«Գազպրոմի» տարեկան կորուստը կարող է կազմել 3.5 միլիարդ դոլար Ուկրաինային արված զեղչի պատճառով. ԶԼՄ-ներ


16:46 , 18 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Գազպրոմին» մոտ կանգնած աղբյուրները վստահ են, որ ռուսական մոնոպոլիան չի տուժի ուկրաինական «Նավթոգազի» համար վառելիքի գնի իջեցումից, սակայն վերլուծաբանների հաշվարկների համաձայն՝ զեղչի պատճառով կոնցեռնը տարեկան կարող է ունենալ 3.5 միլիարդ դոլարի կորուստ:

«Չնայած «Նավթոգազի» համար գների իջեցմանը՝ «Գազպրոմը» չպետք է տուժի»,- «Վեդոմոստի» թերթին ասել է ռուսական ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը:

Նրա խոսքով՝ «Նավթոգազը» կարող է մեծացնել գազի գնման ծավալներ այնպես, որ մատակարարումների աճի հաշվին փոխհատուցի գնի իջեցումը, իսկ «Գազպրոմի» կորուստները կփոխհատուցի Ռուսաստանի բյուջեն:

Գործող պայմանագիրը նախատեսում է, որ Ուկրաինան տարեկան պետք է ընտրի 42 միլիարդ խ.մ գազ՝ «վերցրու կամ վճարի» պայմաններով, սակայն Կիևը դեռևս այդքան գազ չի գնում: 2012թ. երկիրը ձեռք է բերել 32.9 միլիարդ խ.մ գազ, իսկ ընթացիկ տարվա հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում՝ 18.2 միլիարդ:

Վերլուծաբանները կարծում են, որ «Գազպրոմի» կորուստը գազի գնի իջեցումից կկազմի տարեկան 3.5 միլիարդ դոլար, եթե Ուկրաինան տարեկան միջինը 25 միլիարդ խ.մ գազ օգտագործի: