Ինչպե՞ս են խաբել Արտո Թունչբոյաջյանին


01:47 , 17 դեկտեմբեր, 2013

Hetq.am-ը գրում է.

«Այստեղ (սրճարանում- հեղ.) նստածներից 10-ից 7-ը երևի ճանաչում են Արտո Թունչբոյաջյանին, բայց ես Հայաստանում ապրելու մի սենյակ չունեմ (Արտոն Մարտունու Զոլաքար գյուղում ավելի քան 10 տարի առաջ հողատարածք է գնել՝ տուն կառուցելու համար: Նրա բնորոշմամբ՝ «լավ» մարդիկ փող են ուզել տուն կառուցելու համար: Ինքը 17.000 դոլար է տվել, 6-7.000 դոլար էլ ընկերը՝ «Նարեկացի» միության նախագահ Նարեկ Հարթունյանն է տվել, բայց երկուսին էլ խաբել են- հեղ.): Զզվել եմ արդեն: Երբ գալիս եմ՝ սրա վարձը, նրա վարձը, էս հյուրանոց, էն հյուրանոց, մենակ ե՞ս եմ էստեղ ապուշը, որ ընտանիքս փչացրի, թողեցի, եկա էստեղ, բաժանվեցի կնոջիցս, երեխաներիս թողեցի, թոռնիկիս թողեցի»:

Սա այս տարվա հոկտեմբերին «Armenian Navy Bend»-ի ղեկավար Արտո Թունչբոյաջյանի հարցազրույցի խոսքերից են: Հարցազրույցն ավարտելուց հետո մի տեսակ լռություն իջավ՝ մռայլության հասնող: Սրճարանից դուրս եկանք: Արտոն իր պրոդյուսերի հետ էր, շտապում էր: Ասաց, որ հաջորդ օրը մեկնելու է: Աբովյան փողոցում մի քանի մետր քայլեցինք: Երևանյան պաղ երեկո էր: Արտոն տխուր էր երևում: Ճանապարհին կիսակառույց տան մասին պատմությունը կիսատ մնաց: Միայն վերջերս մեզ հաջողվեց խոսել Արտոյի հետ, ով հիմա ԱՄՆ-ում է: 

Ինչո՞ւ Արտոն տուն չունի Հայաստանում

Արտոյի պատմելով՝ մոտ 10 տարի առաջ ինքը և իր ընկերը՝ այն ժամանակ «Ավանգարդ ֆոլկ» ակումբի տնօրեն Արայիկ Տոնոյանը, Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում հողատարածք էին գնել՝ 2,5 հա, որից 1,25 հա Արտոյինն էր (Արտոն նշեց, որ Արայիկ Տոնոյանը Զոլաքար գյուղից է): Արտոն այդտեղ տուն կառուցելու համար «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանի առաջարկով դիմել է Սևակ Արզարունուն, ով այդ ժամանակ շինարարարական նախագծեր էր իրականացնում Հարթունյանների ընտանիքի համար: «Նարեկն ասաց, որ մենք այդ բաները կանենք, դուն մի մտածիր, որովհետև Սևակն էդպիսի բաներ է անում: Ես ասացի՝ օքեյ: 17.000 դոլար տվինք, հետո սկսին սարքել»,- ասաց Արտոն: Նրա խոսքով՝ 17.000 դոլարով պետք է ավարտվեր տան կառուցումը, պատուհանների տեղադրումը: Սակայն տան կառուցման առաջին փուլում Արտոն նկատել էր շինարարական սխալներ: «Հիմքը սխալ արել էին: Խաբելու ձևով գործեր արել էին, հասկըցա՞ք»,- բացատրում է Արտոն:

Երաժշտի ասելով՝ տունը կառուցում էին այնպիսի կետում, որը հարթության վրա չէր, ինչի հետևանքով վերևից եկող ջրերը հեշտությամբ կարող էին լցվել իր տուն: Երբ իր դժգոհությունների մասին հայտնել էր Սևակին, վերջինս պատասխանել էր, թե իրենք լավություն են անում Արտոյի համար, իսկ ինքն այդ ձևով է շնորհակալություն հայտնում իրեն: «Կամաց-կամաց հասկըցա, թե էդ մարդն ով է»,- ասաց Արտոն: «Ես Նարեկին ասում էի, որ էդ մարդն իմ դուրը չի գալիս: Ինքն ասում էր, որ, օ՜, իմ ընկերն է... Սենց, սենց, սենց...»,- շարունակում է նա:

