Ո՞ւմ դեմ է պատրաստվում պատերազմել Ռուսաստանը


10:57 , 19 դեկտեմբեր, 2013
Lragir.am-ը գրում է.

Երբ փորձում եմ վերլուծել ու համադրել վերջին շրջանի իրադարձությունները, փաստերը, շրջանառվող շշուկներն ու դրանց վերաբերյալ ՀՀ իշխանությունների պարզաբանումները, առարկայանում է Հայաստանի համար բավականին տագնապալի պատկեր։ Իսկ պատկերի հեղինակը մեր ոխերիմ դաշնակիցն է։ Անշուշտ, կարելի է հղում անելով ռուսական իռացիոնալիզմին, չընդունել ստորև ի մի բերված փաստերի փոխկապակցվածությունը, և տա Աստված, որ իրականությունը իրոք այլ լինի, սակայն մենք արդեն մի անգամ շատ բարձր գին վճարել ենք նման «լավատեսության» համար։

 

1. «Գույք պարտքի դիմաց»

 

Սա մի գործարք էր, որն առաջին իսկ ակնթարթից առաջացրեց միայն հարցեր։ Ամենատարածված և, թերևս, ամենաէական հարցն էր, թե ինչո՞ւ Ռուսաստանը ներեց միլիարդավոր դոլարների պարտքերն այլ պետություններին, իսկ Հայաստանի պարագայում որոշեց ստանալ գույք՝ այն էլ բազմակի ավելի թանկ, քան եղած պարտքը։ Թերևս, ոչ պակաս էական հարց էր, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի շտապում «շահագործել» այդ գույքն ու եկամուտներ ունենալ։ Ու քանի որ պատասխաններ չստացվեցին, մեր քաղաքական միտքը որոշեց առաջին հարցում բավարարվել Ռ. Քոչարյանին անհամաչափ ծառայամտության մեջ մեղադրելով, իսկ երկրորդ հարցի պատասխանն էլ հիմնավորվեց ռուսական իռացիոնալիզմով։ Ամենևին չհակադրվելով այդ պատասխանին, այնուհանդերձ, կարծում եմ, որ դրանով քողարկվեց ավելի խորը, թեև ավելի պարզ մի պատասխան. Ռուսաստանն արեց հայ հասարակության վերաբերմունքի ու իմունահամակարգի ամրության զոնդաժ։ Դեռ Մաքիավելին էր զգուշացնում, որ մարդու համար ամենածանրը գույքազրկումն է. մարդ կարող է ներել անգամ հարազատի սպանությունը, բայց ոչ երբեք գույքազրկումը։ Եվ հայ հասարակությունը դրա դեմ չընդվզեց։ Հետագա ստորացումների ու անկախության վերացման համար ճանապարհն այլևս բաց էր։ 

 

2. Հայաստանի քաղաքական դաշտի ամայացում 

 

Ժամանակագրորեն հոկտեմբերի 27-ը նախորդում է «գույք պարտքի դիմաց» գործարքին։ Եթե լինեն վիճարկողներ, թե այդ գործարքը հնարավոր դարձավ, որովհետև եղավ հոկտեմբերի 27-ը, չեմ վիճի, պարզապես կառաջարկեմ հետևել մտքի հետագա ընթացքին։ Եվ այսպես, հոկտեմբերի 27-ի ոճիրով բացվեց Հայաստանի քաղաքական դաշտի ամայացման ճանապարհը։ Մեկը մյուսի հետևից տարբեր տրամաչափի հայ քաղաքական այրերը վերածվեցին «ականների», «դհոլների», «թեյ խմողների», «հաճախորդների», «իդիոտների» ու ԱԽՔ-ի։ Հետո մի գիշերում «մեր վերջին հույսը» դարձավ 68 տարեկան, մահափորձ կատարվեց Հայրիկյանի դեմ, որի խեղկատակության վերածված դատավարությունն անլջացվեց նրա «անկախության սիմվոլ» լինելը: Այնուհետև «վերջին ծանրակշիռը» գնաց Մոսկվա՝ «Փութինից հայ ժողովրդի հաղթանակը բերելու»։ Իշխանական ճամբարում ընթացավ զուգահեռ «փչացման» գործընթաց. իշխանություն կրող տարբեր ուժեր և անհատներ միմյանց եռակցվեցին այնպիսի կոմպրոմատներով ու կոռուպցիոն սխեմաներով, որ ինքնուրույնության մասին խոսելն անգամ դարձավ անիմաստ։ Հատուկ ծառայություններին մատուցված ծառայությունների մասին էլ չասեմ. սա առանձին և շատ ընդգրկուն թեմա է, պարզապես հարկ է արձանագարել, թե ինչ կատաղի հակազդեցություն է ստանում ԿԳԲ-ի ներքին գործակալական ցանցը բացահայտելու հարցը։ Ժողովրդական ընդվզման թերևս միակ  արժանի փորձը կասեցվեց ռուսներին վայել կացնային մեթոդով՝ մարտի 1-ով՝ ռուսական գեներալ Երյոմինի հրամանատարությամբ։ Հասարակական լայն շերտերի մոտ ամրապնդվեց անելանելիության զգացումը։

 

3. «Վրացական երազանք»

 

«Վարդերի հեղափոխությունից» հետո Ռուսաստանը կանգնեց նոր իրողության առջև. Վրաստանից դուրս բերվեցին ռուսական զորքերը։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ կատարվեց, բայց ռուսները Վրաստանից դուրս եկան զարմանալիորեն հեշտ և արագ։ Ի սկզբանե չկար ոչ մի նշան, որ շուտով ռուս-վրացական միջին ջերմության հարաբերությունները (ռուսներն անգամ «սկուտեղի վրա» հանձնեցին Աջարիան՝ ըստ էության իշխանությունից հեռացնելով Աբաշիձեին) վերաճելու են պատերազմի։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, հարաբերությունները սկսեցին լարվել, երբ Պուտինը «խնդրեց» Սահակաշվիլուց իր պաշտնում թողնել նախկին ՆԳ նախարարին, հայտնելով, որ վերջինս «իրենց մարդն է»։ Սակայն «խնդրանքը» չընդունվեց, պաշտոնյան ազատվեց աշխատանքից, իսկ Պուտինը դա ընկալեց որպես անձնական վիրավորանք։ Հավանաբար կար և ավելի խորը հակասություն, սակայն ժամանակին շրջանառվում էր հենց այդ տարբերակը։ Ի վերջո, մեր դեպքում կարևորը ոչ թե ռուս-վրացական հարաբերությունների սրման պատճառն էր, այլ հենց բուն փաստը, որը շուտով վերաճեց պատերազմի։ Պատերազմի արդյունքում Վրաստանը ժամանակավորապես կամ մեկընդմիշտ (ցույց կտա ժամանակը) կորցրեց Օսեթիան և Աբխազիան։ Սակայն, մեզ համար ավելի կարևոր է այն, որ Ռուսաստանը կորցրեց Գյումրիում տեղակայված իր ռազմաբազան մատակարարելու օդային ճանապարհը. վրացական իշխանությունները արգելք դրեցին իրենց օդային տարածքով ռազմական բեռներ տեղափոխելու վրա։ Եվ ահա, խորհրդարանական հերթական ընտրությունների ժամանակ տեղի ունեցավ «վարդերի հակահեղափոխությունը». իշխանության եկավ «Վրացական երազանքը»։ Վրացական իշխանության ՆԱՏՕ-ական հռետորաբանությունը չփոխվեց, ՌԴ հետ դիվանագիտական հարաբերությունները չվերականգնվեցին, բայց 102-րդը կրկին սկսեց ստանալ ռազմական տեխնիկա, ռազմամթերք և բազայի գոյությունն ապահովելու համար նախատեսված այլ պարագաներ, կրկին սկսեց թարմացվել անձնակազմը։ Ռուսաստանին «Վրացական երազանքի» մատուցած կամ մատուցելիք ծառայությունները հավանաբար չեն սահմանափակվում օդային ճանապարհը բացելով, հատկապես հաշվի առնելով աբխազական երկաթգծի վերաբացման մասին ժամանակին շրջանառված խոսակցությունները։

 

4. ՀՀ «եվրոինտեգրումը» Մաքսային Միություն

 

