Թամարա Ստեփանյան. «Առաջին հրավերը, առաջին մրցանակը նախ դրսում է եղել…»


00:02 , 17 դեկտեմբեր, 2013

closing2Kinoashkharh.am-ը գրում է.

Կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանի 3 ֆիլմերի մասնակցությունը 20 միջազգային  կինոփառատոներին նշանավորվել է բազմաթիվ առաջին և հատուկ մրցանակներով: Դրանք մասնագիտական ինքնավստահության և նոր մտահղացումների հիմք են տվել: Երիտասարդ կինոռեժիսորի գործերը նկատվել ու գնահատվել են առավելապես Հայաստանից դուրս և աստիճանաբար հետաքրքրական դարձել հայաստանյան կինոշրջանակների համար` Թամարա Ստեփանյանի հետ զրույցում նրա անցած ոչ երկարատև, բայց բեղուն ուղին, հաջողություններն ու ակնկալիքներն են ներկայացվում:

Ո՞ր ֆիլմից հետո համոզվեցիք որ կինոռեժիսոր եք, կինոյի մարդ:

- Դժվար հարց է: Կինոռեժիսոր բառն ինձ բարձր է թվում: Ես Թամարն եմ, որը փորձում է լինել կինոռեժիսոր, իսկ կինոյի մեջ եմ սովորելու պահից: Ինչ էլ լինի, երբ սկսում ես սովորել, արդեն կինոյի մեջ ես: Ճիշտ է` կողքից, բայց տարվում ես կինոաշխարհով և փորձում առաջանալ դեպի ռինգ: Իսկ լիովին կինոյում եմ արդեն չորս տարի:

Չորս տարի՞: Փաստորեն, գրեթե տարին մեկ ֆի՞լմ:

- Չեմ հաշվում կուրսային և դիպլոմային աշխատանքներս, չնայած ասում են, որ այդ մոտեցումը սխալ է: Թե դրանք հաշվեմ, ապա ֆիլմերս հինգն են, չհաշվելու պարագայում` երեքը: Կարծում եմ, երբ ֆիլմը ստեղծվում է համալսարանի, բուհի ներքո, լիովին քոնը չէ: Այլ է ինքնուրույն, արդեն իբրև պրոֆեսիոնալ աշխատելը: Աշխատելու այդ ձևն սկսվեց 2010 թ., երբ մեկնեցի Դանիա ու այնտեղ նկարահանեցի կարճամետրաժ դոկումենտալ «Փոքր քարեր» ֆիլմը, երկրորդը «Փերտրվարի 19» կարճամետրաժ խաղարկայինը եղավ 2011 թ. և 2012-ին կրկին կարճամետրաժ դոկումենտալ «Անթեղը»: Եվ իրոք ստացվեց տարեկան մի ֆիլմ:

Գովելի արտադրողականություն: Իսկ ո՞ր երկրների արտադրությունն են այդ ֆիլմերը:

- «Փոքր քարերը» 2 երկրների արտադրանք են` Դանիայի և Լիբանանի, հաջորդ երկու ֆիլմերը` ևʹ «Փետրվարի 19»-ը, ևʹ «Անթեղը», 3 երկրների` Հայաստան, Լիբանան և Քաթար:

Ինչպե՞ս Քաթար հասաք:

- Երկքաղաքացի եմ` Հայաստանի և Լիբանանի հանրապետությունների քաղաքացիություն ունեմ, իսկ որպես Լիբանանի քաղաքացի արաբական երկրների հիմնադրամներին դիմելու իրավունք ունեմ: Ընդ որում, որևէ ֆիլմի ֆինանսավորման համար չի կարևորվում արաբական թեմատիկան, բավական է լինել արաբական երկրի քաղաքացի: Չնայած երկու ֆիլմերն էլ նկարահանվել են Հայաստանում և Հայաստանի իրականությունից են, այնուամենայնիվ աջակցություն ստացա: Պարզապես կինոլեզուն հավանելով պատրաստակամություն հայտնեցին օգնելու: Ի դեպ, նոր ֆիլմիս համար էլ պատրաստվում եմ դիմել արաբական երկրների հիմնադրամներին:

Հաջողություն եմ մաղթում այդ հարցում: Իսկ նոր ֆիլմի թեմատիկան ինչ-որ աղերսներ ունի՞ նախորդ ֆիլմերի հետ:

- Կարծում եմ` արվեստի որևէ գործիչ, լինի կինոռեժիսոր, գրող, նկարիչ թե երաժիշտ, իր ստեղծագործության մեջ նույնն է, տարբերակումը նրբերանգներում ու ելևէջներում է: Այն, ինչ ուզում է ասել, ինչի համար ուզում է կռվել, հաստատել, որոշակի նույնություն ունի: Բնականաբար, դա տարբեր ֆորմաներ, ռիթմիկա, շերտեր, հորիզոններ է ներառում, բայց ներքին կապը կա: Այս առումով, իհարկե, ընդհանրություն կլինի արդեն գոյություն ունեցող և դեռևս նկարահանելիք ֆիլմերումս:

Եվ ինչի՞ մասին կլինի նորը:

- Նոր ֆիլմի մասին կնախընտրեի չմանրամասնել, քանի որ դեռևս շատ սկզբնական վիճակում է: Միայն ասեմ, որ դեպքերն ընթանում են Փարիզում և Հայաստանի տարբեր բնակավայրերում` 20/80 տոկոս հարաբերակցությամբ: Հայաստանում գտնվելուս 2 շաբաթն օգտագործեցի նկարահանման վայրերը, որոնք Երևանից դուրս են, ընտրելու համար, կհաջորդի սցենարը գրելը: Ի դեպ, առաջին անգամ սցենարը գրում եմ ոչ միայնակ, այլ ինչ-որ մեկի հետ, իսկ այդ մեկը ամուսինս` սցենարիստ, կինոքննադատ Ժան Ֆեռարին է: Նախորդ բոլոր սցենարներն ինքս եմ գրել և չէի կարծում, թե երբևէ կաշխատեմ համատեղ, քանի որ աշխատանքում մեծ դժվարությամբ եմ զիջում, բայց այս անգամ ստացվեց, և կարծում եմ` ի նպաստ արդյունքի: Ծրագրել եմ մայիսին սկսել առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմիս նկարահանումները:

Սկսել եք վավերագրական ֆիլմերով: Անցումը խաղարկային ֆիլմերին ինչո՞վ է պայմանավորված:

- Վավերագրական կինոն ինձ համար ուշ եմ հայտնաբերել: Համալսարանական ուսումնառությունը կենտրոնացած էր խաղարկայինի վրա: Նույնիսկ վստահ էի, որ վավերագրական կինոն ինձ չի կարող հետաքրքրել: Բայց ժամանակի ընթացքում պարզվեց, որ այն շատ հետաքրքրական ժանր է և ճիշտ օգտագործելու դեպքում կարող է նաև իմը դառնալ: Այս մտքերով էլ, որպես Լիբանանը ներկայացնող երիտասարդ կինոռեժիսոր, փոխանակման ծրագրով մեկնեցի Դանիա: Այդ ծրագրի ուսուցման առանցքը եղավ այն, որ մեկընդմիշտ հասկանալի ու զգալի դարձրեց վավերագրական կինոյում անձնական հետաքրքրվածության և ներկայացրածի հանդեպ սեփական հուզումների կարևորությունը: Արդյունքը եղավ «Փոքր քարեր» ֆիլմը, որը, ի տարբերություն այլոց, ինքս ավելի արտահայտչաձևի փնտրտուք եմ համարում, քան ֆիլմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