Իսկ Սևակին նա հանդիպել է Հարթունյանների գրասենյակում: «Ինքը Նարեկի պապայի գործի տեղն էր աշխատում: Էնտեղ տեսա: Նարեկն ասաց, որ փող կտա շարունակելու համար, որովհետև ամեն ինչ արդեն երևում էր»,- նկատեց Արտոն: Ըստ Արտոյին՝ ինքը հստակ չի կարող հիշել հիմա, բայց Նարեկը 6-7 հազար դոլար էր տվել շինարարության համար: Արտոն նկատեց նաև, որ Սևակի պատճառով Նարեկը հիմա դատի մեջ է, և պիտի ուշադիր ստուգեր այդպիսի մարդկանց:

Հարցին, թե, ըստ նրան, ինչ կատարվեց, ինչու շինարարությունն այդքան դանդաղեց, երաժիշտը պատասխանեց. «Էդ մարդոց մտքերը տենց են: Կարող ա՝ իրենք կարծում են, թե ես շատ հարուստ մարդ եմ, իսկ հարուստ մարդկանց դուդուկով, «Դլե յաման»-ով, կոնյակով խաբում են, մարդերը ոգևորվում են, հայրենիք են գալիս, կկարծեն, թե ես ալ էդ տիպի մարդ եմ, բայց ես Մայքլ Ջեքսոնը չեմ, հասկըցա՞ր, միանգամից բանկային հաշիվ տամ: Իրենց համար կարևոր չէ՝ 5 դոլար, թե 5 միլիոն դոլար: Ոնց հնարավորություն գտնում են, այդ ձևով ապրում են»:

Արտոյի տունը մնացել է կիսակառույց: Այն երկու հարկից է: Արտոյի խոսքով՝ իր նպատակը արվեստագետների համար հավաքատեղի կառուցելն էր, որտեղ կանցկացվեին փառատոններ, երիտասարդները կհավաքվեին: «Տունս չպիտի տանեմ, բայց մի բան էլ կարամ թողնեմ: Ատոր համար մեկ-մեկ տենց անկապ-անկապ բաներուն ուշադիր պետք է լինենք: Հնարավորություն տալիս են մինակ էդ մոմենտի, էդ գրպանի համար, բայց մեկ-մեկ լեն ու երկար պատկերացնենք կյանքը, ճիշտ մարդուն ճիշտ հնարավորություն տանք»,- ասում է Արտոն, ապա ավելացնում, որ «էդ տիպի խաղերից հոգնել է ու հասկացել է, որ դրանք նավթալին խաղեր են»:

Հարցին, թե արդյոք տան համար ծախսած 17.000 դոլարը վերադարձրել են իրեն, նա պատասխանեց. «Չէ, ո՞վ պիտի վերադարձներ: Մինակ էդ 17.000 դոլարը չէր, էլի տվեցի: Վերջում մոտ 28.000 դոլար էր ծախսվել: Էդ տիպի գումար էր ծախսվել»:

Արտոն կատակեց՝ ասելով՝ եթե ժողովրդից ամեն մեկը մի քար բերեր իր տան համար, հիմա շինարարությունն ավարտած կլիներ: Իսկ շինարարությունը շարունակելու համար հնարավարություններ առայժմ չունի: «Մտածում էի՝ ընտանիքով տեղափոխվեի, գոնե վեց ամիս այստեղ ապրեի, բայց երբ հավեսդ կորում է, հետո ուզում են ոսկի տան, ոչ մի բան չի դառնա»,- հավելեց նա:

Նարեկ Հարթունյանը՝ Արտոյին «քցելու» մասին

«Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանն ասաց, որ  իրենց մտերմությունն այնքան էր Արտոյի հետ, որ կիսվում էին ամեն ինչով Հայաստանի մասին՝ հիմնված հայրենասիրական զգացողությունների վրա: «2003-04 թթ. էր: Այդ ժամանակ «Նարեկացի» արվեստի միության և Քնարավանի շինարարության պահերն էին: Երբ ինքը ցանկություն հայտնեց, որ ինքն էլ կուզենա իր տունը, օջախն ունենա հայրենի հողի վրա, ասացի՝ վայ, ես շատ մոտիկ մարդ ունեմ՝ Սևակ Արզարունին: Մինչև 2010 թ. ես գոհ էի, միամտորեն վստահել էի Սևակին: Ինքն էր ստանձնել Քնարավանի շինարարությունը: Եվ ասացի, որ Սևակ Արզարունի անունով անձնավորություն կա, ինքը կարող է այս ամեն ինչով օժանդակել, ես էլ կմասնակցեմ, ինչքան կարող եմ»,- ասում է Նարեկը: Նրա ասելով՝ Արտոն տեղյակ չէ, որ ինքն ավելի շատ գումար է տրամադրել այդ գործի համար, քանի որ իր համար էականն այն էր, որ Արտոն տուն ունենար:

Սևակի հետ պայմանավորվածության ժամանակ հստակեցվել էր, որ տունը պատրաստ կլիներ 2 տարի հետ, մինչդեռ շինարարությունն անընդհատ ձգձվում էր: «Ամեն անգամ հեքիաթ էր պատմում, էս է եղել, էն է եղել: Ցավոք, այդ ժամանակ ես հավատում էի: Ասում էի՝ ի՞նչ է պետք, այսքան տամ, լուծեք, թող առաջ գնա, լուծվի խնդիրը»,- ասաց նա:

Նարեկի խոսքով՝ Արտոն իրեն ասում էր, որ Սևակն անպարկեշտ է, բայց ինքը չէր հավատում դրան: «Մինչև 2010 թ. չէի էլ հավատում, որ Սևակը կարող էր «քցել» ինձ: 2010-ին նոր հասկացա, երբ ինքը 5 ախրաննիկներով մտավ հորս հիմնարկի օֆիսը, ջարդեց-փշրեց ու սպառնաց իմ կյանքին: Այդ ժամանակ եմ ես արթնացել»,- ընդգծեց Նարեկը:

Մեր հարցին, թե ինչպես ավարտվեց Արտոյի տան պատմությունը, նա պատասխանեց. «Մարդը նեղացավ, ուղղակի սիրտը կոտրված մնաց, որ ինքը ի վերջո տուն չունեցավ, և իրեն խաբեցին ու «քցեցին»: Շատ վատ պատմություն է, բայց երբ մարդու մեջ չարություն կա, ինքն իր էությամբ մի բան է անում՝ մտածելով ոչ թե դիմացինի, այլ իր սեփական ջեբի մասին, ինքն ընդհանրապես շատ մարդկանց արտացոլանքն է մեր երկրում: Տեսնում ենք՝ ի՞նչ է կատարվում մեր երկրում: Ինքն ուղղակի միացել է այդ աֆերիստ մարդկանց: Ցավոք սրտի: Հայրենակիցը հայրենակցին, մանավանդ Արտոյի նման մարդուն, որ եկել է և ուզում էր իր փոքրիկ անկյունն ունենալ հայրենիքում, որն ամենուն առջև բաց էր լինելու, եթե կայանար: Սրբապղծությունն էր այն աղավաղելը: Բայց Սևակը կարողացավ անել դա: Աստված իր հետ»,- նշում է Նարեկը:

Մենք փորձեցինք խոսել նաև Սևակ Արզարունու հետ, ում, հեռախոսը, սակայն, անհասանելի էր:

«Արտո, փաստորեն, այդպես էլ տուն չունեք Հայաստանում»,- դիմեցի Արտոյին: «Ֆիզիկական տուն չունեմ, բայց հոգեկան մոտավորապես բոլոր տներն ալ իմս են»,- պատասխանեց նա՝ նշելով, որ գուցե մի օր ինքն էլ կունենա իր սեփական անկյունը Հայաստանում: Արտոն վերջում հավելեց, որ եթե հնարավորություն ունենա, ավարտին կհասցնի կիսակառույց տան շինարարությունը: