախղազը մեռնում են անհեթեթ մահով։ Երկուսն էլ կռվի ժամանակ կորցնելով իրենց երիվարները, հեծնում են անվարժ ձիեր, որոնցից մեկը գլխի վրա ընկնելով՝ Վաչեին տապալում է գետին և սպանում, իսկ մյուսը՝ Գարջույլ Մախղազին փախցնում է և քարեքար տալով, սպանում։
Կռվից հետո Մանվելը գնում է հասնում Վարագի լեռը, ուր ապաստան էր տվել հայոց տիկնոջն ու մնացած կանանց։ Նա իր հետ է տանում նաև Մեհրուժան Արծրունու գլուխը։ Երբ կանայք տեսնում են Մեհրուժանի գլուխը, մեծ ճիչ ու աղաղակ են բարձրացնում, կարծելով, թե դա Վահան Մամիկոնյանի որդի Սամվելի գլուխն է, այնքան որ Մեհրուժանն ու Սամվելը նման էին իրար։ Բայց երբ գլխի կախված ծամից իմանում են, որ դա Մեհրուժանի գլուխն է, դարձյալ ափսոսում են, ասելով.
-Այնուամենայնիվ, դա էլ մեր եղբայրն էր2։
Ապա բերում են Արտավազդի հոր՝ Վաչեի, և Գարջույլ Մախղազի մարմինները, որոնց վրա մեծ կոծ ու սուգ են անում։ Բերում են նաև Արտավազդի սպանած Մեհրուժանի նշանները կրող մարդու մարմինը։ Բոլորը նայում և զարմանում են, թե ինչպես է պատանի Արտավազդի նետը ամբողջ մարմնով մեկ թափանցել և անցել։ Այդ տեսնելով և Արտավազդի մնացած հերոսական արարքները լսելով, Մանվելը ներում է նրան և կյանքն իրեն բաշխում, որովհետև զինվորական օրենքով սպարապետի հրամանին չենթարկվողն ու այն արհամարհողը դատապարտվում էր մահվան։
Իսկ պարսից զորքերը, որոնք Մեհրուժանի հետ եկել և բանակել էին Կորճայքում, լսելով, որ Մեհրուժանը սպանվել է, և նրա գունդն էլ գլխովին ոչնչացել, թողնում փախչում են Պարսից աշխարհը։ Կյանքը Հայոց աշխարհում դարձյալ մտնում է իր խաղաղ հունի մեջ։
-----------------------------
1 Կոչվում է նաև Կորճեք կամ Կորդուք, ընկած է Վանա լճից հարավ, Միջագետքի հյուսիսում։
2 Մեհրուժանը որդին էր Շավասպ Արծրունու, որը Մամիկոնյանների փեսան էր։ Հետևաբար, Մամիկոնյանները Մեհրուժանի քեռիներն էին, որի պատճառով էլ նրան Մամիկոնյան տան կանայք լայն առումով իրենց եղբայր են համարում։