Եվ այսպես, ՀՀ դիմազրկված ու Ռուսաստանի բացարձակ կամակատար իշխանությունը հանկարծ սկսում է «եվրոինտեգրում» օպերացիան։ Ակնհայտ է, որ ՌԴ իշխանությունները ոչ միայն տեղյակ էին դրանից, այլ նաև տվել էին իրենց «դոբրոն», գուցեև՝ իրենք էին պատվիրել «ֆուտբոլային դիվանագիտության» օրինակով: Ազգային Ժողովը վերածվեց եվրոստանդարտներին համապատասխան օրենքների ընդունման հոսքագծի։ Երբեմն մի ժամում ընդունվում էր այնքան օրենք և օրենսդրական փոփոխություն, որքան պատգամավորները ֆիզիկապես հասցնում էին սեղմել քվեարկության կոճակները։ Եվ ահա, մոտ մեկ շաբաթ անհասկանալի ուղղությամբ անհետ կորելուց հետո, սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ մտնելու ենք Մաքսային Միություն։ Կատարվածը հանկարծակիի է բերում անգամ նրա մերձավոր շրջապատին. վերջիններս, ինչպես Ստալինի մահվանից հետո խորհրդային Պոլիտբյուրոն, մի քանի օր չեն կարողանում հոդաբաշխ խոսքով բացատրել կատարվածը, հաճախ իրարամերժ ու տրամաբանության հետքերի լիակատար բացակայության հատկանիշներով մեկնաբանություններ են անում։ Սակայն, անկախ բոլոր այդ մութ պատմություններից, կարելի է եզրակացնել, որ ի սկզբանե Մոսկվային այնքան էլ հետաքրքիր չէր այդ «եվրաինտեգրումը». դա դասակարգվում էր որպես անվտանգ ու անգամ զվարճալի մի բան, ինչպես ասենք, «Վրացական երազանքի» ներկա հռետորաբանությունը։ Սակայն հետո ինչ-որ բան փոխվեց 180 աստիճանով, և Մոսկվան որոշեց արգելակել այդ պրոցեսը։ Թե կոնկրետ ինչը կարող էր լինել նման փոփոխության պատճառ, դժվարանում եմ ասել։ Դարձյալ ռուսական իռացիոնալիզմը հաշվի առնելով՝ դա կարող էր լինել «բարձր մակարդակում» արված անհաջող կատակից մինչև աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություն (սիրիական ճգնաժամի ինչ-ինչ շրջադարձ, Իրանի ու Արևմուտքի հարաբերությունների ձնհալ), որը և դարձավ Կրեմլի ագրեսիվ վարքագծի խթանիչ։ Չի բացառվում անգամ, որ Վիլնյուսյան պրոցեսն անլրջացնելու նպատակով ի սկզբանե հենց այդպես էլ մտածված էր Մոսկվայում։ Ամեն դեպքում, հարցի կոնկրետ պատասխանը, կարծում եմ, շատ մոտ ապագայում չի տրվի։

 

5. Ռուսաստանի կազմալուծումը և բոլոր ժամանակների ունիվերսալ միջոցը

 

Միևնույն ժամանակ, ինքը՝ Ռուսաստանն այսօր ըստ էության այն է, ինչը կոչվում է «ձախողված պետություն»։ Նախկին կայսրությունը կորցրել է իր «դրոշը». կոմունիստական գաղափարախոսությունն այսօր ծիծաղ չի առաջացնում երևի միայն ամենաավագ սերնդի մոտ, իսկ ներկայում շրջանառվող ուղղափառ-շովինիստական դրոշի տակ համախմբել Պետերբուրգի ֆուտբոլային ֆանատներից մինչև Դաղստանում թափ հավաքած, իսկ Թաթարստանում թափ հավաքող վահաբիտ ծայրահեղականներին, մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում մեղսունակ ու գիտակից ցանկացած մեկի մոտ։ Դրան գումարվում է դեմոգրաֆիական լրջագույն խնդիրը. ռուս բնակչության թվաքանակը կայծակնային արագություններով պակասում է ծնելիության անկման ու քիչ թե շատ ուսյալ խավի արտագաղթի պատճառով, իսկ որակն ընկնում՝ մի կողմից տոտալ ալկոհոլիզմի ու նարկոմանիայի, իսկ մյուս կողմից՝ կենսունակ ազգային իդեայի բացակայության պատճառով։ Զուգահեռաբար, իսլամական բնակչությունն իր հերթին աճում է՝ մի կողմից մուսուլմանաբնակ հատվածներում ծնելիության կտրուկ աճի, մյուս կողմից՝ միջինասիական մահմեդականների զանգվածային աշխատանքային միգրացիայի պատճառով։ Ռուսաստանն աստիճանաբար վերածվում է մահմեդական երկրի՝ իսլամիստական-ծայրահեղական թեքումով։ 

 

Իրավիճակի լրջությունը բազմապատկվում է բոլոր մակարդակներում տոտալ կոռումպացված կրիմինալ իշխանության առկայությամբ, որը հատուկ է եղել բոլոր ժամանակների Ռուսաստանին։ Ռուսական ԶԼՄ-ների սիրած կատակներից մեկն ասում է. «Ռուսաստանը Եվրոպա երկու բան է արտահանում՝ էներգակիրներ և չինովնիկների փողերը»։ Ի դեպ, բնական գազի գինն ընկել է ավելի քան 3 անգամ (2005-ի նոյեմբերի իր առավելագույն արժեքի համեմատ), իսկ վերջին 4 տարում նավթի գնի տատանումները կազմում են շուրջ 30 տոկոս։ Այսինքն՝ տնտեսության առումով ևս, ժամանակն աշխատում է Ռուսաստանի դեմ։ Ու քանի որ կայսրությունը մի կողմից՝ ցայտնոտի մեջ է, մյուս կողմից՝ չունի համախմբող գաղափար, որը պետք է իր պրովինցիաները միավորող սոսինձ լինի, Ռուսաստանին մնում է այն, ինչ արել են բոլոր ժամանակների խորը ճգնաժամի մեջ հայտնված կայսրությունները՝ «փոքր հաղթական պատերազմ»։ 

 

6. Փոքր հաղթակա՞նթե՞ մեծ ու ավերիչ

 

Ասել, թե կոնկրետ երբ կպայթի այդ պատերազմը, անշնորհակալ գործ է։ Ռուսաստանի հարավում շուտով անց է կացվելու օլիմպիադա, և կարելի է, թեկուզ և օլիմպական խաղերի ժամանակ պատերազմները դադարացնելու հին ավանդույթից ելնելով, սպասել, որ դա կլինի օլիմպիական խաղերից հետո։ Ճիշտ է, չի կարելի նաև բացառել ինչպես իրադարձությունների այնպիսի սրընթաց զարգացում, որը «չսպասի» օլիմպիադային, այնպես էլ՝ Ռուսաստանի արհամարհանքն առ այդ ավանդույթը. բավական է միայն հիշել Մոսկվայի օլիմպիադայի նախօրեին աֆղանական պատերազմի, կամ էլ Պեկինի օլիմպիադայի բացման իսկ օրը ռուս-վրացական պատերազմի սանձազերծումը։ Իհարկե, դա ավելի շուտ ֆորս-մաժորային տարբերակ է։ Օլիմպիադայի համար ծախսվել է այնքան գումար, որ այն տնտեսական առումով դարձել է ոչ եկամտաբեր։ Եթե պատերազմի պատճառով օլիմպիադան բոյկոտվի կամ ընդհանրապես ձախողվի, դա կարող է վերածվել տնտեսական աղետի կամ, առնվազն, շատ լուրջ շոկի։ Բայց օլիմպիադայի ավարտից հետո այլևս ոչինչ չի կաշկանդի Ռուսաստանին։ Չի կարելի նաև բացառել, որ պատերազմի ֆորմալ պատրվակ կարող է դառնալ որևէ պրովոկացիա՝ արված հենց Սոչիում։

 

Ինչպես ասում են, երեք մազը մարդու գլխին քիչ է, իսկ ապուրի մեջ՝ շատ։ Այն, ինչը կայսրության համար կարող է լինել «փոքր հաղթական», պատերազմի թատերաբեմում բնակվող ժողովուրդների համար կարող է դառնալ «մեծ ու ավերիչ»։ Մեծ դժվարությամբ կարելի է պատկերացնել, որ հակամարտող կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեն ու միմյանց դեմ մարտնչեն դրա համար հատուկ առանձնացված պոլիգոններում։ Ցանկացած պատերազմ ենթադրում է այդ թվում (և առաջին հերթին) նաև տեղում եղած ռեսուրսների (մարդկանց, գույքի, պարենի, վառելիքի) գերմոբիլիզացիա։ Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ տեղի բնակչությունն է կրելու մարդկային կյանքի գերարժեզրկումով պայմանավորված պատերազմական արհավիրքները. անթիվ զոհեր, բաժանված և իրար կորցրած ընտանիքներ, կործանված ճակատագրեր և երազանքներ։
Շարունակությունն՝ այստեղ