Կառավարությունն իրեն վե՞ր է դասում սահմանադրությունից


19:49 , 17 դեկտեմբեր, 2013

Այսօր ԱԺ-ում հերթական թեժ քննարկումներն էին, որոնց կիզակետում Բնական ռեսուրսների ու էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էր, ով ԱԺ էր ժամանել՝ պարզաբանելու ռուսական գազի գնից գոյացած 300 միլիոնանոց պարտքը և բացատրելու, թե հանուն ինչի՞ ՀՀ-ն պետք է զրկվի «ՀայՌուսգազարդի»՝ իրեն պատկանող վերջին 20 տոկոսից: Այն, որ համապատասխան օրենք կընդունվի, ոչ ոքի մոտ կասկած չէր հարուցում. ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը միշտ պատրաստ են նման «ազգանվեր» օրինագծերի օգտին քվեարկելու: Ինտրիգը նրանում էր, թե ի՞նչ հարցեր են տալու ոչ իշխանական ու ոչ այնքան իշխանական ուժերի ներկայացուցիչները և ինչպե՞ս է դրանց տակից դուրս գալու Կառավարությունը՝ ի դեմս Արմեն Մովսիսյանի:
Այս սպասումները արդարացվեցին հենց ամենասկզբից ու «դավադիր» հարցը ձևակերպեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, որը կարելի է պարզեցված ձևակերպել հետևյալ կերպ. գազի գնի հարցով կառավարությունը բանակցել է գաղտնի՝ այդ թվում նաև ԱԺ-ից, համապատասխան որոշումը՝ ընդունելու ռուսական կողմի պայմանները, Կառավարությունը ևս կայացրել է ինքնուրույն ու առանց ԱԺ-ի հետ խորհրդակցելու, հետևաբար՝ քանի՞ գլխանի է Կառավարությունը, որ սահմանադրորեն իրավունք չունի նման որոշումներ ընդունելու, ԱԺ-ն արհամարհելով, այնպիսի որոշում է կայացնում, որ այսօրվա դրությամբ պետության վրա 300 միլիոնանոց վարկ է կուտակվել:
Պետական ծախսերը ու եկամուտները որոշվում են այդ տարվա բյուջեով, բյուջեն ընդունվում է համապատասխան օրենքով, օրենքն ընդունում է միմիայն ԱԺ-ն, իսկ Կառավարությունը միայն ի կատար է ածում ընդունված օրենքը: Սա մաքսիմալ պարզ է ու տարակարծություններ ստեղծել չի կարող, այնպես որ Զուրաբյանի հարցադրումը ավելի քան տեղին էր, և ի՞նչ եք կարծում, ի՞նչ պատասխանեց Մովսիսյանը: Եթե նորից կարճ ու կոնկրետ ասենք, ապա այսպիսի մի բան. դե բայց մեզանից ո՞վ է հարցրել, որ մենք էլ չենք ասել: Ընդ որում, զավեշտալի է, որ Նիկոլ Փաշինյանն էլ այդ պահին տեղից արձագանքեց, որ մեկը հենց ինքը նման հարց ուղղել է Կառավարությանը, բայց անպատասխան է մնացել: Լավ է, ուղղակի հիանալի, որովհետև ստացվում է, որ պետք է ամեն հարցի վերաբերյալ կառավարությունը հատուկ հարց ուղղել, որպեսզի Կառավարությունը բարեհաճի բացատրել, թե ի՞նչ է անում, ինչո՞ւ և ի՞նչ գնով:

Ու այս իրավիճակն այդքան աբսուրդային չէր լինի, եթե այս ողջ գազային էպիկայից հետո պարզվեր, որ դրա գինը վերջիվերջո իջնելու է վերջնական սպառողի համար, բայց արի ու տես, որ դա էլ չի լինելու: Անվրդով Մովսիսյանը պաշտոնապես հայտարարեց, որ պետությունը չի պատրաստվում սուբսիդավորել գազի գինը, ուստի պարզապես այդ 30 տոկոսի իջեցումը կբերի նրան, որ գազի գինը կմնա նույնը, իսկ պետությունն էլ չի ծախսվի: Դե իսկ հրաժարականի պատճառ Մովսիսյանն ընդհանրապես չի տեսնում՝ ո՛չ իր, ո՛չ էլ Կառավարության համար: 
Ի՞նչ է եղել որ. ուղղակի մի թեթև Սահմանդրությունն են խախտել, մի թեթև հանրության են խաբել մի քանի տարի շարունակ, մի թեթև հարյուրավոր միլիոն դոլարների արժողություն ունեցող բաժնետոմսերի փաթեթ են քամուն տվել, ինչ է թե իրենց սուտը չբացահայտվի, դե էլ մնացած մանր-մունր բաների մասին խոսել էլ չարժի: Ի՞նչ հրաժարական, արձաններ է պետք շաղ տալ երկրով մեկ՝ այս կառավարության կազմի պատվին: